Նռնաձորում ապրելու համար կամք է հարկավոր
Նռնաձորցիները եւ՛ սահման են պահում, եւ՛ հաղթահարում ամենօրյա ու տարիներով կուտակված խնդիրները։ Գյուղի հիմնախնդիրները լուծելու համար հսկայական ֆինանսական միջոցներ, ժամանակ ու կամք է պետք։
Գյուղի հիմնական հարստությունը նուռն է։ Տարիներ առաջ, երբ գյուղում ոռոգման ջուր չկար, ու նռան այգիները չորանում էին, առաջին բնակիչներից շատերը լքեցին Նռնաձորը։ Գետաշենից բռնագաղթած Սվետա Աբրահամյանը գյուղի առաջին բնակիչներից է ու ամենաձեռներեցներից մեկը։ Երբ հաստատվեց Նռնաձորում, գյուղում ընդամենը 11 ընտանիք էր բնակվում։ Սվետան ասում է, որ այստեղ իր երկրորդ հայրենիքը գտավ ու ոչ մի տեղ չի գնա։ Նա առաջինն է հասկացել, որ նռան այգիները կարելի է մշակել, նուռը վաճառել ու դրանով ապրել։
«Երբ մենք՝ առաջին բնակիչներս, եկանք Նռնաձոր, մերկ էինք: Ոմանք չհամակերպվեցին ու հեռացան, բայց մենք աշխատասեր ենք, այգիները վերցրինք, նուռը մշակեցինք, վաճառեցինք, փող սարքեցինք։ Երբ մարդիկ ասում են, թե գետաշենցիները հարուստ են, ես պատասխանում եմ` գետաշենցիներն ընդամենը աշխատասեր են»,- առավոտ կանուխ սուրճ պատրաստելով` իր ֆինանսական աղբյուրներն էր մեզ «բացահայտում» տիկին Սվետան։
Գյուղում ոռոգման ջրի խնդիր արդեն չունեն, բայց խմելու ջրի հարցը լուծում չի ստանում: Նռնաձորի համայնքապետ Մկրտիչ Մկրտչյանը պատմում է, որ անցյալ տարի Մեղրուց հսկա տարաներով ջուր են բերել գյուղ։ Սակայն գյուղի զարգացմանը խոչընդոտող հիմնական խնդիրը ճանապարհն են համարում։ Այդ ճանապարհով մեկ անգամ գնացողը երկրորդ անգամ Նռնաձոր գնալուց առաջ մի լավ մտածում է։ Այստեղ հիմա Մեղրի քաղաքի հետ գործերն ավելի արագ կարգավորում են բջջային հեռախոսակապով։ Գյուղում մարդիկ կան, որ տարիներով քաղաքի երես չեն տեսել։ «Եթե անգամ շտապ է պետք, էլի չենք կարողանում գնալ, երբ Մեղրուց տաքսի ենք կանչում, 9500 դրամով տանում է, 9500 դրամով էլ հետ բերում, էդքան որտեղի՞ց տանք տաքսուն»,- ասում է նռնաձորցի Աշոտ Նալբանդյանը։ Նա արդեն մեկ տարուց ավելի է Մեղրի չի գնացել։ «Վերջերս գյուղում մեկին օձը կծել էր, մինչեւ տաքսի կանչեինք, մինչեւ հաղթահարեր էս ճանապարհը, մարդը կմեռներ: Համայնքապետարանին վերջերս տրամադրած մեքենան վերցրել ենք ու դրանով քաղաք հասցրել, էսպիսի վիճակներում շփոթվում ենք, չգիտենք` ի՞նչ անել»,- պատմում է մեկ ուրիշ համագյուղացի։
Նռնաձորի համայնքապետի ասելով` 2008 թ. պետական բյուջեի հաշվին պետք է նորոգվի Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհահատվածը։ 16,5 կմ երկարությամբ ճանապարհ նորոգելու համար 3,5 մլրդ դրամ կծախսվի։ «Մեր գյուղի եւ քաղաքի միջեւ արդեն անջրպետ կա, շատ ուշադիր պետք է լինել այս գյուղի նկատմամբ։ Նռնաձորը Հայաստանի հարավային սահմանի առաջին գյուղն է, մենք սահման ենք պահում»,- ասում է համայնքապետը։
Նռնաձորի բնակիչների 40 %-ը Կիրովաբադից ու Գետաշենից բռնագաղթածներ են, մյուսները Հայաստանի տարբեր շրջաններից են եկել։ Գյուղացիներն իրենք իրենց կատակով հավաքական ընտանիք են անվանում։ «Մարդիկ ապրում են հաշտ ու համերաշխ, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ նրանք կապվեն հողին»,- ասում է համայնքապետը։ Սակայն իններորդ դասարանցի Աստղիկ Խաչատրյանն արդեն մտածում է գյուղից հեռանալու մասին, ընկերներից շատերը քաղաք են գնացել` սովորելու ու էլ գյուղ չեն վերադառնա։ Հիմա աշխատում է լավ սովորել, որ քաղաքում սովորելու ու մնալու հնարավորությունը մեծ լինի։ «Տեսնում եմ կողքինս գնում է քաղաք, սովորում, մի նպատակի հասնում, ես էլ եմ ուզում գնալ։ Ես լավ ձայն ունեմ, բայց գյուղում որտե՞ղ երգել սովորեմ, էստեղ ջահելի տեղ չի»,- սրտնեղած պատմում է Աստղիկը։ Նա ամառային արձակուրդին ոչ մի տեղ չի գնացել. ո՛չ ծնողները գումար ունեն, ո՛չ էլ բարեկամ ունեն քաղաքում։ Աստղիկը մայրիկի հետ ամռանը աշխատել է գյուղի դպրոցում։ «Դպրոցի նոր շենքը կառուցող բանվորների համար մայրիկս ճաշ էր պատրաստում ամբողջ ամռանը, ես էլ ափսեներն էի լվանում»,- պատմում է Աստղիկը։
Նռնաձորի 2007 թ. բյուջեն կազմել է 523.000 դրամ, որը գոյացել է հողի վարձավճարներից ու երկու մեքենայի գույքահարկից։ Գյուղում արդեն երկու խանութ կա։ Դրանք էլ են շուտով հարկման դաշտ կմտնեն եւ կհամալրեն բյուջեն։ Գյուղի խանութում ամեն ինչ չէ, որ վաճառում են, հիմնականում սննդամթերք են բերում: Հագուստն ու անհրաժեշտ այլ պարագաները գյուղացիները պետք է քաղաքից գնեն։ Նռնաձորը զարգանալու հնարավորություններ շատ ունի, բայց չի կարողանում օգտագործել դրանք։ «Գյուղի զարգացմանը խանգարում է նաեւ այն հանգամանքը, որ մեր ամենալավ, բերրի հողերը պետական սեփականություն են, եւ ոչ` համայնքային»,- ասում է Մկրտիչ Մկրտչյանը։
Նռնաձորցիներից 14-ը դպրոցում է աշխատում, երեքը` համայնքապետարանում, մյուսները կերակրվում են նռան այգիներից ստացված եկամտով, գյուղացիներից շատերն արդեն մտածում են տները նորոգելու մասին։ Անցյալ տարի գյուղում 8000 նռնենի են տնկել:
Չնայած համայնքապետը հավաստիացնում է, որ գյուղը երիտասարդացել, աճող համայնք է դարձել, ավելացել է բազմազավակ ընտանիքների թիվը, բայց այս տարի Նռնաձորի դպրոցն ընդամենը 1 առաջին դասարանցի է ընդունել։ Նռնաձորի դպրոցն այս տարի է շահագործման հանձնվել, կառուցվել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ, համայնքի տասը տոկոս ներդրումը կատարել է «Վարդանանց ասպետներ» բարեգործական կազմակերպությունը։ Դպրոցում սովորում է 24 աշակերտ։ «Տարի է եղել,- պատմում է դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանը,- աշակերտների թիվը 32-ի է հասել»։ Կրթօջախի միակ առաջին դասարանցին կսովորի երկրորդ դասարանի միակ աշակերտի հետ։ Այսինքն` անցյալ տարի նույնպես դպրոցը մեկ առաջին դասարանցի է ընդունել։ Կրթօջախի տնօրենը հույսը եկող ուսումնական տարվա հետ է կապում։ Նրա ասելով` հաջորդ տարի առաջին դասարան կհաճախի 6 աշակերտ։
Առաջին եւ երկրորդ դասարանցի երկու աշակերտների հետ կաշխատի դպրոցի միակ դասվար Հասմիկ Կարզինյանը։ Նա բարձրագույն կրթություն չունի, բայց արդեն տասնհինգ տարի դասվար է աշխատում, հմտացել է իր գործում, մասնակցել վերապատրաստման բոլոր դասընթացներին։ Ասում է` տեղը հաճույքով կզիջի, եթե բարձրագույն կրթություն ունեցող մեկը ցանկանա Նռնաձոր գալ։ Ըստ նրա` մեկ աշակերտի հետ աշխատելը ե՛ւ հեշտ է, ե՛ւ դժվար: «Մեկ աշակերտի հետ շատ ես աշխատում, յուրացնում է գիտելիքը, բայց մրցակցելու ձգտումն է մարում նրա մեջ։ Մեկ աշակերտի հետ դասը հետաքրքիր չէ, խաղեր չենք կարողանում կազմակերպել»,- բացատրում է ուսուցչուհին։
Նռնաձորի դպրոցը վերջերս միջնակարգ են դարձրել, որ գյուղը լքողներ քիչ լինեն։ Դպրոցում 10 մանկավարժ է աշխատում, որոնցից յոթը բարձրագույն կրթություն ունեն։ Մեկ ուսուցիչն այստեղ մի քանի առարկա է դասավանդում։ «Ֆիզիկայի ուսուցիչն անգլերենի թեքումով դպրոց է ավարտել, նա նաեւ անգլերեն է պարապում, աստղագիտություն եւ այլն»,- տեղեկացրեց Սվետա Աբրահամյանը։
Չնայած հեռավոր եւ սահմանային գյուղին բնորոշ խնդիրներին` նռնաձորցիները շարունակում են պայքարել ապրելու համար։ Հայի սովորության համաձայն` հաղթահարում են ամեն մի դժվարություն, որ, օրինակ, իրենց երեխան սեպտեմբերին դպրոց գնա նոր հագուստով եւ պակաս-պռատ ոչինչ չունենա։ «Դժվար ա, մենք շատ հեռու ենք, կտրված ամեն ինչից, բայց մենք էլ ենք հարմարվել, երեխաներն էլ»,- ասում է չորս երեխաների մայր Արեւիկ Պետրոսյանը։ Աշխարհից կտրված գյուղում բազում մտահոգություններ ունեցող մայրը հետեւում է իր երեխաների ուսմանը, ազնիվ ու հայրենասեր դաստիարակում նրանց։ Երկու տղաներին բանակ է ճանապարհել, երկուսը դեռ սովորում են դպրոցում։
Նռնաձորում տարվա այս եղանակին աշխուժություն չկա` նուռը դեռ չի հասել։ Հենց այդ ժամանակ են Հայաստանի տարբեր շրջաններից վաճառականները Նռնաձոր գալիս էժան նուռ գնելու կամ փոխանակելու համար։
Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Արմինե Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել