HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Մինչեւ ո՞ւր են հասնում Եվրոպայի սահմանները

Սկիզբ

Հայաստանի հարեւան երկրներում բախվում են գլոբալացման ընթացքին բնորոշ երկու միտումներ` եվրոպական ընդլայնումը` որպես առանձին երկրների միավորում տարածաշրջանային միության մեջ եւ, մյուս կողմից, տեղական տարբերությունների եւ ինքնությունների, մոռացված ավանդույթների զարթոնքը։

Ռուսաստանի հակազդեցությունն ավելի շատ նման է կայսերական անցյալի չհաղթահարված հավակնությունների վերակենդանացման փորձի, քան նոր պայմաններին հարիր ինքնության փնտրտուքի…

Ընդ որում` գլոբալացող աշխարհում կրոնի եւ կրոնական շարժումների ունեցած նշանակալի դերակատարությունը բնորոշ է ոչ միայն իսլամին։ Գլոբալացման ազդեցությունների տեղական արձագանքը եւ դիմադրության մշակութային ձեւերը, անխուսափելիորեն առնչված լինելով ավանդության հետ, հաճախ զետեղվում են հենց կրոնական, այդ թվում` քրիստոնեական, համատեքստում։

Այս առումով լավ օրինակ է Չիլիին նվիրված հետազոտությունը Փիթեր Բերգերի եւ Սեմյուել Հանթինգթոնի «Բազմաթիվ գլոբալացումներ. մշակութային բազմազանությունը ժամանակակից աշխարհում» (2002) գրքում։ Մի երկիր, որը հայտնի է իր տպավորիչ տնտեսական արդյունքներով, մասնավորապես այն բանի շնորհիվ, որ 1950-ականներից ի վեր Չիլիի մի քանի համալսարաններ սերտ կապեր են ունեցել Չիկագոյի համալսարանի հետ, եւ Չիկագոյում կրթություն ստացած բազմաթիվ մասնագետներ, վերադառնալով հայրենիք, բարձր պաշտոններ են զբաղեցրել կրթության եւ տնտեսության ոլորտներում։ Այդուհանդերձ, ինչպես նշվում է հետազոտության մեջ, տասնամյակների ընթացքում ձեւավորված Չիլիի գործարար վերնախավը սիրում է ոչ միայն գլոբալ աշխարհը, արդիականացումը, գերժամանակակից տեխնոլոգիաները, ճամփորդությունները եւ փողը, այլեւ կրոնը եւ ավանդական ընտանիքը։ Նրանք պահպանողական են բարոյականության հարցերում, բայց տնտեսության մեջ կողմնորոշված են դեպի ազատ շուկայի գաղափարախոսությունը։ Կրոնի մեջ մնալով ավանդական` նրանք ձգտում են նպաստել տեխնոլոգիաների զարգացմանը։ Արտաքուստ անհամատեղելի նախասիրությունների առկայությունը բացատրվում է նրանով, որ «գործարարը, ապրելով մշտական ռիսկի եւ անվստահության, չնախատեսված ճամփորդությունների, տեխնոլոգիական փոփոխությունների, անողոք մրցակցության եւ մշտապես փոփոխվող աշխատանքային միջավայրի պայմաններում, պետք է այս ամենի հակակշիռը գտնի կրոնական-բարոյական ոլորտում, որտեղ ոչինչ չի փոխվում, ամեն ինչ մնում է անփոփոխ»։ Այսինքն, ինչպես ամփոփվում է հետազոտության մեջ, «ավանդականության եւ պատմական ինքնության պահպանման համար մղվող պայքարին մասնակցում են նաեւ Լատինական Ամերիկայի գլոբալացված եւ մրցունակ գործարարները»։

Գլոբալացման տարածաշրջանային առանձնահատկությունները

Հայաստանում այսպիսի կրոնական ավանդություն, հասարակության կյանքում եկեղեցու նման դերակատարություն, հասկանալի պատճառներով, չկա։ Մեծ դժվարություն կա նաեւ ավանդական ինքնությունները եւ արժեքները վերագտնելու եւ նոր կերպարանքով կյանքի կոչելու հարցում։ Փիլիսոփա Բորիս Գրոյսը, օրինակ, պնդում է, որ արդիականացման խորհրդային ծրագրի իրականացման ընթացքում ջնջվել, անվերադարձ անհետացել են խորհրդային ազգերի մինչարդիական մշակույթներն ու մշակութային ինքնությունները։ Այս պնդման հետ կարելի է եւ չհամաձայնել, բայց անկարելի է չընդունել ազգային ինքնությունների ետխորհրդային ճգնաժամի եւ գլոբալացման ճնշումներին ընդդիմանալու մշակութային կարողությունների անբավարարության փաստը։ Գուցե ավելորդ չէ նկատել, որ Խորհրդային Միությունում սոցիալիստական հասարակության կառուցումը կարող է ընկալվել որպես գլոբալացման նախընթաց փուլ, երբ տեղի էր ունենում ազգերի եւ մշակույթների միատարրացում, բայց շատ ավելի արմատական ձեւերով ու հավակնություններով։

Այսինքն` հայ հասարակության եւ մշակույթի մերօրյա ճակատագրի համար վճռական գործոն է հենց խորհրդայնացման փորձառությունը։ 1990 թվականին հրապարակված, մշակութային գլոբալացման հարցերին նվիրված մի աշխատանքում Արջուն Ապպադուրային մասնավորապես ընդգծում է, որ գլոբալացումը կարող է լինել ոչ այնքան ամերիկականացում, որքան ճապոնականացում կորեացիների համար, հնդկականացում` շրիլանկացիների, վիետնամացում` կամբոջացիների, ռուսականացում Խորհրդային Հայաստանի համար եւ այլն։ Այժմ, Խորհրդային Միության փլուզումից մեկուկես տասնամյակ անց (երբ հետազոտողները միաբերան խոսում են Ռուսաստանի ամերիկականացման մասին), այս ենթադրությունը կարոտ է վերապահումների առնվազն Հայաստանի դեպքում։ Իհարկե, մեծ հաշվով, Հայաստանի ռուսականացման մասին պնդումը հիմա էլ անհիմն չէ, բայց, ի թիվս այլ վերապահումների, կարելի է առարկել, օրինակ, թե ռուսականացումը մի բան էր խորհրդային տարիներին եւ բոլորովին այլ բան` այսօր։

Հայաստանի համար կարեւոր «ռուսականացո՞ւմ, թե՞ եվրոպականացում» երկընտրանքին անդրադառնալուց առաջ օգտակար է համառոտ կերպով ծանոթանալ Թայվանի գլոբալացմանը նվիրված ուսումնասիրության եզրակացություններից մի քանիսին (դարձյալ վերը մեջբերված գրքից)։

Թայվանում, ինչպես նաեւ Հյուսիս-Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Ասիայի բազմաթիվ այլ երկրներում, մարդկանց կենսակերպի եւ զանգվածային մշակույթի ամերիկականացման եւ եվրոպականացման հետ միասին, հատկապես մեծ է ճապոնական ազդեցությունը, քանի որ այդ երկրներում ժամանակակից գլոբալ մշակույթի հետ ծանոթությունը տեղի է ունենում ճապոնական զանգվածային մշակույթի միջոցով. «Ճապոնացիները հարմարեցրել են ամերիկյան անուրջները տեղական պայմաններին եւ զանգվածային տեղեկատվամիջոցների օգնությամբ վերաուղղորդել դեպի Թայվան, եւ արդիական ճապոնական կենսափորձի այս պատկերը երիտասարդ թայվանցիների համար դարձել է արդիականացման եւ գլոբալացման լավագույն հանձնարարականը»։ Սրա հետ միասին տեղի է ունեցել մշակութային տեղայնացման եւ ադապտացման «վերափաթեթավորում», որի ընթացքում վերստին հայտնագործվել եւ կյանք են մտել բազմաթիվ տեղական մշակույթներ ու տեղական կենսակերպի ավանդական տարրեր։

Սկսած 1980-ականներից` Թայվանի հասարակության համար բնորոշ էր ժողովրդավարացման ընթացքը, «որի հետ միասին այստեղ սկսեց կազմավորվել եւ զարգանալ նոր պատկերացում ազգային ինքնության մասին» (մասնավորապես` Թայվանի «ապաչինականացման» տեսանկյունից), Թայվանի պատմության շարադրումը եւ վերաիմաստավորումը քաղաքական եւ ակադեմիական շրջանակներում եւ այլն։

Ընդունելով միջազգային զանգվածային տեղեկատվամիջոցների դերը Թայվանում նոր մտածողության տարածման գործում` այդուհանդերձ, ինչպես ընդգծվում է հետազոտության մեջ. «Արտասահմանյան գաղափարների մատակարարների դերը կատարեցին ինտելեկտուալները։ Այդ «ուղեղների հակառակ հոսքը» սկսվեց 1970-ականների վերջին եւ 1980-ականների սկզբին, երբ ամերիկյան համալսարաններում գիտական աստիճաններ ստացած ավելի ու ավելի շատ երիտասարդ, տաղանդավոր թայվանցիներ վերադառնում էին հայրենիք եւ աշխատանքի տեղավորվում։ Հենց նրանք էլ դարձան բազմաթիվ արեւմտյան եւ գլոբալ արժեքների փոխադրողներն ու տեղայնացնողները… Նրանք դասավանդում կամ գրում էին այդ նոր գաղափարների եւ նոր մտածողության մասին համալսարանական լսարաններում, թերթերում եւ ամսագրերում, թարգմանում էին բազմաթիվ դասական երկեր (փիլիսոփայություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, պատմություն, տնտեսագիտություն, քաղաքագիտություն եւ բիզնես)…»։ Այս արմատական փոփոխությունները նշանակում էին արվեստների, գրականության, կինոյի եւ երաժշտության, ինչպես նաեւ սոցիալական գիտությունների ժամանակակից դրսեւորումների տեղայնացում` յուրացում եւ զարգացում։ Այս ամենը խոսում է մասնավորապես մտավորականության` որպես ազդեցիկ սոցիալական ուժի մասին։

Մյուս կողմից` թայվանյան հասարակության փոխակերպման գործում այսօր էլ մեծ է տարատեսակ սոցիալական շարժումների դերը։ Շարժումներ, որոնց ակտիվիստներից շատերն արեւմտյան կրթություն ստացած մարդիկ են, եւ որոնց «օգնությամբ Թայվանը գլոբալացվում է` հասարակության գիտակցության վրա ազդելով արեւմտյան ծագում ունեցող, բայց տեղայնացման ենթարկված եւ ընդունելի դարձած գաղափարների եւ հասկացությունների միջոցով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter