HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Մինչեւ ո՞ւր են հասնում Եվրոպայի սահմանները

Սկիզբ

Հոդվածի առաջին մասում արդեն մի վերապահում արել եմ Փիթեր Բերգերի եւ Սեմյուել Հանթինգթոնի խմբագրությամբ լույս տեսած ժողովածուի հոդվածների ընդհանուր ուղղվածության վերաբերյալ։ Հեշտ է նկատել այդ ուսումնասիրությունների եւս մեկ ընդհանրություն` դրանք ավելի լավատեսական են եւ պակաս քննադատական, գլոբալացման ընթացքի մեջ ընդգծում են ավելի շուտ դրական միտումները եւ հաջողությունները, քան կորուստներն ու ձախողումները։

Այս վերապահմամբ հանդերձ` հետազոտությունների արդյունքներն ու եզրակացությունները հիմնականում թվում են հավաստի, հետաքրքրական են թե՛ որոշակի երկրում կամ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները հասկանալու, թե՛ համեմատական վերլուծության հնարավորություններ ընձեռելու իմաստով։ Այս վերջին դեպքում վճռական է այն հանգամանքը, որ հետազոտողները առաջնորդվել են նույն մեթոդաբանական սկզբունքներով, ունեցել մոտավորապես նույն հետազոտական խնդիրներն ու նպատակները։

Թայվանի` որպես ոչ արեւմտյան հասարակության վրա գլոբալացման ազդեցությունների ուսումնասիրությունը ի ցույց է դնում փոխակերպումների մի քանի տեսակ կամ ուղղություն, որոնք, թվում է, կարելի է համարել տիպական նոր իրադրության հրամայականներին համապատասխան վերակառուցվելու եւ գլոբալացող աշխարհում տեղ գտնելու հավակնություն ունեցող հասարակությունների համար։ Սակայն Հայաստանում դժվար է նշմարել հասարակության փոխակերպման այդ ազդակներից եւ հնարավորություններից որեւէ մեկը։ Անիմաստ է, օրինակ, ակնկալել արեւմուտքում կրթություն ստացած մարդկանց վերադարձ (հատկապես հասարակագիտական ասպարեզում նման մարդիկ պարզապես չկան), ինչ-ինչ սոցիալական շարժումների առաջացում կամ այլ ուժերի ձեւավորում, որոնք կտարածեին նոր գիտելիք եւ նոր մտածողություն եւ կնպաստեին հասարակության փոխակերպմանը։

Այսինքն` այս իմաստով հասկացված եվրոպականացումը շատ ավելի բնորոշ է Թայվանին, քան Հայաստանին` հակառակ վերջինիս պատմական, մշակութային եւ աշխարհագրական, իսկ վերջին տարիներին նաեւ քաղաքական մերձությանը Եվրոպային։ Ակներեւ է նաեւ, որ Թուրքիայում նույնպես կան եվրոպականացած խավեր, այդ թվում` համալսարանական շրջանակներում, ինչը չես ասի Հայաստանի մասին։ Այժմ Հայաստանը ոչ այնքան աշխարհագրորեն, որքան մշակութապես հեռու է Արեւմուտքից, սխալ չի լինի ասել` աշխարհից (որքանով աշխարհը գտնվում է որոշակի իմաստով հասկացված արեւմտականացման ընթացքի մեջ)։

Հայաստանը` Եվրոպայի լուսանցքում

Արդեն մի քանի տարի է, որ գործածվում է Եվրոպայի լուսանցք(ներ) արտահայտությունը, որի մեջ համատեղվում են աշխարհագրական, տնտեսական, քաղաքական եւ մշակութային նշանակություններ։ Սա մի տարասեռ, հարափոփոխ տարածք է, որի մաս են կազմում նաեւ մի խումբ նախկին խորհրդային հանրապետություններ։ Նրանցից մի քանիսն այս ընթացքում հասցրին դառնալ եվրոպական ընտանիքի նոր անդամներ, ուրիշները վերափոխվեցին «նոր հարեւանների»։ Կարեւոր է ընդգծել, որ դեպի Եվրոպա այս շարժումը, որպես կանոն, ներառում է ռուսական ազդեցությունից ազատվելու բացահայտ միտում։ Անհրաժեշտ է նաեւ ավելացնել, որ ընդլայնվող Եվրամիության իսկ ներսում առաջ են գալիս նոր անհավասարություններ, եթե կարելի է ասել` ներքին լուսանցքներ։ Ինչպես նկատում է մշակութային քննադատ Ս. Քուբիթը. «Նոր Եվրոպայում «մենք» բոլորս էլ եվրոպացի ենք, բայց արենայի կենտրոնը շարունակում են զբաղեցնել բացառապես հին եվրոպացիները»։

Վերջին տարիներին Հայաստանում հաճախ օգտագործվում են «ռուսամետ» եւ «արեւմտամետ» որակումները եւ ոչ միայն քաղաքական կամ կուսակցական գործիչների նկատմամբ։ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ զետեղելը հասկանալի եւ պատմականորեն հիմնավորված է նախկին ռուսական գաղութի եւ խորհրդային հանրապետության համար, որը, լինելով Եվրախորհրդի անդամ, գոնե արտաքուստ ձգտում է սերտացնել հարաբերությունները Եվրամիության հետ։

Ուրեմն, կարելի է այս իրողությունը ձեւակերպել գլոբալացման առավել հավանական ուղղության կամ եղանակի տեսանկյունից. Հայաստանի համար գլոբալացումը կլինի ռուսականացո՞ւմ, թե՞ եվրոպականացում` մտքի մեջ պահելով եւ այն հանգամանքը, որ արեւելահայության համար նույն բանը չեն եղել մինչխորհրդային ռուսական գաղութատիրությունը եւ խորհրդային իշխանությունը եւ որ առայժմ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպիսին կարող է լինել ետխորհրդային ռուսականացումը։
Բայց ինչու՞ խոսել այս երկու ուղղությունների մասին որպես փոխբացառող բաների։ Մի՞թե դա հենց երկընտրանք է, եւ հնարավոր չէ համատեղել ռուսականացումը եւ եվրոպականացումը։ Եթե, ինչպես հավատացնում են հետազոտողները, Թուրքիայում հնարավոր է համատեղել իսլամը եւ արեւմտյան արժեքները (իսլամը եւ ժողովրդավարությունը, իսլամը եւ շուկայական տնտեսությունը), եթե Թայվանում կարող են գոյակցել ճապոնականացման, եվրոպականացման եւ ամերիկականացման ընթացքները, ապա ինչու՞ նույնը չի կարող լինել այս դեպքում, ինչու՞ Հայաստանում ռուսականացումը եւ եվրոպականացումը ընկալվում են որպես իրարամերժ ընթացքներ։ Ակնհայտ պատասխանն այն է, որ Հայաստանի դեպքում այս երկընտրանքն առաջին հերթին քաղաքական ազդեցության հարց է, եւ ռուսականի ու եվրոպականի «կոմպլեմենտարությունը» գնալով ավելի անհավանական է դառնում։ Հիշենք, որ Թայվանում չէին փորձում եվրոպականացումը համատեղել չինականացման հետ, այլ, որքան ես հասկանում եմ, եվրոպականացումը (ճապոնականացումը, ամերիկականացումը) տեսնում էին հենց որպես Թայվանի ապաչինականացման եւ, ինչպես նշվում է հետազոտության մեջ, թայվանականացման եղանակ։

Եւ սա արդյունք է ոչ այնքան ներկա աշխարհաքաղաքական իրողությունների, որքան արեւելահայության երկդարյա ռուսական կողմնորոշման, որը վերաճել է գրեթե անհաղթահարելի մշակութային եւ աշխարհայացքային կաղապարների, դարձել ինքնաընկալման անքակտելի բաղադրիչ։ Ուստի, ավելի ուշադիր հայացքն ի հայտ է բերում այդ երկընտրանքի անիրական, մտացածին լինելը։ Ցավալի է, բայց փաստ, որ Հայաստանի ներկա իշխանությունների ջանքերով երկիրը վերստին հայտնվել է ընդգծված ռուսական ազդեցության դաշտում։ Բայց, ինչպես արդեն ասվեց, ռուսականացման ընթացիկ եղանակն առայժմ լիովին ձեւավորված-արտահայտված չէ։ Մինչխորհրդային եւ խորհրդային շրջանի հարաբերությունները չեն եղել միջպետական հարաբերություններ։

Մի բան է «հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», մի այլ բան` Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները։ Մյուս կողմից` քանի դեռ հայ-ռուսական եղբայրությունը չի ուսումնասիրվել եւ վերաշարադրվել որպես գաղութատիրական հարաբերությունների պատմություն, մեզ համար շատ դժվար կլինի պատշաճորեն ըմբռնել ներկա ռուսական գաղութատիրական նկրտումները եւ գտնել դիմադրության ձեւեր։

Ինչ վերաբերում է Եվրոպայի եւ ավելի ընդհանուր` Արեւմուտքի մասին Հայաստանում առկա պատկերացումներին, որոնց կարելի է վերագրել ինչ-որ հասարակական նշանակություն, դրանք խիստ աղոտ եւ կցկտուր են։ Ներկա Եվրոպան (Արեւմուտքը), մի քանի ստերեոտիպից անդին, ըստ էության անծանոթ է հայ հասարակությանը։ Ասենք, արեւմտյան երկրները հայկական գիտակցության մեջ կարող են տարբերակվել ըստ այն բանի` ճանաչե՞լ են, թե՞ ոչ, հայոց ցեղասպանությունը…

Ավելին, չափազանցություն չի լինի պնդել, որ արդիության դարաշրջանի Արեւմուտքը հայկական հասարակական գիտակցությանը հասանելի է դարձել հիմնականում ռուսական-խորհրդային միջնորդությամբ։ Մինչեւ հիմա էլ Արեւմուտքի` մեզ ծանոթ, մատչելի պատկերը կրում է «Պատրաստված է Ռուսաստանում» դրոշմը, եւ դժվար է հավատալ, թե Հայաստանը կկարողանա արագորեն ազատվել ռուսական ծուռ հայելու երկդարյա հմայությունից։ Ժամանակին արեւելահայության ռուսական կողմնորոշումը ոչ միայն այլընտրանք էր պարսկականի նկատմամբ, այլեւ արեւմտյան արդիականացման ընթացքին առնչվելու միակ հնարավորությունը։ Այսինքն` ռուսականացումը եւ խորհրդայնացումը մինչխորհրդային հայության եւ Խորհրդային Հայաստանի համար եղել է արդիականացման-արեւմտականացման մի տարբերակ։

Սա նշանակում է, որ «Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» հարցը հայության համար բավական բարդ եւ խճճված է։ Այս պայմաններում, երբ արեւմտյան կողմնորոշմանը կամ արեւմտականացման ձգտմանը (ոչ անպայման որպես արմատական այլընտրանք ռուսականացմանը, այլ գոնե որպես հնարավոր տարբերակ, որպես ռուսականը չափավորելու, հավասարակշռելու միջոց) օժանդակող շատ քիչ բան կա, ռուսականացումը կարող է թվալ միակ ընդունելի կողմնորոշումը, որն ամրապնդվում է պատմական փորձով եւ մշակութային ավանդությամբ, իսկ ավելի շատ` մտածողական անդրադարձից խուսափող մշակութային կաղապարներով եւ անսասան թվացող արժեքներով ու նախապատվություններով։ Ավելին, անկախության տարիներին աստիճանաբար անհետացան խորհրդային արդիականացման արդյունքներից շատերը, որոնք այսօր գուցե ինչ-որ կերպ կնպաստեին ավանդական արժեքների վերանայմանը, քննադատական ինքնաանդրադարձի ուղիներ գտնելուն, ի վերջո Հայաստանի արեւմտականացմանն ուղղված ջանքերին։

Լինել «թանգարան բաց երկնքի տակ» (խորհրդային տարիների «պատվաբեր» տիտղոսներից մեկը), «Ռուսաստանի ֆորպոստ», «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեսած ժողովուրդ», թե մեկ այլ բան` միեւնույն է, խոսքը մի կրավորական զանգվածի մասին է, որը որակումներ ու վերագրումներ է սպասում դրսից, եւ որի հիմնական զբաղմունքը պիտի լինի տեղական էկզոտիկությունը գլոբալ շուկա արտահանելու ձեւեր փնտրելը (որ ամոթխածորեն անվանվում է` «ներկայանալ աշխարհին»)։ Այլընտրանքը գլոբալացման ընթացքին ընդառաջ գնալն է, մի բառով ասած եւ առանց մանրամասների մեջ մտնելու` «արեւմտականացումը», որն առավելապես հիմնվում է գլոբալացման դարաշրջանին հարիր ապագայի տեսլական ունենալու եւ ըստ այդմ սեփական մշակույթն ու հասարակությունը վերակառուցելու կարողության վրա։

Համաձայն եմ, որ այս վերջին նախադասության պնդումը խիստ ընդհանուր է, եւ որ նույնիսկ այդ տեսքով այն ոչ մի կերպ չի համաձայնեցվում հայաստանյան ներկա իրողությունների հետ։ Այո, դժվար է հուսալ, որ Հայաստանում կարող է պատահել նման բեկում (մշակութային, հասարակական, մտավորական…)։ Ահա մի բնութագրական պատմություն այն մասին, թե որքան ձեւական, անհետեւողական եւ անարդյունավետ է Հայաստանի մասնակցությունը եվրոպական գործընթացներին, որոնք կարող էին դառնալ ազդեցիկ միջոցներ հասարակության փոխակերպման ճանապարհին։

Գիտենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ճանաչվել է Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերից մեկը, եւ ընդունված է համարել, որ միայն բարձր տեխնոլոգիաների եւ մասնավորապես տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումը եւ օգտագործումը կարող է Հայաստանը դարձնել մրցունակ երկիր գոնե հարավկովկասյան տարածաշրջանում։ Ակներեւ է, որ այս առումով եվրոպական համագործակցությունը խոստումնալի հեռանկարներ է բացում։ Միասնական Եվրոպայի ստեղծումը նաեւ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանը եւ տարածմանը նպաստող տարատեսակ, մեծածավալ ծրագրեր են, որոնք իրականացվում են սկսած 1990-ականների կեսից եւ գտնվում են համաեվրոպական զարգացումների կենտրոնում։ Եվրոպական հասարակությունը տեղեկատվական հասարակություն է ըստ սահմանման։

Դեռեւս չլինելով Եվրախորհրդի անդամ` տասը տարի առաջ (1997 թ.) Հայաստանն արդեն հրավիրված էր որպես դիտորդ մասնակցելու մեդիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար պատասխանատու նախարարների եվրոպական համաժողովին։ Բայց այսօր կարելի է արձանագրել, որ անցած տարիների ընթացքում պետական մակարդակով գրեթե ոչինչ չի արվել։

Խիստ «տպավորիչ» էր Հայաստանի մասնակցությունը Տեղեկատվական հասարակության կառուցման գլոբալ նախաձեռնության երկու փուլերին Ժնեւում (2003 թ.) եւ Թունիսում (2005 թ.). երկրի առաջին դեմքերի ղեկավարությամբ բազմամարդ պատվիրակություններ, գավառական հավակնոտությամբ տոգորված ելույթներ ու մեկնաբանություններ (խոսքը հատկապես Ժնեւում երկրի նախագահի ելույթի մասին է) Հայաստանի «մեծ պոտենցիալի» եւ նման բաների մասին… (Ժամանակին «Հետք»-ում անդրադարձել են Ժնեւի գագաթնաժողովին` վերլուծելով գլոբալ նախաձեռնության փաստաթղթերը։)
Ստորագրված փաստաթղթերի եւ ստանձնած պարտավորությունների մասին բոլորը մոռացել են։ Այդ օրերին եւ հետագայում հայաստանյան մամուլում հիմնականում լուսաբանվեց ոչ թե բուն նախաձեռնությունը, այլ ինչ-որ կողմնակի, անէական բաներ, ասենք` ոստկայքերի (վեբսայթերի) կամ CD-ների մրցույթները (որտեղ, հասկանալի է, Հայաստանի մի քանի ներկայացուցիչներ արժանացան մրցանակների)։ Բանից անտեղյակ մարդուն, որը ոչինչ չգիտի տեղեկատվական հասարակության մասին, կարող էր թվալ, թե այդ պատկառազդու պատվիրակություններն ամբողջ աշխարհից հավաքվել էին հենց այդ մրցույթների համար, որ տեղեկատվական հասարակություն ասելով հենց դա էլ հասկանում ենք։

Ահա այսպես։ Ոչ ավել, ոչ պակաս. CD-ների եւ ոստկայքերի մրցույթ Տեղեկատվական հասարակության գլոբալ նախաձեռնության ազգային ծրագրի փոխարեն։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Առայժմ հենց սա է հայոց գլոբալ հավակնությունների հորիզոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter