HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միակ ունեցածս բանաստեղծություններս են, որոնք ստիպված թաքուն եմ պահում»

«Ես ստեղծագործում եմ, բանաստեղծություններ եմ գրում, վեց-յոթ հաստափոր տետր ունեմ, չնայած ֆիզիկական ցավին` մասնակցում եմ տարբեր միջոցառումների, երբեմն ինքս եմ նախաձեռնում, դրա համար իմ շրջապատում հանդիմանում են, վիրավորում, ասելով՝ «Քո ինչի՞ն է պետք, դա քեզ ի՞նչ է տալիս»: Ու ես չեմ կարողանում նրանց բացատրել, որ այս կյանքում դա իմ ունեցած միակ ուրախությունն է»:

Սվետլանան այս բառերն ասելիս չի հուզվում, իր կյանքի դժվարությունները, դժբախտ միջադեպերը, որոնց մասին երբեք չի խոսում, տառապանքը, հետո արդեն ֆիզիկական ցավը նրան կոփել են, սովորեցրել դիմանալ անհնարին պայմաններին: Տխրում է, երբ խոսում է ծնողների մասին: Հորը չի հիշում, իսկ մոր մասին, որը վաղուց արդեն չկա, ասում է. «Թող էն կյանքում էլ լույսերով ապրի: Ես սիրում եմ նրան ու շնորհակալ եմ, որ երբեք չի կեղծել, ամեն առիթով հիշեցրել է, որ ես սիրո ծնունդ չեմ: Նրա ամուսնությունից ինն ամիս անց ես ծնվել եմ, իսկ օրեր հետո ծնողներս բաժանվել են»: 

Հետո մայրն ամուսնացել է երկրորդ անգամ, բայց խորթ հայրն այդպես էլ չի ընդունել փոքրիկին եւ տարիների ընթացքում, երբ աղջիկն ապրել է այդ ընտանիքում, մորից բացի ոչ մեկը նրան չի նկատել: Մյուսներին՝ ամուսնուն, նրանից ծնված տղային գոհացնելու համար աղջկա նկատմամբ սիրալիր չի եղել նաեւ մայրը: Աղջիկը հեռացել է տնից, ապաստան գտել քեռու ընտանիքում, սակայն շուտով դժբախտություն է պատահել նաեւ նրանց, եւ աղջկա համար, վերադառնալով մոր մոտ, սկսվել են տառապանքի նոր ժամանակներ: Ապրած կյանքը ներշնչանքի նոր թեմաներով է համակել նրան, եւ սկսել է ստեղծագործել: 

Առաջին տետրերը, որոնց թերթերն օր-օրի լցվում էին աղջկա հույզերով, խոհերով, անգթաբար այրել են: Չի վհատվել, նորերն են ծնվել, որոնք արդեն ստիպված է եղել թաքցնել շրջապատից: Չնայած դժվարություններին` բարձրագույն կրթություն է ստացել: Սկսել է աշխատել Ակ. Բակունցի տուն-թանգարանում. ի՜նչ շռայլություն, նա կարող էր ամեն օր ու ժամ մոտ լինել գրքերին, ներշնչվել անվանի գրողի տան յուրաքանչյուր մասունքով: Սակայն դաժան դիպվածի, թե մարդկային անգթության պատճառով ստիպված է եղել թողնել աշխատանքը: Հոգեկան տառապանքին ավելացել է նաեւ ֆիզիկական ցավը: Այդ ընթացքում կորցրել է նաեւ մորը եւ մնացել Աստծո հույսին: Բնակարանը, որտեղ ապրում էր մոր հետ, վաղուց արդեն պատկանում էր նաեւ խորթ հոր ընտանիքին, որտեղ ինքը միայն ցավ ու վիրավորանք էր ապրել: Այլ տեղ չունենալով` ստիպված համբերել ու կուլ է տվել բոլորի վիրավորանքը, հանդիմանանքը, խեղդել ֆիզիկական ցավին խառնված հոգեւոր տառապանքը եւ համբերել այնքան, մինչեւ արդեն բոլորովին անդամալույծ, հազիվ տեղաշարժվելու հնարավորությամբ` նրան վտարել են տնից: Սվետլանային կրկին ապաստան են տվել քեռու ընտանիքում, որտեղ առանց նրա էլ բնակարանային խնդիրներ կային, եւ անգամ լրացուցիչ մահճակալի տեղ չկար: Խնդրել է գոնե ժամանակավոր անկյուն տալ, մինչեւ կկարողանա այս աշխարհում իր անկյունը գտնել: Եվ տակավին 50 տարեկան չդարձած` սկսել է որոնումները՝ ապաստան գտնելու հանրապետության որեւէ ծերանոցում կամ հանրակացարանում: Դիմել է տեղական իշխանությանը, բայց որեւէ պատասխան չի ստացել: Սյունիքի մարզպետի աջակցությամբ կարողացել է որոշ չափով բարելավել տեսողությունը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որին դիմել էր, պատասխանել են, որ կմտածեն:

«Ամեն առավոտ լուսո օրհնում եմ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության աշխատակիցներին, քանի որ ինձ համար այս ծանր օրերին նրանք ձեռք մեկնեցին, եւ մարդասիրական ճաշարանում կարողանում եմ օրը մեկ անգամ ճաշել, իմ բաժնից նաեւ քեռակնոջս եմ տանում, գոնե այս կերպ հատուցում եմ նրա վերաբերմունքի դիմաց: Ասում են` Հայաստանում 140.000-ից ավելի հաշմանդամներ կան, որոնք էլի խնդիրներ ունեն, սակայն ես ոչ թե դժգոհում եմ իմ ճակատագրից կամ մարդկանցից, այլ ուզում եմ, որ հասարակությունը մեզ լիարժեք մարդու տեղ ընդունի: Եթե ես ապրելու գոնե նվազագույն պայմաններ ունենայի, անկախ նրանից, որ 1-ին կարգի հաշմանդամ եմ, կշարունակեի լիարժեք կյանքով ապրել: Հիվանդությունը, որով տառապում եմ, ուղեկցվում է ֆիզիկական ցավերով, որի համար, սակայն, անվճար դեղորայք չի նախատեսվում: Եվ իմ 7000 դրամ թոշակը ստիպված եմ վճարել դեղերի համար: Մեծ դժվարությամբ կարողացա նաեւ սոցիալական նպաստ ստանալ, որովհետեւ տունը, որտեղ գրանցված եմ, պիտի ինձ համար հոսանքի եւ գազի առանձին հաշվիչ ունենար, որպեսզի անապահովության նպաստ նշանակեին: Հաշմանդամության իմ կարգը էական նշանակություն չունի»,- ասում է Սվետլանան:

Սվետլանան ամենից շատ վախենում է նրանից, որ շուտով եղանակները ցրտելու են, ու մինչ այդ չի լուծվելու իր բնակության խնդիրը: Չգիտի` ում դիմի, որ մի անկյուն տան Գորիսում այժմ կառուցվող Սոցիալական տանը, որովհետեւ կարող են պատասխանել, որ դու քո անկյունն ունես խորթ հոր ընտանիքում, որտեղ, սակայն, նրան երբեք չեն կարեւորել:

«Ես էլ եմ երբեմն մխիթարում մարդկանց, որ երկու երնեկ միասին չեն լինում, բայց իմ պարագայում չգիտեմ` ինչո՞վ մխիթարվեմ՝ ո՛չ ապրելու պայմաններ ունեմ, ո՛չ առողջություն, ո՛չ էլ հույս, որ երբեւէ անկյուն կունենամ: Միակ ունեցածս բանաստեղծություններս են, որոնք ստիպված թաքուն եմ պահում, որ չծաղրեն: ՉԷ՞ որ Աստված բոլորիս հավասար է ստեղծում եւ, եթե բոլորիս միանման հնարավորություններ չեն տրվում, գոնե թող շրջապատում հավասար աչքով նայեն»,- տխրությամբ ասում է Սվետլանան:

Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:


Անի Խուրշուդյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter