HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք էլ, ձեզ նման, ուզում ենք ապրել մեր հայրենիքում»

Ստալինի հրամանով լազերի, ինգուշների, չեչենների եւ մուսուլմանական հավատք ունեցող այլ ժողովուրդների հետ միասին, մեսխեթցիները եւս բռնի վերաբնակեցման ենթարկվեցին Միջին Ասիայում` «որպես թուրքական կողմնորոշում ունեցող անվստահելի ազգեր։ 1944 թվականի նոյեմբերի 14-ին ԽՍՀՄ ՊԱԿ-ի կարգադրությամբ ավելի քան 92 հազար մեսխեթցիներ բռնությամբ լցվեցին վագոնները…

Նրանք ապրում էին Վրաստանի հարավում` Սամցխե-Ջավախեթիայում։ Ադիգենի շրջանում մուսուլման-մեսխեթցիներն ապրում էին 30 գյուղերում, նրանք բավական խիտ բնակվում էին Ախալցխայի եւ Ասպինձայի շրջաններում, բայց բուն Ջավախեթիայում մուսուլման բնակչությամբ միայն երկու գյուղ կար։

Այսօրվա դրությամբ ԱՊՀ երկրներում եւ Թուրքիայում ապրում են 400-450 հազար մեսխեթցիներ։ Ժամանակին Ստալինի կողմից արտաքսված բոլոր ժողովուրդներից միայն մեսխեթցիներն են, որ մինչեւ այժմ պատմական հայրենիք վերադառնալու իրավունք չէին ստացել։ Մնացած բոլորը` ոմանք ավելի շուտ, ոմանք ավելի ուշ, արդեն վաղուց վերադարձել են հայրենիք։

1999 թ. դառնալով Եվրախորհրդի անդամ` Վրաստանը պարտավորվեց մեսխեթցիներին վերադարձնել պատմական հայրենիք։ Ըստ այդ պարտավորության` հայրենադարձության գործընթացը պետք է ավարտվի 2012 թվականին։

Սամցխե-Ջավախեթիայի բնակչության զգալի մասը հանդես է գալիս այդ հայրենադարձության դեմ։

«Թուրքերը բռնի ասիմիլացրել են մեր նախնիներին, բռնությամբ կրոնափոխ արել։ Եթե հրաժարվում էին նոր հավատ ընդունել, ապա նրանց ստիպում էին շինանյութերով լցված հարյուր կիլոգրամանոց պարկեր քարշ տալ Օրգորի գյուղից մինչեւ Ախալցխա։ Վրացին ստիպված էր հարսանիքում երգել թուրքական երգեր»,- պատմում է Ասպինձայի քաղաքապետարանի անդամ, ծնունդով չոբարեթցի (Չոբարեթի գյուղ - խմբ.) Ամիրան Ջվարիձեն։

1944 թվականին Ախալցխայի Ուդե գյուղից տեղահանվել է 242 հոգի։ Այս գյուղի բնակիչները մինչ օրս շատ լավ են հիշում մուսուլման-մեսխեթցիների հետ համատեղ կյանքի բոլոր չարչարանքները։

«Մեր շուրջն ապրում էին միմիայն թաթարներ (Վրաստանում հաճախ այդպես են անվանում բոլոր մուսուլմաններին - խմբ.): Մենք` վրացիներս, միայն երկու ընտանիք էինք։ Կինը չէր կարող մենակ դուրս գալ տնից, նրան կարող էին պարզապես բռնաբարել եւ սպանել։ Տղամարդկանց ոչ միայն մշտապես թալանում էին, խլում մթերքը, որը նրանք տուն էին տանում, այլեւ հաճախ թողնում առանց հագուստի»,- հիշում է Ուդե գյուղի 80-ամյա բնակիչ Պետրե Աղոշաշվիլին։

Նա կարծում է, որ երկրում տիրող ներկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի պատճառով հազիվ թե իրենք` մուսուլման-մեսխեթցիները, ցանկանան վերադառնալ Վրաստան։

«Անցյալ տարի այստեղ եկավ իմ հարեւան մուսուլման-մեսխեթցին, որն ինը երեխա ունի։ Ես հարցրի նրան` ցանկանո՞ւմ է վերադառնալ Վրաստան, եւ նա պատասխանեց, որ երբ նրանք ապրում էին Վրաստանում, նրա հայրը բրիգադիր էր, բայց, չնայած դրան, ընտանիքը սոված էր մնում։ Հիմա, նրա կարծիքով, Վրաստանում վիճակն ավելի լավ չէ, ուրեմն ինչի՞ համար վերադառնան»։

Բնակիչների պատմելով` Ախալցխայի շրջանի Մուսխի գյուղը կրակի են տվել չորս անգամ։ Այդպիսի ծանր հիշողություններ ունեցող գյուղը, որն ունի մոտ 300 ընտանիք, միաձայն դեմ է մեսխեթցիների վերադարձին։

«Նրանց ոչ ոք գյուղ չի թողնի։ Անհրաժեշտության դեպքում բանը կարող է հասնել ձեռնամարտի»,- հայտարարում է Մուսխի գյուղի բնակիչ Թեյմուրազ Իվանիձեն։

Իսկ Չոբարեթի գյուղի բնակչուհի Թամարա Գվիրջիշվիլին մուսուլման-մեսխեթցիների մասին հիշում է միայն ամենալավը. «Թաթարների հետ ապրելը մեզ համար սովորական բան էր։ Հաճախ մենք նրանց հետ նույնիսկ քավոր-սանահեր էինք դառնում։ Օրինակ` իմ մայրը հիշում էր, որ նախկինում, երբ մեզ վրա հարձակվում էին թուրքերը, մեզ հաճախ փրկում, իրենց տներում թաքցնում էին հենց մուսուլման-մեսխեթցիները»։

Ըստ վիճակագրության` այսօր Վրաստանում ապրում են մոտ 700 հայրենադարձ մեսխեթցիներ (մոտ 180 ընտանիք)։ Այդ ընտանիքներից տասնութը հաստատվել են Սամցխե-Ջավախեթիայում, որոնցից տասներկուսը վերցրել են վրացական ազգանուններ։

Մուսուլման-մեսխեթցի Մամուկա Խուցիշվիլին արդեն տասը տարի ապրում է Ախալցխայում։ Նրա կրտսեր որդին` Դավիթը, ծնվել է Վրաստանում։ Ժամանակին Մամուկայի տատիկին Միջին Ասիա են արտաքսել Ագիդենի շրջանի Ցախնի գյուղից։ Ախալցխա գալուց առաջ Մամուկան սովորել է Ռուսաստանում, աշխատել Ստավրոպոլում որպես երկաթգծի կայարանի պետ։

«Ինձ համար բարոյական կողմը շատ ավելի կարեւոր էր, քան նյութականը։ Ես հպարտանում էի, որ Դավիթի, Շոթայի, Թամարի երկրի որդին եմ, իսկ իմ անձնագրում գրված էր, որ ես ազգությամբ ադրբեջանցի եմ, եւ ես էլ վրացերեն խոսել չգիտեի։ Իսկ այսօր ես Վրաստանի քաղաքացի եմ, իմ երեխաները գնում են վրացական դպրոց, այնտեղ սովորում են Վրաստանի պատմություն եւ փայլուն խոսում վրացերեն»,- ասում է Մամուկա Խուցիշվիլին։

Նրա խոսքերով` «մեսխեթցիների մասին ամեն տեսակի սարսափելի պատմությունները» չեն համապատասխանում իրականությանը։ «Դրանք բոլորը խորհրդային ժամանակի, պետանվտանգության պրոպագանդիստական գաղափարախոսության վերապրուկներն են։ Ես անձամբ չեմ ուզում, որ Եվրախորհուրդն իմ երկրին կոչ անի` վերադարձնել սեփական քաղաքացիներին Վրաստան, բայց մենք, ձեզ նման, ուզում ենք ապրել մեր երկրում»։

Մուսուլման-մեսխեթցի Անզոր Բերիձեի ընտանիքը Ադրբեջանից Օզուրգեթի է տեղափոխվել 1960 թվականին։ Այսօր Բերիձեի ընտանիքն ապրում է իր հարազատ Ախալցխայի շրջանի Մուգարեթի գյուղում։ Անզոր Բերիձեի հարսնացուի` Գուլիա Խարաձեի խոսքերով` համագյուղացիների սառը վերաբերմունքի պատճառով Անզորի մոտ հաճախ էր ցանկություն առաջանում` թողնել ամեն ինչ եւ վերադառնալ Ադրբեջան։

«Մեզ նայում էին որպես թշնամիների։ Ես սկզբից վախենում էի, որ հանկարծ երեխաներին մի վնաս չհասցնեն։ Մեզ վրա շպրտում էին քարեր, անվանարկում՝ թաթարներ… Բայց ժամանակի ընթացքում ամեն բան փոխվեց… Հիմա իմ մասին նույնիսկ ասում են. «Նա տասը վրացի արժե»»,- ասում է Գուլիա Խարաձեն։

Այդուհանդերձ, Մուգարեթիի բնակչությունը, չնայած Բերիձեի ընտանիքի նկատմամբ բարեկամական վերաբերմունքին, կտրականապես դեմ է ուրիշ մուսուլման-մեսխեթցիների վերադարձին։

«Բերիձեների ընտանիքը վրացիներից ոչնչով չի տարբերվում։ Բայց երեք տարի առաջ, երբ հարեւաններից մեկը որոշեց իր տունը վաճառել մուսուլման-մեսխեթցու, ամբողջ գյուղը ոտքի կանգնեց։ Այս հարցում մենք միշտ կլինենք միաձայն. թաթարները գյուղ չեն մտնի»,- հայտարարում է գյուղի բնակիչ Լուիզա Ցիկարիշվիլին։

Այս հարցի կապակցությամբ բոլորովին այլ դիրքորոշում ունեն Ադիգենի շրջանի Աբասթումանի գյուղում ապրող մուսուլման-մեսխեթցիներ Մեխրիեւների հարեւանները։

«Մենք միշտ միասին ենք` եւ՛ ուրախության, եւ՛ վշտի պահին։ Նույն ջուրն ենք խմում, նույն հացն ենք ուտում։ Ապրում ենք բարեկամների պես, ինչպես վայել է հարեւաններին։ Չեմ կարծում, թե ուրիշ մուսուլման-մեսխեթցիների վերադարձը կարող է խնդիր դառնալ։ Ոմանք սարսափում են` մտածելով, թե կկորցնեն ամեն ինչ, կմնան առանց հողի, առանց հացի։ Բայց այդպես չի լինի. եթե մենք բարեկամանանք եւ իրար օգնենք, ամեն բան լավ կլինի»,- ասում է Մեխրիեւների ընտանիքի հարեւան Ռոման Ստուրուան։

«Տոլերանտ» հ/կ-ի նախագահ Ցիրա Մեսխիշվիլին կարծում է, որ օրենքի ընդունումը դեռ չի նշանակում, թե անմիջապես կսկսվի մուսուլման-մեսխեթցիների վերաբնակեցումը Վրաստանում. Վրաստանի մասին երազող, դեպի Վրաստան ձգտող մարդիկ արդեն մահացել են, իսկ երիտասարդները, սոցիալական ծանր իրադրության պատճառով, չեն շտապում վերադառնալ Վրաստան։ Սակայն Մեսխիշվիլին կարծում է, որ «խորհրդարանի կողմից այդ օրենքի ընդունումը նշանակում է բարոյական ռեաբիլիտացիայի ճանաչում։ Դա նշանակում է, որ անօրինական ձեւով արտաքսված մարդիկ նորից ձեռք կբերեն հայրենիք»։

Եւ վերջում` Ջավախեթիի հայերի կարծիքը։

«Ջավախք» կազմակերպության անդամ Նորիկ Կարապետյանն ասում է. «Ժողովուրդը շատ է անհանգստանում հայրենադարձության մասին օրենքի պատճառով։ Հողը, որի վրա այսօր ապրում են հայերը, նրանց սեփականությունն է։ Հիմա մեսխեթցիներին որտե՞ղ են բնակեցնելու։ Նրանք որտե՞ղ պետք է հող գնեն։ Տեղի բնակչությա՞նը պետք է քշեն իրենց հողամասերից։ Մի՞թե հայերը մեղավոր են, որ 60 տարի առաջ Ստալինը նրանց այստեղից արտաքսել է»։

«Վիրք» չգրանցված կուսակցության նախագահ Դավիթ Ռստակյանի կարծիքը հետեւյալն է. «Մուսուլման-մեսխեթցիները վերադառնում են այնտեղ, որտեղից նրանց տեղահանել են։ Գուցե սկզբից նրանք համաձայնեն հաստատվել ուրիշ շրջաններում, բայց ժամանակի ընթացքում կսկսեն վերադառնալ Սամցխե-Ջավախեթիա, թուրքական սահմանի մոտ։ Իսկ հողն այստեղ սեփականաշնորհված է։ Նրանց որտե՞ղ պետք է բնակեցնեն։

Մուսուլման-մեսխեթցիներն ապրել են Ախալքալաքի շրջանի երկու` Կիլդա եւ Օկամի գյուղերում։ Նրանց բռնի տեղահանել են հարազատ վայրերից։ Սակայն այդ վայրերում հաստատվելը հեշտ չի եղել ո՛չ հայերի, ո՛չ վրացիների համար։ Որպես մարդ` ես կարեկցում եմ մուսուլման-մեսխեթցիներին, հասկանում հայրենիք վերադառնալու նրանց ցանկությունը։ Բայց չէ՞ որ նրանց ժառանգների հայրենիքը Ֆերգանան է, չէ՞ որ երիտասարդ սերունդը երբեք չի տեսել Վրաստանը։

Տեղի բնակիչներն ապրում են բավական ծանր սոցիալական պայմաններում։ Չեմ հասկանում, թե Վրաստանն ինչու է ստանձնել այդպիսի պարտավորություն։ Մուսուլման-մեսխեթցիների վերադարձը կարող է մեծ բախումներ ու գժտություններ առաջացնել»։

Ախալցխայի բնակիչ Միշա Մելքոնյան. «Ես չեմ ճանաչում Վրաստանի ոչ մի քաղաքացու, որը համաձայն լիներ մուսուլման-մեսխեթցիների հնարավոր վերադարձին։ Բայց եթե երկրի նախագահն այդպես է որոշել, ի՞նչ կարող են անել բնակիչները։ Ծանր սոցիալական պայմանների պատճառով մենք առանց այդ էլ հազիվ ենք ծայրը ծայրին հասցնում, առանց այդ էլ հողն այստեղ քիչ է, որտե՞ղ են պատրաստվում բնակեցնել նրանց։ Բացի այդ, ես խիստ կասկածում եմ, թե նրանք հիշում են վրացական սովորույթներն ու ծեսերը։ Նրանց մեջ ոչ մի վրացական բան չի երեւում։ Զարմանում ես, թե ինչու են նրանք ձգտում այստեղ գալ»։ 

Ախալցխա, հատուկ «Հետք»-ի համար

Հոդվածը պատրաստվել է Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրի  շրջանակներում: Հոդվածներում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել ԵՄ դիրքորոշումների հետ:

Թամունա Ուչիձե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter