HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքը տեղեկատվական փակուղու մեջ է

Ջավախքը հայտնվել է տեղեկատվական փակուղու մեջ: Ինֆորմացիայի մուտքն ու ելքը տարածաշրջան մեծ դժվարությամբ է իրականացվում: Տարածաշրջանի հայերը տեղեկություններ չունեն, թե ինչ է կատարվում պետության ներսում, իրենց տարածաշրջանում, և թե ինչ են խոսում իրենց մասին արտերկրում:

Սովորական ջավախքցին չգիտի, թե իր մասին ինչ որոշումներ են կայացվում կառավարությունում, ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի ինքը, ինչ առավելություններից կարող է օգտվել եւ այլն: Վրաստանի Հանրային հեռուստաալիքի եւ «Իմեդի» հեռուստաընկերության հաղորդումները հասանելի են միայն վրացերեն իմացողներին: Բնակիչների հավաստմամբ` իրենք այդ ալիքները ոչ էլ միացնում են:

 «Ցույց տալիս են, բայց որ բան չենք հասկանում, ի՞նչ նայենք: Հա էլ խոսեն, մեկ է` ամբողջ նախադասության միջից միայն մեկ կամ երկու բառ կընկալենք»,- ասում է 49-ամյա Սոնյան: 

Ախալքալաքի «Երիտասարդական ռադիոյի» տնօրեն Էդուարդ Ալվերցյանը վստահեցնում է, որ Վրաստանի հանրային հեռուստառադիոալիքներով կամ այլ հեռուստաընկերությամբ պետականորեն հայերեն թարգմանված որակյալ ծրագրերի առկայության դեպքում առաջացած փակուղին կարող էր վերանալ: «Հիմա թարգմանում են լուրերը, բայց որակը այնպիսին է, որ ակամա փոխում ես ալիքը»,- դժգոհում է տնօրենը:

Ջավախքում գործում է երեք տեղական հեռուստակայան` Ախալքալաքի «ATV 12», «ՋՀ» (Ջավախք հեռուստատեսություն) և Նինոծմինդայի «Փարվանան»: Այս հեռուստաընկերությունները մատուցում են միայն տեղական լրատվություն: Թվում է, թե ներսում տիրող փակուղին կարող էր որոշ չափով մեղմվել, սակայն  այստեղ էլ  ֆինանսական սուղ միջոցներն են խոչընդոտում: «Տեղական հեռուստակայանների մակարդակն էլ այն չէ, նրանց էլ միջոցներ են պետք, թղթակիցներ, նոր տեխնոլոգիաներ, նկարահանող-ձայնագրող սարքավորումներ, բացակայում է օպերատիվությունը»,- հաստատում է «Ակունք» թերթի խմբագիր Մելս Թորոսյանը: 

Հայկական եւ վրացական ոչ մի թերթ կամ ամսագիր չի հասնում տարածաշրջան, եթե հասնում է, ապա միայն ծանոթ-բարեկամների միջոցով և ոչ պարբերաբար: Իսկ տեղական թերթերը մեծ լսարան չունեն, քանի որ մատչելի չեն: Օրինակ` Նինոծմինդայի «Արշալույս» թերթը (Նինոծմինդայի շրջանի միակ պարբերականն է) արժե 60 թեթրի (մոտ 120 դրամ):

Տեղական թերթերը նաև ֆինանսական և տեխնիկական հնարավորություններ չունեն կարեւոր իրադարձություններին անդրադառնալու համար, առավել եւս, եթե այդ իրադարձությունները իրենց տարածաշրջանից դուրս են տեղի ունենում: Թերթը տպագրվում է Երևանում, քանի որ տեղի տպարանը չի գործում, իսկ Երևան գործուղումների եւ այլ ծախսերի  համար մեծ գումար է պահանջվում:

Ջավախքում հրատարակվում է նաև «Ակունք» ամսաթերթը, որը տարածվում է անվճար, սակայն սա էլ մեծ տպաքանակ չունի: Տպագրվում է ընդամենը 500 օրինակ: Իրականում «Ակունքը» ոչ թե թերթ է, այլ` բյուլետեն: Վրաստանի արդարադատության նախարարությունը չի գրանցել այն որպես թերթ, բայց նախարարությունում գիտեն դրա գոյության մասին: Ըստ  «Ակունք»-ի խմբագիր Մելս Թորոսյանի` նախարարությունն ուղղակի իրենց դիմումներին չի արձագանքում:

«Եվ ընդհանրապես, դա ընդունված կարգ է Վրաստանում. Ջավախքից գնացած հասարակական, քաղաքական բնույթի ոչ մի դիմումի կամ նամակի չեն արձագանքում: Եվ մենք ստիպված ենք որոշ դեպքերում ներքաշվել մեր մեջ և տպագրել 500 օրինակ, քանի որ համապատասխան մարմինները սպասում են, որ մենք մեծ տպաքանակ հայտարարենք, որ անմիջապես վետո դնեն ու թերթը փակեն»,- ասում է Մելս Թորոսյանը: 

Ջավախքի ԶԼՄ-ների ղեկավարներն ասում են, որ արտերկրում գտնվողները կամ, թեկուզ, հարեւան պետությունները, որոնք հետաքրքված են ջավախքյան իրադարձություններով եւ ներքին կյանքով, չեն կարող Ջավախքի մասին ճշգրիտ տեղեկություններ ստանալ:

Ջավախքցիներին հասանելի են հայաստանյան Հանրային եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները Ախալքալաքում, Հանրայինը եւ Հ2-ը` Նինոծմինդայի շրջանում: Բայց հայաստանյան ԶԼՄ-ները շատ հազվադեպ են անդրադառնում Ջավախքում կատարվող իրադարձություններին, եթե անդրադառնում են, ապա թեթևակի` լրատվական գործակալությունների տրամադրած լրահոսից, իսկ վրաստանյան լրատվամիջոցները շատ հաճախ ապատեղեկատվություն են տարածում, «քանի որ երբեք չեն հետաքրքրվում Ջավախքի ներքին` իրական կյանքով»,- ասում է «Երիտասարդական ռադիոյի» տնօրենը: Է. Ալվերցյանի  կարծիքով` տեղեկատվական վակուումն առաջացել է հատկապես ԶԼՄ-ների սխալ աշխատանքի պատճառով. «Երկու պետությունների` Հայաստանի և Վրաստանի ԶԼՄ-ները չունեն իրենց թղթակիցները, որոնք օբյեկտիվորեն կլուսաբանեն իրադարձությունները, դրա համար էլ ջավախքցիներին համարում են անջատողականներ, քանի որ ԶԼՄ-ներն այդպես են ներկայացնում, երբ գալիս են Ջավախք, իսկ նրանք գալիս են միայն սենսացիոն դեպքերի, միտինգների, կրակոցների ժամանակ»: 

«Ակունքի» խմբագիրն էլ  համոզված է, որ պետության կամ պետականամետ կառույցների կողմից տրված տեղեկատվությունն ամբողջությամբ կեղծ է, եւ որ դա արվում է միտումնավոր` հատուկ ծառայությունների եւ պետական օղակների պաշտոնյաների կողմից, որպեսզի աշխարհը չկարողանա ճնշել կամ որեւէ պահանջ ներկայացնել զարգացման դեմոկրատական ուղին ընտրած Վրաստանին:
«Նրանք այնպես են ներկայացնում դրսում, որ Ջավախքում ընդհանրապես խնդիրներ չկան, սոցիալական վիճակն այնպես է, ինչպես Վրաստանի մյուս շրջաններում`առանց հաշվի առնելու, որ վրացին պաշտպանված է զգում իրեն, իսկ ջավախքցին իրեն ոչ մի ձևով պաշտպանված չի զգում, ընդհակառակը` ամենօրյա ճնշումն ու վախվորածությունը աստիճանաբար սնում է ջավախքցու հոգին, արդյունքում մարդը թողնում է իր բնօրրանը, իր հայրենի հողը և փախչում այլ երկրներ»,- ասում է Մելս Թորոսյանը:

Ջավախքում  վերջին մի քանի տարիներին ստեղծվել են տարբեր լրատվական գործակալություններ` «Ա-ինֆոն»«Ջավախք-ինֆոն»  և «Բագին-ինֆոն»: Երեքն էլ ինտերնետային կայքէջեր են, որոնք ինֆորմացիան իրենց էջերում տեղադրելուց բացի` այն հաղորդում են տարբեր, մասնավորապես հայաստանյան, ռուսաստանյան լրատվամիջոցներին, ինչպես նաև` առանձին ընթերցողներին:   «Ներկայումս ինչ-որ չափով դուրս ենք եկել այդ փակուղուց, արդեն արտերկրում լրատվական կազմակերպությունների միջոցով ինչ-որ չափով տեղեկացվածությունն ապահովված է, սակայն դեռևս չլուսաբանված են մնում ոչ պակաս կարեւոր իրադարձություններ, որովհետեւ չեն լուծվել բազմաթիվ խմբագրական և ֆինանսական խնդիրներ»,- պարզաբանեց Ջավախք-ինֆոյի աշխատակից Նարինե Պողոսյանը:

Լրատվական գործակալությունների նյութերը, սակայն, հասանելի չեն Ջավախքի սովորական բնակիչներին, քանի որ ամբողջ Ջավախքում (մոտ 95 000 բնակչությամբ) ինտերնետ կապի բաժանորդների թիվը չի գերազանցում 100-ը: 

Մելս Թորոսյանը համոզված է, որ թերթի հրատարակումը կլուծի ջավախքցիներին տեղեկատվությամբ ապահովելու հարցը: Իսկ արտաքին աշխարհի տեղեկացվածությունն ապահովելու խնդիրը, ըստ նրա, ժամանակի ընթացքում կարող են կարգավորել լրատվական գործակալությունները: 

Ախալքալաք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter