Չարլզ Բուքովսկի
ճգնաժամ
չափազանց շատ
չափազանց քիչ
չափազանց գեր
չափազանց նիհար
կամ ոչ ոք:
ծիծաղ կամ
արցունքներ
ատողներ
սիրողներ
oտարականներ որոնց
դեմքերն ասես
սևեռագամի կռնակ լինեն:
արյան փողոցով
վազող բանակներ
որոնք գինու շշեր են թափահարում
սվինահարում ու բռնաբարում
կույսերին:
կամ մի տարեց՝ էժան սենյակում
Մ. Մոնրոյի լուսանկարի հետ:
էնքան մեծ մենակություն կա էս աշխարհում
որ կարելի է այն տեսնել ժամացույցի սլաքների
դանդաղ շարժման մեջ:
մարդիկ էնքան հոգնած են
հաշմված
կամ սիրուց կամ սիրո բացակայությունից:
պարզապես մարդիկ բարի չեն միմյանց նկատմամբ:
մեկը մեկին:
հարուստները բարի չեն հարուստների հանդեպ
աղքատները բարի չեն աղքատների հանդեպ:
վախենում ենք:
մեր կրթական համակարգն ասում է մեզ,
որ բոլորս կարող ենք
հաստաքամակ հաղթողներ լինել:
նա մեզ չի զգուշացրել
ողորմելի կյանքի
կամ ինքնասպանությունների մասին:
կամ մի անձին պատող սարսափը
մի վայրում տառապելիս
մեն-մենակ
ոչ հպում
ոչ բառ
միայն՝ ջրել բույսը:
մարդիկ բարի չեն միմյանց հանդեպ:
մարդիկ բարի չեն միմյանց հանդեպ:
մարդիկ բարի չեն միմյանց հանդեպ:
երևի երբեք էլ չեն լինի:
չեմ էլ խնդրում որ լինեն:
բայց մեկ-մեկ մտածում եմ էդ
մասին:
կլինի այն ինչ կլինի
ամպերը կկուտակվեն
մարդասպանը կգլխատի մանկանը
պաղպաղակի կոնը կծելու պես:
չափազանց շատ
չափազանց քիչ
չափազանց գեր
չափազանց նիհար
կամ ոչ ոք:
ավելի շատ ատողներ քան սիրողներ:
մարդիկ բարի չեն միմյանց հանդեպ:
եթե լինեին գուցե
մեր մահերը չլինեին էսքան տխուր:
ես նայում եմ աղջնակներին
ցողուններին
պատահական ծաղիկներին.
ինչ-որ ելք է պետք:
հաստատ մի ելք է պետք որը մեր մտքով
դեռ չի անցել:
ո՞վ գլխիս մեջ դրեց էս ուղեղը:
այն գոռում է
պահանջում է
այն ասում է՝ դեռ կա փրկություն:
այն չի ուզում ասել
«ոչ»:
սիրային բանաստեղծություն
բոլոր կանայք
նրանց համբույրներն ու
սիրելու խոսելու ցանկանալու
տարբեր եղանակները:
նրանց ականջները, բոլորն ունեն
ականջներ
կոկորդ զգեստ
կոշիկ
ավտո ու նախկին
ամուսին:
հիմնականում կանայք շատ
ջերմ են, ինձ հիշեցնում են
բոված հաց ու կարագ
կարագը՝
ներծծված:
մի տեսակ են
նայում. նրանց վերցրել են
նրանց հիմարացրել
են: չգիտեմ ինչ անեմ
նրանց
համար:
ես
լավ խոհարար եմ, գիտեմ
լսել
բայց երբեք չսովորեցի
պարել. էն ժամանակ ավելի
մեծ բաներով էի զբաղված:
բայց սիրով վայելել եմ նրանց տարբեր
անկողինները
միասին ծխել
նայել
առաստաղին: ոչ քինոտ եմ եղել ոչ
անարդար. ընդամենը՝
աշակերտ:
գիտեմ որ բոլորն ունեն
ոտքեր, ոտաբոբիկ քայլում են սենյակում իսկ ես
նայում եմ նրանց ամաչկոտ հետույքներին
մթության մեջ: գիտեմ որ հավանում են ինձ, ոմանք նույնիսկ
սիրում են
բայց ես քչերին եմ
սիրում:
ոմանք ինձ նարինջ են տալիս ու վիտամինի հաբեր
ոմանք հանգիստ խոսում են
մանկության, հայրերի ու բնապատկերների
մասին. ոմանք համարյա
գիժ են բայց ոչ մեկը անիմաստ չէ.
ոմանք գիտեն
սիրել, ոմանք՝ էնքան էլ
չէ. անկողնում լավագույնները միշտ չէ որ
լավ են
այլուր. ամեն մեկն իր սահմաններն ունի ինչպես ես ունեմ
իմ սահմանները ու մենք
շատ շուտ ենք իրար
սովորում:
բոլոր կանայք, բոլոր
իմ կանայք, բոլոր
մահճակալները
կարպետները
լուսանկարները
վարագույրները ոնց որ
եկեղեցի լինեն մենակ թե
մեկ-մեկ նաև
ծիծաղում ենք:
էդ ականջները, էդ
ձեռքերը, էդ
արմունկները, էդ նայող
աչքերը, սիրահարվածությունը
ու ցանկությունը որ պահել է
ինձ պահել է
ինձ:
ծերուկս
16 տարեկանում
դեպրեսիայի տարիներին
տուն էի գալիս հարբած
ու բոլոր շորերս -
շալվար, վերնաշապիկ, գուլպա -
ճամպրուկս, կարճ պատմվածքներիս
էջերը
շպրտած էի գտնում բակով
ու փողոցով
մեկ:
մայրս սպասելիս էր լինում
ծառի հետևում.
«Հենրի, Հենրի, ներս
չգնաս... կսպանի
քեզ. կարդացել է
պատմվածքներդ»
«Կարամ դրա
կաշին քերթեմ...»
«Հենրի, խնդրում եմ,
վերցրու սա... գնա
մի սենյակ վարձի»:
բայց ծերուկս վախենում էր
որ չեմ ավարտի
միջնակարգը
ու ես տուն էի
վերադառնում:
մի իրիկուն նա մտավ իմ սենյակը
ինչ-որ պատմվածքի
էջերը ձեռքին
(երբեք գրածներս նրան
չէի տալիս կարդալու)
ու ասաց. «էս մեկը
հրաշալի պատմվածք է»:
«էղավ»,- ասի.
ինձ տվեց պատմվածքը
ու սկսեցի կարդալ:
ինչ-որ պատմություն էր
մի հարուստ մարդու մասին
որ կռվել էր իր
կնկա հետ,
գիշերով դուրս էր եկել
մի գավաթ սուրճ խմելու,
իր համար զննել էր
մատուցողուհուն, գդալները,
պատառաքաղները,
աղամանն ու պղպեղամանը,
լուսամուտի
նեոնային ցուցանակը,
հետո վերադարձել էր
իր ձիանոցը
հպվելու իր
սիրած ձիուն
որը քացի էր տվել
սրա գլխին
ու էդպես սպանել:
ինչ-որ տեղ նա
իմաստ էր գտել
պատմվածքի մեջ
թեև
գրելիս
գաղափար անգամ չունեի
թե ինչի մասին եմ
գրում:
ու ասի նրան.
«էղավ, ծերուկ, քեզ եմ տալիս»:
վերցրեց էջերը,
դուրս եկավ
ու ծածկեց դուռը:
դրանից ավելի մոտ
մենք իրար
երբևէ չեղանք
սրանց ուզածը
Վալյեխոն գրում էր մենության
մասին՝ սովից
մեռնելով.
Վան Գոգի ականջը մերժեց
մի պոռնիկ.
Ռեմբոն փախավ Աֆրիկա
ոսկի որոնելու ու անբուժելի
սիֆիլիս կպնելու համար.
Բեթհովենը խլացավ.
Փաունդին փողոցներով էին տանում
վանդակի մեջ.
Չեթրթընը մկնդեղ ընդունեց.
Հեմինգուեյի ուղեղը թափվեց
նարնջի հյութի մեջ.
Պասկալը փրթեց երակները
լոգարանում.
Արտոյին փակեցին գժերի հետ.
Դոստոևսկիին պատին դեմ արին.
Քրեյնը նետվեց նավի պտուտակի մեջ.
Լորկային ճամփի մեջտեղում գնդակահարեցին
իսպանացի զինվորները.
Բերիմընն իրեն գցեց կամրջից.
Բըրոուզը կրակեց իր քրոջ վրա.
Մեյլըրն իր կնոջը դանակահարեց:
- էս է սրանց ուզածը.
մի անտեր շոու
գրական ազդագիր
դժոխքի մեջտեղում:
էս են ուզում սրանք՝
փառատոնների
սիրահարների
տափակ
անհոդաբաշխ
ապահով ու
սարսափելի
թայֆան:
դե իհարկե
ավելի վատ բաներ կան քան
մենակությունը
բայց երբեմն տասնամյակներ են պետք
սա հասկանալու համար
իսկ ամենից հաճախ
երբ հասկանում ես
շատ ուշ է լինում
ու չկա ավելի վատ բան
քան
շատ ուշը:
պատճառ և հետևանք
լավագույնները հաճախ իրենց ձեռքով են մեռնում
ազատվելու համար,
իսկ նրանք ովքեր մնում են
երբեք երբեք չեն հասկանա
թե ինչու ինչ-որ մեկը
պիտի
ուզեր
ազատվել
իրենցից:
իմ առաջին կապը հասուն կնոջ հետ
երբ հիմա հետ եմ նայում ու հիշում
թե ոնց էր էդ կինը չարաշահում
ինձ
սկսում եմ ամաչել որ էդքան
մաքուր էի,
բայց պիտի ասեմ
որ նա ինձ սազում էր բաժակն ընդ
բաժակ,
ու հասկացա որ նրա կյանքը
զգացմունքները
կամաց-կամաց
կործանվել էին
և որ ես ընդամենը մի
ժամանակավոր
ուղեկից էի.
տասը տարով ինձնից մեծ էր
ու մահացու վիրավորված անցյալից
ու ներկայից.
հետս վատ էր վարվում.
թողնել-գնալ, ուրիշ
տղամարդիկ.
անասելի
ցավ էր պատճառում,
գիշեր ու ցերեկ.
ստում էր, գողանում.
միշտ՝ թողնել-գնալ,
ուրիշ տղամարդիկ,
բայց մենք մեր լավ պահերն էլ ունեինք:
մեր օճառային օպերան պրծավ
երբ նա հիվանդանոցում
կոմայի մեջ ընկավ.
նստել էի նրա մահճակալի մոտ
ժամերով
խոսում էի հետը,
հետո նա բացեց աչքերը,
տեսավ ինձ,
«գիտեի որ դու կլինես»
ասավ,
հետո փակեց
աչքերը:
հաջորդ օրը նա
այլևս չկար:
դրանից հետո
մենակ խմեցի
երկու տարի:
Թարգմ.՝ Սամվել Մկրտչյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել