
Ճապոնական մշակույթի օրեր Հայաստանում
Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում ճապոնական իկեբանա ծաղկարվեստի և թեյախմության արարողության ցուցադրում և սումի-է գեղանկարչության վարպետության դաս է անցկացում: Այն իրականացնում է Ճապոնիայի դեսպանատունը հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի հետ միասին:
Այսօր ցուցադրության առաջին օրն էր: Բացումն ուղեկցվեց «Հանա» խմբի երգերով: Խումբը ներկայացավ ճապոնական երգերի կատարմամբ:
Այնուհետև սենսեյ Միդորի Յամադան ծանոթացրեց ճապոնական իկեբանայի գաղտնիքների հետ: Նախ խոսվեց մշակույթում դրա նշանակության մասին, այնուհետեւ սենսեյը սկսեց կազմել ծաղկային կոմպոզիցիաներ` բացատրելով, թե ինչի համար է պետք այս կամ այն գույնը, այս կամ այն բույսն իրար հետ համադրել:
Ճապոնացիները համարում են, որ իկեբանան (թարգմ. «ծաղիկներ, որոնք ապրում են») ծաղիկների բնական հատկությունները ի հայտ բերելուն, ցուցադրելուն օգնող արվեստ է: Իկեբանայի արվեստը հին ժամանակներում հիմնականում կենտրոնացած էր տաճարներում եւ մենաստաններում: Դրանով զբաղվում էին վանահայրերը, իսկ պալատներում` ֆեոդալների ծառաները: Վարպետների հայտնի դինաստիայի հիմքը դրել է հոգեւորական Իկենոբո Սենկեյը: Մի անգամ կառավարչի խնդրանքով նա ոսկե ծաղկամանի մեջ պատրաստում է բույսերի կոմպոզիցիա: Նրա վարպետությունը սենսացիա է առաջացնում:
Աստիճանաբար իկեբանայի հոգեւոր բովանդակությունը վերածվում է աշխարհիկի եւ ընկալվում է իբրեւ զուտ գեղագիտություն: Այնուհետեւ Ասիկագա Յոսիմիցուն կազմակերպում է ծաղկարվեստի մրցումներ, որից հետո նրա տունն անվանում են «ծաղիկների տուն»: Այս ոլորտում կանայք նույնպես ուշ են հայտնվել: Ճապոնական իկեբանան ունի բազում տեսակներ, որոնք ուսումնասիրելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ:
Ցուցադրությունը կշարունակվի ևս երկու օր՝ մինչև մարտի 3-ը: Հաջորդ երկու օրերին տեղի կունենա թեյախմության արարողություն և «սումի-է»-ի վարպետության դաս:
Արեւ Մելքոնյան
Մեկնաբանել