HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Հայկական արտադրողը խեղդված է ներմուծված ապրանքի մեջ»

«Armenia Expo 2007» 7-րդ առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսում (սեպտեմբերի 14-17) ներկայացված մասնակիցների մեծ մասը ներմուծող ընկերություններն էին: Եթե չհաշվենք տեղեկատվական եւ տպագրական ծառայություններ մատուցող կազմակերպությունները, ապա 89 արտադրողներից միայն 33-ն էին տեղական, մյուսները ներկայացնում էին ներմուծված ապրանք` շինանյութ, տեխնիկա, մթերք: Հայկական արտադրանքից հիմնականում ներկայացված էր սննդի ոլորտը` հանքային ջրեր, ալկոհոլային խմիչքներ, մսամթերք եւ կիսաֆաբրիկատներ, կաթնամթերք, պաղպաղակ: Ավելի քիչ` շինարարական եւ տեխնիկական արտադրանք:

Ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ Հայաստանում «զարգանում է արդյունաբերության արտադրողականությունը եւ առողջ մրցակցությունը»: Ցուցահանդեսին մասնակցած հայ գործարարներն այլ կարծիք ունեն: 

Երեւանի կաշվե իրերի գործարանի փոխտնօրեն Արմեն Պանիրյանն ասում է, որ ներքին արտադրողը «խեղդված է ներմուծված ապրանքի մեջ»: Կաշվե իրերի գործարանը վերաբացվել է 1996 թվականին: Աշխատում է հիմնականում հատուկ պատվերներով, քանի որ ներքին շուկան առանց այն էլ լցված է չինական եւ թուրքական պայուսակներով, գոտիներով, տարբեր արտահագուստներով: «Ինչքան էլ փորձենք քչացնել մեր արտադրանքի ինքնարժեքը, միեւնույն է, չինական պայուսակից էժան երբեք չենք կարող արտադրել: Հայաստանում աշակերտական պայուսակներ միայն մենք ենք կարում, բայց դրսից հազարներով են բերում երկու անգամ էժան»,- ասում է Ա. Պանիրյանը

Ապրանքն արտահանելու մասին պրն. Պանիրյանը նույնիսկ չի էլ մտածում: «Մեր արտադրանքը վատը չի, բայց հայկական պայուսակները դժվար թե աշխարհում մրցակից լինեն, մանավանդ, որ արտահանելիս ապրանքի ինքնարժեքը մեծանում է: Վերջին անգամ մեկ պատվեր Մոսկվայից ստացել ենք 2006 թվականին: Հայաստանում կան ոլորտներ, որոնք չեն կարող ինքնուրույն զարգանալ: Խնդիրն այսքան սուր չէր լինի, եթե ներմուծված ապրանքի մաքսատուրքը բարձր լիներ, գուցե այդ ժամանակ մենք էլ շունչ քաշելու տեղ ունենանք: Բայց ներմուծողների համար ճանապարհները միշտ բաց են»,- ասում է պրն. Պանիրյանը: 

Գործարար Վռամ Սարոյանն իր հայրենի Ուշի գյուղում (Արագածոտնի մարզ) 2002 թվականից աշխատեցնում է հայկական չիփսերի արտադրության փոքր ձեռնարկություն: Ընկերությունն Ուկրաինայից ներկրում է կարտոֆիլի փոշի, իսկ Լեհաստանից` համեմունքներ, սակայն պատրաստի արտադրանքն արտահանել չի կարողանում: «Մեկ անգամ փորձեցինք Վրաստան տանել, բայց ուկրաինական ընկերությունները ողողեցին Վրաստանի շուկան չիփսերով, մենք ուղղակի դուրս մնացինք: Ներքին շուկայում էլ պարսկական, թուրքական, ռուսական չիփսերը գրավել են շուկայի 80 տոկոսը»,- ասում է «Ավեգիս» ՍՊԸ-ի տնօրեն Վռամ Սարոյանը: Հայաստանում չիփսի եւս երկու - երեք արտադրամաս է գործում: 

Երկու ձեռնարկությունների ղեկավարներն էլ նշում էին, որ իրենց արտադրողականության եւ աշխատանքի կարողությունները բավարար են ավելի մեծ քանակությամբ ապրանք արտադրելու համար, քան սպառվում է նույնիսկ ներքին շուկայում: Արտահանման քիչ հնարավորություններ ունեն պիտանելիության կարճ ժամկետ ունեցող սննդի արտադրողները` կապված ճանապարհածախսի եւ տեւողության հետ: «Լումա» մսամթերքների եւ կիսաֆաբրիկատների տեղական արտադրամասի արտահանման փորձը սահմանափակվեց մեկ անգամով: «Մենք փորձեցինք փոքր խմբաքանակ արտահանել Վրաստան, բայց արտահանման ծախսերը շատ ավելին էին, քան ապրանքը: Իսկ ներքին շուկան էլ արդեն հագեցած է մսամթերքով: Առայժմ աշխատում ենք տեսականին շատացնել եւ որակը լավացնել, որ ջրի վրա մնանք»,- ասում է «Լումա» ընկերության տնօրեն Սեւակ Դավթյանը: 


Արտադրամասը գործում է 1997 թվականից Աբովյանում: 

Ցուցահանդեսում փոքր քանակությամբ ներկայացված էին նաեւ հայկական արտադրության շինարարական ընկերություններ: Կղմինդրների արտադրության մեջ մասնագիտացած «Բեկաս» ընկերության փոխտնօրեն Լավրենտի Ավագյանն իր բիզնեսի զարգացման հիմնական խոչընդոտը համարում է դոլարի եւ դրամի տատանումները: «Մենք չենք արտահանում, մեզ ձեռնտու չէ: 12 տարվա փորձ ունենք, արտադրելու կարողություն եւ գիտելիքների բազա, 30 տարվա երաշխիք ենք տալիս, բայց ստիպված ենք սահմանափակվել Հայաստանով: Արտահանման ժամանակ ինքնարժեքը մի քանի անգամ բարձրանում է: Այս տարի մեկ անգամ փորձեցինք Վրաստան տանել ու այլեւս հրաժարվեցինք»,- ասում է պրն Ավագյանը: «Բեկաս»-ը գործում է Չարբախում 1995 թվականից: 

«Բիզոն» կազմակերպությունը հիմնադրվել է 1994 թվականին: Արտադրում է բուսական յուղեր (մասուրի, ծիրանի, չիչխանի, դեղձի, նուշի, նռան, խաղողի եւ դդումի կորիզներից) սննդի, բժշկական եւ կոսմետիկական կիրառությունների համար: Արտադրանքը փոքր քանակությամբ արտահանվում է ԱՄՆ եւ Ճապոնիա, այն էլ` միայն հատուկ պատվերների դեպքում: Հիմնականում հենց պատահական պատվերների դեպքում է հայկական փոքր ձեռնարկությունների արտադրանքը հայտնվում դրսի շուկայում: 

Նշված հայկական ձեռնարկությունների աշխատողների աշխատավարձը միջինը 30-40 հազար դրամ է: 

Մեջբերենք ցուցահանդեսի կապակցությամբ մի քանի պաշտոնյաների արած հայտարարությունները տեղական արտադրողների, արտահանման եւ մրցակցության մասին. 

«Պետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունն արտադրական ծավալների հզորացումն է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ եւ արտահանման խրախուսումը»,- նշել է վարչապես Սերժ Սարգսյանը: 

«Վերջին տարիների ընթացքում հայկական ընկերություններն իրականացնում են խոշոր ծրագրեր, ներդրվում են նոր տեխնոլոգիաներ, ներդրումներ են արվում, մեծ ծավալներով օգտագործվում է տեղական հումքը, հսկայական ուշադրություն է դարձվում աշխատակիցների մակարդակի կատարելագործմանը, ինչն անմիջականորեն ազդում է արտադրության արդյունքի վրա միջազգային պահանջներին համապատասխան: Զարգանում է արդյունաբերության արտադրողականությունը եւ առողջ մրցակցությունը»,- ասել է Արսեն Ղազարյանը:

«Armenia Expo 2007»-ում ներկայացված հայկական ընկերությունների թիվը եւ ցուցադրվող հայկական ապրանքները հայ պաշտոնյաների հայտարարությունների հակառակ պատկերն են ցույց տալիս: Նույնիսկ այստեղ է զգացվում, որ ցուցահանդեսը նոր խթան կարող է լինել ներմուծվող ապրանքերի համար, եւ ոչ բնավ` հայկական արտադրանքն արտահանելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter