HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կերենի անցյալն ու ապագան

«Քաղաքագետները թող նայեն այս ամենի քաղաքական ենթատեքստը, ես գիտնական եմ, եւ սա ինձ համար հնագիտական, պատմական, արվեստաբանական արժեք ունի»,-ասում է հնագետ Արտակ Գնունին։

Ստեփանակերտում այսօր ցուցադրվում է Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի դամբարանադաշտում Գնունու եւ երկրաբան Գագիկ Խաչատրյանի մոտ մեկուկես տարվա պեղումների արդյունքը։ Եղջերափող գավաթներ, քրեղաններ, կենդանակերպ սափորներ, զենք ու զրահի կտորներ, որոնք թվագրվում են Քրիստոսի ծննդից առաջ XII-V դարերին։ Կան ավելի ուշ շրջանի՝ Ք.Ծ. հետո III-IV դարերի նմուշներ, որոնք Կերենում հայտնաբերվելով` բարդացրել են սպառիչ եզրակացության հանգելը, բայց, միեւնույն ժամանակ, ավելի հետաքրքիր են դարձրել պեղվող միջավայրը։

Կերենն ուշադրության կենտրոնում հայտնվել է 2003 թվականի նոյեմբերին, երբ ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը լինելով Քաշաթաղի շրջանի այդ բնակավայրում` գտել է մի քանի անոթներ, զենք-զրահի մասեր ու հանձնել Բերձորի երկրագիտական թանգարանին։

2004-ի մարտին Հայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (հնագետ Արտակ Գնունի, երկրաբան Գագիկ Խաչատրյան) մեկնել է Կերեն։

«Ինչ որ տեսանք, աչք չէր շոյում,- ասում է Արտակ Գնունին,- բազմաթիվ կիսավեր կամ հիմնահատակ ավերված դամբարաններ»։

Դամբարանադաշտերն ավերում է մի կողմից բնությունը, մյուս կողմից՝ մարդը։ Գարնանային հեղեղները բացում են դամբարանները, իսկ մարդիկ, չհասկանալով կամ գուցե հասկանալով հողի տակից դուրս եկած առարկաների պատմական ու հնագիտական արժեքը, տանում են դրանք։ Փաստորեն, բազմաթիվ նմուշներ, որոնց ուսումնասիրությունը տեղում կարող էր լույս սփռել գիտական շատ հարցերի վրա, մնում են անհայտ։

«Մենք նպատակ դրեցինք ուսումնասիրել վտանգված դամբարանները,-ասում է Գնունին, ում կարծիքով դրանց ոչնչացումը ոչ թե շաբաթների, այլ օրերի հարց է։- Ասացինք՝ գոնե այդ դամբարանները հետազոտենք»։

Արշավախումբը մեկուկես տարում վեց անգամ եղել է Կերենում եւ պարզել, որ դա ոչ թե մեկ դամբարանադաշտ է, այլ դամբարանադաշտերի համալիր՝ տեղադրված Ողջի գետի աջ եւ ձախ ափերին։ Տարածքը բավական մոտ է Հայաստանի Կապան քաղաքին, եւ պատահական չէ, որ գտնված առարկաների մի մասը նմանություն ունեն այդ շրջանի երկրագիտական թանգարանի նույն ժամանակին վերաբերող նմուշներին։

«Գտանք նաեւ երկու բնակատեղիի հետքեր, որոնք տակավին ուսումնասիրված չեն, եւ դամբարանադաշտին դրանց ժամանակակից լինելն ապացուցելն ապագայի խնդիր է»,- ասում է Արտակ Գնունին։ 

Արշավախումբը հետազոտել է մոտ 20-25 դամբարան, որոնցից գտնվել է հիմնականում խեցեղեն։ Ցուցահանդեսի գլխավոր հերոսը ձեռնատարած այս մարդն է։ Նա գոտեկապ է, ձեռքերին կետերով նշված են ապարանջանները, ճակատին կետերով նշված է ճակատակալը, վզին մանյակ է։ Վզի զարդը, կրծքազարդը եւ գոտեկապը արեւային զարդանախշով են։ Տղամարդը մերկ է՝ նշված ֆալով, իսկ ֆալի վրա պատկերված է կենաց ծառ։ Ձեռքին գավաթ կա, որն իր որոշակի առանձնահատկություններով շատ նման է Ք.Ծ.Ա. առաջին հազարամյակի կեսին տարածված եղջերանոթներին։

«Երբ բացեցինք դամբարանը, տեսանք այս արձանը, որն, ասես, գրկում էր իր դիմաց դրված երկփողանի անոթը, իսկ ձեռքին հպված էր ցլակերպ անոթ։ Դիմացը դրված էին մի շարք թասեր եւ սափորներ»,- պատմում է հնագետը։ 

Նրա կարծիքով` այդ հստակ դասավորվածությունը բացառիկ է եւ կարող է շատ օգտակար լինել ենթադրություններ անելիս. «Սա կարող է ինչ-որ սրբազան ըմպելիքի կամ կերակուրի պատրաստման գործընթացի պատկերում լինել, բայց բացառված չէ, որ ոչ միայն պրակտիկ գործողության արտացոլում է, այլ ավելի խորը սիմվոլիզմ ունի՝ կապված «կյանք-մահ-վերածնունդ» շղթայի հետ»։ 

Առայժմ միայն ենթադրություններ։ Իսկ գիտական եզրակացություններ անելու համար անհրաժեշտ է մանրամասն եւ համակողմանիորեն պեղել Կերենի դամբարանադաշտերի համալիրը, որովհետեւ ոչ ոք չգիտե, թե ինչեր կան մյուս դամբարաններում, եւ դրանք ինչպես կարող են նպաստել մինչ այժմ հայտնաբերվածի ճիշտ ընկալմանը։ 

Դրա համար նախ Կերենը պետք է փրկել ավերից ու թալանից։ Աշխարհում ընդունված միջոցն այդօրինակ տարածքը հնագիտական արգելոց դարձնելն է։ Արտակ Գնունին, գոհ լինելով աշխատանքի ընթացքում ստացած աջակցության համար, կարծում է, որ ԼՂՀ մշակույթի նախարարությունն ու հուշարձանների պահպանության գործակալությունը կմտածեն դամբարանaդաշտերը փրկելու ուղղությամբ։ «Ամեն ինչի համար, ի վերջո, փող է հարկավոր, բայց այսօր փող չգտնելով կամ եղածը խնայելով` վաղը շատ ավելին կորցրած կլինենք»,- ասում է հնագետը՝ վստահ, որ այս հուշարձանում դեռ շատ հարցերի պատասխաններ են գտնվելու։ 

Ցուցահանդեսի փակումից հետո կերենյան պեղումներից հայտնաբերված առարկաները կհանգրվանեն Ստեփանակերտի երկրագիտական թանգարանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter