HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». ո՞վ է վճարում մարզպետի եղբոր ուսման համար

Գյուղապետերը հերքում են

«Առավոտի» տեղեկություններով՝ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի՝ Կառավարման ակադեմիայում սովորելու վարձը վճարվում է որոշ գյուղերի համայնքների բյուջեից։ Եվ բնավ պատճառն այն չէ, որ Նաիրին ընչազուրկ է. նա «Նարեկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, ըստ մամուլի հրապարակումների՝ պատրաստվում է 2012թ. ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում։

Ի դեպ, այստեղ վերստին ընտրվելու ակնկալիքներ ունի իրենց հակառակորդ Խաչիկ Մանուկյանը։

Մարզպետի մյուս եղբայրը՝ Խորենը, ադամանդի բիզնեսով է զբաղված Յակուտիայում եւ հաստատ կարող է հարկ եղած դեպքում վճարել Նաիրի Սահակյանի ուսման վարձը։ Ըստ «Առավոտի» աղբյուրի՝ մարզպետի եղբոր վարձը մեկ անգամ 300 հազար դրամի չափով վճարել է Արագածավանի գյուղապետ Անդրանիկ Պապիկյանը, մեկ անգամ էլ մոտ 400 հազար դրամ վճարել է Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը։

Երբ «Առավոտը» երկու գյուղապետերին զանգահեց, պարզելու` արդյոք գյուղապետարանի միջոցներից երբեւէ հովանավորե՞լ են ուսանողների, վճարել նրանց ուսման վարձերը, երկուսն էլ դրական պատասխան տվեցին:

Իսկ վճարե՞լ են երբեւէ Նաիրի Սահակյանի ուսման համար: Հարցը շփոթեցրեց հատկապես Պապիկյանին: «Գյուղապետարանը՝ ոչ»,- կմկմալով ասաց նա: Գուցե ի՞նքն է վճարել՝ հարցին էլ, լռելուց հետո, պատասխանեց. «Դա ուրիշ կարգի խնդիր է, որի պատասխանը ես… Չէ, տենց բան չի եղել… »:

Մեր հարցին՝ մի՞թե բավականացնում են համայնքի սուղ միջոցները, որ նման բարեսիրական քայլերի դիմեն, Գ. Խլղաթյանն էլ կարճ պատասխանեց, ասելով՝ հերիքացնում ենք: Իսկ Ն. Սահակյանի մասին նշեց, թե չի ճանաչում էդպիսի մարդու, իրենց մոտ նման մեկը չի բնակվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter