HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մենք հենց սահմանն ենք

«Ականապատված հողեր ունե՞ք» հարցը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կարելի է չտալ։ Պատասխանն ամեն տեղ նույնն է, ականապատված հողերի չափերն են տարբեր՝ կախված հողատարածքի ընդհանուր մակերեսից։ Բացառություն չէ նաեւ Սեւքարը, որն ուղիղ գծով հինգ կիլոմետր է հեռու սահմանից։ Գյուղի միակ խնդիրը, սակայն, ականապատված 360 հեկտար հողը չէ։ Գյուղացին դրա հետ հաշտվել է, բայց անտեսված լինելու հետ ոչ մի կերպ չի համակերպվում։

«Սեւքար չկա, Սեւքարի անունն էլ չկա։ Ես ամեն օր «Լրաբեր» եմ նայում (հավանաբար նկատի ունի «Հայլուրը»- Տ.Պ.), Սեւքարի անունը ոչ ոք չի տալիս»,- ասում է տիկին Սուսաննան, ով խորհրդային տարիներին ծխախոտագործ է եղել եւ լավ աշխատանքի համար արժանացել բազմաթիվ պարգեւների։ 

Նրա կարծիքով` Սեւքարը սահմանամերձ չէ. «Ի՞նչ սահմանամերձ, մենք հենց սահմանն ենք, կռվի առաջին օրվանից մինչեւ վերջինը մեր մաշկի վրա ենք զգացել, հիմա ասեն սահմանամե՞րձ»։

Մեր հանդիպման ամբողջ ընթացքում նա բորբոքված խոսում էր՝ մերթ հիշելով իր ապրած կյանքն ու աշխատանքային սխրանքները, մերթ թվարկելով այսօրվա անհարմարությունները: «Ով որ էն ձորիցը մոտիկ ա, ջուր ա խմում, ով որ մոտիկ չի, ծարավ կտորվում են»,- ասում էր նա՝ նկատի ունենալով այս աղբյուրը, որից օգտվում է գյուղի մի ամբողջ թաղամաս։ 

«Իրիկունը ստեղ ջրի հերթը որ տենաք, իրա (Սուսաննայի) ասածը կհասկանաք».- բացատրում է գյուղապետ Վլադիմիր Մարգարյանը։ Տարիներ շարունակ ջրի հարցով նա դիմել է հնարավոր ու անհնար բոլոր ատյաններին։ «Ըլնում չի»,- ասում է համայնքի ղեկավարը։ 

Գյուղից տասնվեց կիլոմետր հեռավորության վրա մի աղբյուր կա, ժողովուրդն ասում է օխտն (յոթ) աղբյուր։ Եթե ջրագիծ լինի, աղբյուրը, որը վայրկյանում տասնհինգ լիտր ջուր է տալիս, կապահովի ոչ միայն Սեւքարը, այլեւ հարեւան Սարիգյուղն ու Ծաղկավանը։

Իրավիճակը հասկանալու համար պատահական մի տուն ենք մտնում։ Տանտերը՝ Սեւան պապը, այստեղ մենակ է ապրում։ Նրա բակում մետաղյա մեծ բաք է դրված։ Տանիքից սկիզբ առնող խողովակն ավարտվում է այդ բաքի մեջ։ «Եթե անձրեւ ա լինում, կրիշիցը ժոլոբովը ջուրը գալիս ա, լցվում ցիստեռը։ Էդ ջրով էլ օգտվում ենք՝ բաղնիք ա, բան ա։ Անձրեւ չի ըլնում, չենք օգտվում»,- ասում է Սեւան պապը։ 

Հինգ ամիս առաջ մահացել է նրա կինը, չորս դուստրերն ամուսնացած են, առանձին են ապրում, ոչ մի օգնող չունի։ «Բա ես կարա՞մ աղբրիցն էնքան ջուր բերեմ, որ համ խմելու հերիքի, համ լողանալու, համ էլ՝ լվացքի»,- հարցնում է նա։ 

Ոռոգման ջրի մասին Սեւքարում չեն էլ երազում։ Ասում են՝ խմելու ջուրը շատ է, որ տեղ հասնի, դրանով տնամերձերն էլ կջրենք։ Սեւան պապը ցույց է տալիս իր այգում աճած խաղողը։ Տասը ողկույզից ութը փչացել է։ 

«Չի ջրվում, դրա համար էլ փաչանում ա,- ասում է այգեպանը։- Ամեն ինչն էլ ջուր ա ուզում։ Տարեկան երկու-իրեք անգամ որ ջրես, խաղողն էլ չի փչանա»։ 

Նախկինում Սեւքարը ջուր ստացել է Ջողազի ջրամբարից, որը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի վրա։ Մինչեւ հակամարտության սկսվելը ջրամբարից հավասարապես օգտվել են ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները։ Ջուրը պոմպով մղվել է գյուղի ամենաբարձր կետում գտնվող ջրամբար, որտեղից էլ բաժանվել է բնակչությանը։ Հիմա ջրամբարը երկու կողմից զինվորների հսկողության տակ է, եւ հնարավոր չէ պոմպակայանը գործարկել։ 

«Էն ժամանակ որ Ջողազի ջուրը գալիս էր, մի հատ խաղող չէր փչանում,-հիշում է Սեւան պապը։- Քաղում էի, բոչկեն լցնում, գինի էի անում, արաղ էի քաշում, ապրում էինք, հմի ինչո՞վ ապրենք»։ 

Ապրելու դժվարությունը շատերին ստիպել է հեռանալ գյուղից։ «Շուրջ երեք հարյուր երկարատեւ բացակայող ունենք,- ասում է գյուղապետ Վլադիմիր Մարգարյանը։- Ընտանիքներով էնտեղ են ապրում, բայց տղա էրեխեքի տասնութը որ լրանում ա, ուղարկում են Հայաստան ծառայելու, էդ մի կողմից լավ ա, որ լրիվ չեն կտրվում»։ Գյուղի բնակիչներից շատերն էլ գարնանը գնում են օտար երկրներում աշխատելու, ձմռանը վերադառնում։ 

Տիկին Սուսաննայի երեք տղաներն, օրինակ, Ռուսաստանում են։ Այնտեղից օգնում են իրենց մորը, բայց երբեմնի ակտիվ աշխատավորին այս վիճակը դուր չի գալիս։ «Էսօր էլ գործ ըլներ, չնայած տարիքիս, էսօր էլ կաշխատեի»,- ասում է նախկին ծխախոտագործուհին։ 

Ծխախոտագործությունը, որ Սեւքարի տնտեսության գլխավոր ճյուղերից է եղել, իսպառ վերացել է եւ դարձյալ ոռոգման ջրի բացակայության պատճառով։ «Ջուրը լինի, մարդիկ նորից կզբաղվեն ծխախոտով»,- ասում է համայնքի ղեկավարն ու հիշեցնում, որ ժամանակին սեւքարեցիները քաղաքից էլ լավ են ապրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter