HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն` ընդդեմ կառավարության

Մոսկովյան 33 (Ա) հասցեում գտնվում է 1961թ. ԽՍՀՄ Էներգետիկայի նախարարության կառուցած «Հայհիդրոէներգանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության շենքը (ընկերությունը հիմնադրվել է 1932թ.): Այն կառուցվել է աշխատակազմի աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: Հայաստանի անկախացումից տարիներ անց շենքն անցավ ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակայության տակ:

Հենց այդ ժամանակ սկսվեց ձեռնարկությունների մասնավորեցման գործընթացը, որից վերոհիշյալ ընկերությունը դուրս մնաց, քանի որ համարվում էր «էներգետիկական ռազմավարական օբյեկտ»: 1998 թ. ընկերության շենքն անցել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը:

«Շենքի ընդհանուր տարածքից (2.989 քմ) մասնաբաժիններ են հանվել եւ վաճառվել տարբեր կազմակերպությունների (ռեստորան, անշարժ գույքի գործակալություն, պարի խմբակ, կուսակցություն)` քմ-ը բավականին ցածր գներով` 37-120 դոլարով»,- ասում է ընկերության խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը: 

Մնացած 1532,6քմ-ը ժամանակավոր անհատույց օգտագործման է հանձնված «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին (2001-2007թթ.): 2003 թ. Պետական գույքի կառավարման վարչության առաջարկով ընկերությունը հայտ է ներկայացրել գույքի սեփականաշնորհման համար:

«2005 թ. հայտն ընդունվել է, բայց հանկարծ` մերժվել: Պատճառն աշխատակազմի եւ ընկերության նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանի միջեւ ծագած կոնֆլիկտն էր, տնօրենը ցանկանում էր, որ սեփականության 51%-ն իրենը լինի, ինչին չի համաձայնել աշխատակազմը: Տնօրենին աշխատանքից ազատել են»,- պատմում է Մ. Հայրապետյանը:

Դրանից հետո ընկերության նոր տնօրենը` Մեսրոպ Խաչատրյանը, նամակներ էր հղում ՀՀ նախագահին եւ վարչապետին: Վարչապետին ուղղված նամակին ի պատասխան` ընկերությունը նամակ է ստացել Գույքի կառավարման վարչությունից, որով առաջարկվում էր ներկայացնել գնային առաջարկ: Վարչության առաջարկած 21 դոլարի փոխարեն ընկերությունը 50 դոլար էր առաջարկում 1քմ-ի սեփականաշնորհման համար: Սակայն, նրանք այդպես էլ չստացան իրենց առաջարկի պատասխանը: «Տարօրինակ կերպով նախագահին ու վարչապետին ուղղված նամակները պտտվում են, եւ պատասխանը ստացվում է պետգույքից, ու մեզ անգամ չեն թողնում անձամբ մի քանի րոպե խոսել ու բացատրել ամեն ինչ վարչապետին: Կարծում եմ` նա անտարբերության չի մատնի այս հարցը»,- բացատրում է Միքայել Հայրապետյանը:

Այժմ ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ տարածքը օտարվում է մրցույթով (1քմ-ը 352 հազար դրամ մեկնարկային գնով): 

Նշենք, որ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն ունի 110 աշխատակից, ընկերության գործունեության արդյունքում պետական բյուջե ամեն տարի մուտք է գործում 60 մլն դրամ:

Ընկերությունը նամակով դիմել է ՀՀ գույքի կառավարման վարչությանը` ոտնահարված իրավունքների վերականգնման պահանջով եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ նշված տարածքի օտարման մասին ՀՀ կառավարությունը որոշումն ընդունելուց հետո կկազմակերպի մրցույթ, որին կարող եք մասնակցել եւ դուք»:

Այս մասին զայրացած պատմեցին «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության տնօրեն Մեսրոպ Խաչատրյանը եւ խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը հուլիսի 20-ին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Ընկերության բազմաթիվ փորձերը` վերականգնելու իրենց ոտնահարված իրավունքները, ապարդյուն անցան: Նրանք պարզապես հավաքել են նամակների մի մեծ տրցակ:

Դիմել են անգամ Արդարադատության նախարարություն, որտեղից ստացել են հետեւյալ պատասխանը. «Ձեր նամակում բարձրացված հարցի լուծումը չի մտնում ՀՀ արդարադատության նախարարության կանոնադրական խնդիրների մեջ»:

Սակայն, ընկերությունն իր զենքերը վայր չի դրել, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան եւ պատրաստ է անցնել բոլոր ատյաններով: Իսկ եթե ոչինչ չստացվի, դիմելու են նաեւ Եվրոպական դատարան:

Դատական առաջին նիստը` ընդդեմ ՀՀ կառավարության, տեղի ունեցավ հուլիսի 25-ին եւ անմիջապես հետաձգվեց մինչեւ օգոստոսի 9-ը պատասխանող կողմի (ՀՀ կառավարության ներկայացուցիչ Ավագյանի) չներկայանալու պատճառով: 

Ըստ հայցվոր կողմի փաստաբան Արթուր Գրիգորյանի` դատավորը խախտում է կատարել, քանի որ օրենքը թույլ է տալիս լսել մի կողմին, անգամ եթե մյուս կողմը ներկա չէ: 

Միքայել Հայրապետյանը բորբոքված պատմեց, որ դատական նիստի փակ հայտարարվելուց հետո ներս է մտել ՀՀ կառավարության ներկայացուցիչը. «Պարզվում է, որ իրենց ներկայացուցիչը նույն ժամանակ գտնվել է դատարանում, բայց դիտավորյալ սպասել էր, մինչեւ այդ որոշումը կայացվի: Դատավորը հեռացավ, ինքն էլ ներս մտավ եւ ասաց, թե ուշացել է: Բայց կառավարության շենքն այստեղից հեռու չէ, կարող էր ոտքով էլ գալ: Բացի դրանից, նա ներկայացրեց մի նոր, ծիծաղելի փաստաթուղթ»:

Փաստաթղթում գրված էր. «Քանի որ դուք անվարձահատույց եք, դուք վարձակալ չեք»: Ընկերության ներկայացուցիչները բացատրում են, որ իրենք Գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագիր ունեն 2001-2007 թթ. անվարձահատույց վարձակալության մասին:

Դատական նիստը եւս երկու անգամ հետաձգվեց` կառավարության ներկայացուցչի բացակայության պատճառով: Սեպտեմբերի 10-ին կայացած նիստում դիմող կողմը բացարկ է հայտնել դատավորին, դատական նիստին նորից չէր ներկայացել կառավարության ներկայացուցիչը: Գործի դատաքննությունը հետաձգվել է անորոշ ժամանակով: 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter