HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Կիրո Մանոյան. «Ջավախքում կառուցվող գաղութն այնտեղ ժողովրդագրական փոփոխության նպատակ ունի»

Սեպտեմբերի 18-ին «Կովկասի լրագրողների ցանցում» (www.caucasusjournalists.net) տեղի ունեցավ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հարցազրույցը` նվիրված Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներին:

Արդյոք գոհացնու՞մ են Կիրո Մանոյանին Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը, որոնք նպատակ ունեն բարելավելու Վրաստանի հայերի կենսապայմանները եւ խորացնելու երկրի կյանքին նրանց ինտեգրումը: «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը հետաքրքրող այս հարցին ի պատասխան` բանախոսն ասաց. «Մենք ոչ միայն բավարարված չենք, այլեւ մտահոգված ենք Վրաստանի իշխանությունների կողմից տարվող այն քաղաքականությամբ, որն ուղղված է Վրաստանի ոչ միայն ազգությամբ հայ, այլեւ այլ ազգային փոքրամասնություններին` երկրի հասարակական-քաղաքական կյանքին նրանց ինտեգրացիայի տեսանկյունից»,- ասաց Կ. Մանոյանը: 

Նրա խոսքերով` պետական լեզվի իմացության ուղղությամբ աշխատանք տանելու փոխարեն, պետությունը վրացերենին չտիրապետող եւ տարբեր ոլորտներում աշխատող չինովնիկներին ազատում է աշխատանքից եւ պաշտոնից: Մինչդեռ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին պետական լեզու սովորեցնելու լավագույն միջոցը նրանց իսկ ազգային լեզվին ուշադրություն դարձնելն է, որպեսզի նրանք համոզված լինեն, որ պետությունը նպատակ ունի նրանց ինտեգրելու, այլ ոչ ասիմիլացնելու: Ընդհանրապես, ըստ Կ. Մանոյանի` Սամցխե-Ջավախեթիայում հայերենին պետք է տրվի տարածաշրջանային լեզվի կարգավիճակ, ինչը «լրիվ համապատասխանում է միջազգային կազմակերպությունների առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորություններին եւ չի տարբերվում այն առաջարկություններից, որոնք Վրաստանն արել է Հարավային Օսիային»: «Ախալցխայի օրինակը, որտեղ հայերը գիտեն վրացերեն, բայց պաշտոն չեն ստանում, խոսում է այն մասին, որ վրացերենի չիմացությունը ոչ այնքան պատճառ է, որքան առիթ աշխատանքից զրկվելու համար»,- ասաց Կ. Մանոյանը:

Վրացական «Սամխրեթիս կարիբչե» թերթին հետաքրքրում էր` արդյո՞ք Դաշնակցությունը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ակտիվ գործունեություն ծավալելու ծրագիր ունի: Կ.Մանոյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը անմիջականորեն Սամցխե - Ջավախեթիայում գործունեություն չի իրականացնում, բայց այնտեղի հայերի համար գործունեություն է ծավալում Սփյուռքում` «հիմնականում նպաստելով եւ աջակցելով Սամցխե-Ջավախեթիայում բնակիչների կարծիքները միջազգային հանրությանը, մասնավորապես եվրոպական եւ ամերիկյան հասարակական եւ քաղաքական շրջանակներին հասցնելուն»: 

Սփյուռքում կան կազմակերպություններ, որոնք գրանցված են նաեւ Վրաստանում, օրինակ` Հայ օգնության միությունը, որի կենտրոնը գտնվում է ԱՄՆ-ում, եւ որը հումանիտար աշխատանք է կատարում Սամցխե-Ջավախեթիայի բնակիչների համար:

Նույն թերթը բարձրացրեց նաեւ Ջավախքում իրականացվող «Կարս-Ախալքալաք-Բաքու», «Հազարամյակի մարտահրավերներ» եւ այլ ծրագրերի հարցերը. ինչպե՞ս կարող են դրանք ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա, ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերվում այս ծրագրերին: Եթե «Հազարամյակի մարտահրավերները» նպատակ ունի ինտեգրել Սամցխե-Ջավախեթիան Վրաստանին եւ ընդհանրապես ողջ Հարավային Կովկասին, ապա «Կարս-Ախալքալաք-Բաքուն» ուղղված է Հայաստանի մեկուսացմանը»,- եղավ Կ. Մանոյանի պատասխանը: Այս առումով Դաշնակցությունը դրական է վերաբերվում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին եւ որոշ վերապահումով` «Կարս-Ախալքալաք-Բաքվին»: Երկու ծրագրերում էլ, ինչպես եւ Բաքու-Ջեյհան ծրագրի դեպքում, երբ տեղի հայ բնակչությունը չի մասնակցում շինարարական աշխատանքներին, կասկածներ են առաջանում, որ տեղի բնակչությունն առանձնապես մեծ բան չի ստանա այդ ծրագրերից: Սակայն, կուսակցությունը համոզված է, որ հնարավոր է հայ-վրացական համատեղ ջանքերով եւ կրկին միջազգային ֆինանսավորմամբ իրականացնել ծրագիր Սամցխե-Ջավախեթիան Վրաստանին ինտեգրելու համար` «որոշ չափով հավասարակշռելու համար քաղաքական նպատակները, որոնք հետապնդվում են Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարությամբ»:

«Արմենպրեսի» թղթակցի հարցին, թե ինչպես կարող է Հայաստանն աջակցել Ջավախքի հայերի խնդիրների լուծմանը, Կ. Մանոյանը պատասխանեց, որ Հայաստանը կարող է Վրաստանի իշխանությունների հետ համատեղ առավել բարենպաստ սոցիալ-տնտեսական եւ մշակութային-կրթական պայմաններ ստեղծել Սամցխե-Ջավախեթիայում: «Հայաստանը պաշտոնապես միշտ հայտարարել է իր պատրաստակամության մասին, սակայն վրացական կողմը ոչ միշտ է ընդառաջել նման առաջարկություններին»,- ասաց Կ. Մանոյանը: Նրա կարծիքով` Հայաստանի եւ Վրաստանի կողմից հոգատար վերաբերմունքը Սամցխե-Ջավախեթիայի հանդեպ միայն կնպաստի հայ-վրացական հարաբերությունների խորացմանը:

Անկախ լրագրող Իրակլի Չիխլաձեին հետաքրքրում էր Կ. Մանոյանի դիրքորոշումը աքսորյալ մեսխեթցիների վերադարձի վերաբերյալ. հայտնի է, որ «Հայրենադարձության մասին» օրենքը նախատեսում է նրանց վերադարձն արդեն հաջորդ տարվանից սկսած: Սակայն թուրք-մեսխեթցիների վերադարձը Վրաստան, ինչպես գտնում է Կ. Մանոյանը, ուղղակիորեն հայերին չի վերաբերում. նախեւառաջ` որովհետեւ Վրաստանում ընդունված օրենքի համաձայն` նրանք վերադառնալու են ընդհանրապես Վրաստան, ինչը չի ենթադրում անպայմանորեն Սամցխե-Ջավախեթիա, իսկ նրանց նախկին բնակության վայրերում այժմ ապրում են ոչ թե հայեր, այլ վրացիներ: «Մենք ճիշտ չենք համարում մի շարք վրաց քաղաքական գործիչների այն հայտարարությունները, թե իբր հայերն են խանգարում թուրք-մեսխեթցիների վերադարձին»,- ավելացրեց նա:

«Ինչու՞ Ղարաբաղը չի մասնակցում հետխորհրդային տարածաշրջանում նման չճանաչված կազմավորումների (Աբխազիա, Հվ. Օսեթիա, Մերձդնեստր) հանդիպումներին եւ միջոցառումներին»: Ի. Չիխլաձեի մյուս հարցին ի պատասխան` Կ. Մանոյանը նշեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը եզակի է ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանի այլ կոնֆլիկտների հետ համեմատած, այլեւ ինքնին. Ղարաբաղյան խնդրում չկան այլ արտաքին քաղաքական ուժեր, որոնց պատճառով շարունակվում է այս հակամարտությունը: Ըստ Կ. Մանոյանի` Ղարաբաղը որպես պետություն այսօր, իրոք, համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ «անհրաժեշտություն չկա վտանգի ենթարկել նրա այդ ձեռքբերումը»:

Թբիլիսյան «Ռեզոնանսի» թերթը հարցրեց. «Ինչպե՞ս եք գնահատում Աբխազիայում հայկական սփյուռքի վիճակը: Ինչո՞վ են, ըստ Ձեզ, պայմանավորված անցյալ տարվա իրադարձություններն Աբխազիայում (պայթյունը Սուխումի հայկական դպրոցի տարածքում եւ հակահայկական բովանդակությամբ թռուցիկների տարածումը)»: Կ. Մանոյանի խոսքերով` Աբխազիայում, ուր, օրենքի համաձայն, երկրի նախագահ կարող է դառնալ ազգությամբ աբխազը, հայերը եւս ունեն իրենց քաղաքացիական իրավունքների պաշտպանության խնդիր: Ինչ վերաբերում է վերոհիշյալ իրադարձություններին, ապա «թվում է, թե դրանք իրականացվել են այն ուժերի կողմից, որոնք ցանկանում են սեպ խրել հայերի եւ աբխազների միջեւ», իսկ «նման իրավիճակը չի նպաստի նաեւ վրաց-աբխազական հարաբերությունների կարգավորմանը»:

«Հետք»-ին հետաքրքրում էր Կ. Մանոյանի գնահատականը Սամցխե-Ջավախեթիայում քրեակատարողական հիմնարկի շինարարության մասին, մի հարց, որի մասին Հայաստանում հայտնվում են բեւեռային կարծիքներ: Կ. Մանոյանը հիշեց դեռեւս Գամսախուրդիայի ժամանակ գոյություն ունեցող մի ծրագրի մասին, երբ վրացական բանտերի կալանավորները հնարավորություն էին ստանում իրենց կալանքը բանտում անցկացնելու փոխարեն մեկնել Սամցխե-Ջավախեթիա: «Թվում է, որ (թեեւ Վիրահայոց հոգեւոր առաջնորդը չի կիսում այս տեսակետը) նոր գաղութի շինարարությունն այդ տարածաշրջանում ժողովրդագրական վիճակի փոփոխության նպատակ է հետապնդում: 2-3 հազար կալանավորների համար կալանավայրի շինարարությունը նախատեսում է շրջանում առնվազն նույնքան սպասարկող անձնակազմի առկայություն ու բնակություն, ինչն էլ հիմքեր է տալիս նման մտահոգություններ ունենալու»:

«Տարբերություն տեսնո՞ւմ է «Դաշնակցություն» կուսակցությունը ահաբեկչական գործողությունների եւ հայրենասիրության միջեւ»: Ադրբեջանցի անկախ լրագրող Ռահիմ Հուսեյնզադեի այս հարցին Կ. Մանոյանը պատասխանեց. ««Դաշնակցությունը» դատապարտում է ահաբեկչությունը, սակայն ազգային-ազատագրական շարժումը ահաբեկչություն չի համարում: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Հռչակագրի առաջին պարբերությունը նշում է, որ պետք է հարգել մարդու իրավունքները եւ չհասցնել նրան այն վիճակին, որ նա ստիպված լինի իր իրավունքները պաշտպանելու համար դիմել ծայրահեղ միջոցների»:

Ադրբեջանցի լրագրողներին հետաքրքրում էին նաեւ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության հետ կապված հարցեր. ինչո՞ւ «Դաշնակցությունը» չկարողացավ հաղթել խորհրդարանական ընտրություններում, ինչպե՞ս են գնահատվում նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության հնարավորությունները: Կ. Մանոյանի խոսքերով` խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժն օգտագործել է իր բոլոր` այդ թվում նաեւ վարչական ռեսուրսները: Բացի այդ, ըստ Կ. Մանոյանի, ժողովրդի շրջանում դեռեւս զգացվում է իրենց կուսակցության դեմ քարոզչությունը, որը տարվում էր եւ՛ խորհրդային տարիներին, եւ՛ ՀՀ նախորդ նախագահի ժամանակ, սակայն «Դաշնակցության» ժողովրդականությունը բնակչության շրջանում աճում է ընտրությունից ընտրություն: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա կուսակցությունը բարձր է գնահատում իր հաղթանակի հնարավորությունը: «Մենք հուսով ենք, որ ժողովուրդը ճիշտ կգնահատի քաղաքական իրադրությունը եւ երկրում հավասարակշռված իշխանությունների կազմավորման համար նախագահ կընտրի «Դաշնակցության» թեկնածուին, եւ ոչ խորհրդարանական մեծամասնության թեկնածուին»,- ասաց Կ. Մանոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter