Բազմաթիվ գյուղեր չունեն ո՛չ հին, ո՛չ էլ նոր գյուղտեխնիկա
«Դաշտս Խալաջի մոտ ա, Արծվանիկից մեխանիզմը խնդրեմ կամ` կգա, կամ` չի գա, դրա համար էլ մի տարի վար ու ցանք եմ անում, մի տարի չեմ անում։ Պրոբլեմ ա, վարն էլ, հունձն էլ, տեխնիկա չկա»,- ասում է Կապանի Սեւաքար գյուղի բնակիչ Հովիկ Մանուչարյանը։
Սեւաքար գյուղը խորհրդային տարիներին միայն 300 հա աշնանացան էր կատարում։ Նախկինում գյուղը տրակտոր ուներ, կոմբայն, ինչպես գյուղացիներն են ասում՝ երկու-երկու։ Գյուղի հացահատիկահավաք կոմբայնը պատերազմի դաշտում է մնացել. ուղարկել են Կապանի սահմանամերձ գյուղի դաշտը հնձելու, որտեղ էլ ոչնչացել է թշնամու արկից: Հիմա գյուղը տեխնիկա է խնդրում հարեւան Արծվանիկ կամ Դավիթ Բեկ գյուղերից։
Այս գյուղերը Սեւաքարից հեռու են 10-12 կմ։ «Սպասում ենք մինչեւ բոլոր գյուղերն իրենց հունձն ավարտեն, հետո մեր դաշտերը հնձեն։ Գալիս են այն ժամանակ, երբ բերքն արդեն փչացած է լինում»,- դժգոհում է սեւաքարցի Սեյրան Հովակիմյանը։ Համագյուղացի Հովիկ Մանուչարյանը լրացնում է նրան. «Բերքը հնձելու համար ժամանակ կա, եթե գարին ժամանակին չես հավաքում, թափվում է»: Ավելացրեց, որ ինքն էլ գարի չի ցանում, վերջին տարիների փորձից գիտի, որ հարեւան գյուղից տեխնիկան միշտ էլ ուշ է գալիս, եւ այդ պատճառով ինքը մեծ կորուստներ է ունենում։
Նախկին սեւաքարցի երեք երիտասարդներ քաղաքից տեղափոխվել են գյուղ, վարկ վերցրել եւ որոշել գյուղատնտեսությամբ զբաղվել։ Եւ ահա առաջին անհաջողությունը։ «Անցյալ տարի մեծ կորուստ եմ ունեցել, տեխնիկան ուշացել է, ցորենս թափվել է, 2 հեկտարից 1 տ բերք չեմ ստացել։ Ամեն տարի ասում եմ` էլ վար ու ցանք չեմ անելու, բայց ախր էդպես էլ հողերն են փչանում»,- պատմում է 26-ամյա Սուրեն Հովհաննիսյանը։
Սուրեն Հովակիմյանը նույնպես այս տարի բերքի մեծ կորուստ է ունեցել` 2 հեկտարից 417 կգ ցորեն է հնձել։ Մեխանիզատորները 1հա-ը հնձում են 10.000 դրամով, տեխնիկան գյուղից գյուղ տեխափոխելու համար էլ սեւաքարցին լրացուցիչ վճարում է եւ դեռ մեխանիզատորին էլ պետք է մի լավ պատիվ տա։ Այդպես է ընդունված։ «Դեռ էս ցորենը պիտի տանեմ զտելու, 5000 դրամ մեկ պարկ ցորենի հետ կտամ զտողին, դեռ պարզ չէ` զտելուց հետո էլ ինչքան կմնա տակը։ Ստացածս կարող է հավի կեր ծառայել»,- ասում է Սուրեն Հովակիմյանը։
Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանն ասում է, որ ժամանակին գյուղտեխնիկան սեփականաշնորհել են մեխանիզատորներին եւ նրանց ձեռքը կրակն ընկել։ Մեխանիզատորներից շատերը վաճառել են իրենց տնօրինած տեխնիկան. գյուղտեխնիկայի 60-70 %-ը, ըստ գյուղվարչության պետի, դուրս է եկել մարզից։ Սյունիքում 167 հացահատիկահավաք կոմբայն կար, մնացել է 144-ը։ Համայնքապետերն ու համագյուղացիները շատ հաճախ մեխանիզատորների հետ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ միասնական գին որոշելու եւ բոլորի համար հունձ կատարելու հարցերում։
«Ճիշտ է, տեխնիկան իրենցն է, ինչ գնով եւ ում համար ուզեն, կարող են աշխատել, սակայն կան նաեւ պարտաճանաչներ, որոնց հետ համայնքապետերը «լեզու են գտել»` մեկ ընդհանուր գին են որոշել ոչ միայն իրենց գյուղի հունձը կատարելու, այլեւ տեխնիկան վարձակալած հարեւան գյուղերի համար։ Օրինակ` Սիսիանի վարչատարածքի որոշ գյուղեր այս տարի բերքահավաքը կատարել են 10.000 դրամով, որոշ տեղերում` 8000-ով, Գորիսի վարչատարածքի գյուղերում հիմնականում 8000 դրամ է կազմել հունձը»,- տեղեկացրեց Քաջիկ Խաչատրյանը։
Գյուղտեխնիկայի հետ կապված խնդիրներ ունի Սյունիքի գյուղական բնակավայրերի մեծ մասը, մինչդեռ գյուղատնտեսական աշխատանքներում գյուղտեխնիկան ամենակարեւորն է։ Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի` խորհրդային տարիներից մնացած տեխնիկան օգտագործելն արդյունավետ չէ, մանավանդ հացահատիկահավաք կոմբայնները. դրանց մեծ մասը 25-30 տարվա վաղեմություն ունեն, պահեստամասեր դժվար է գտնել։ Բացի այդ, դրանք հարմար էին կոլեկտիվ աշխատանքների համար։ Այսօր գյուղատնտեսությունը զարգանում է ագարակային տնտեսությունների ուղղությամբ, որոնք մշակում են 100-200 հա տարածք։ Այս դեպքում առավել արդյունավետ են գյուղտեխնիկայի փոքրածավալ միավորները։ «Այժմ գյուղատնտեսության նախարարության, միջազգային կազմակերպությունների հետ պայմանագիր ենք կնքում Սյունիքի մարզ փոքրածավալ միավորներ ներկրելու համար: Մինչեւ հիմա ներկրել ենք ճապոնական, հնդկական, չինական տրակտորներ։ Դրանք իրենց մեջ ներառում են գութան, շարքացան, խոտհնձիչ, հավաքիչ, մամլիչ։ Մարզ են բերվել նաեւ փոքրածավալ հացահատիկահավաք կոմբայններ, որոնք շատ լավ արդյունք են ապահովում»,- տեղեկացրեց Քաջիկ Խաչատրյանը։
Մարզում 15 փոքրածավալ կոմպլեքս միավոր կա, որը բաժանված է Սյունիքի բոլոր վարչատարածքներին։ Մեղրու տարածաշրջանին տրամադրվել է 1 հացահատիկահավաք կոմբայն։ Գյուղատնտեսները լավ գիտեն, որ Սյունիքի մարզի համար եղած հին եւ նոր տեխնիկան քիչ է։ Գյուղտեխնիկան պետք է ձեռք բերեն ագարակային տնտեսությունները կամ համայնքապետարանները։ Սակայն, Ք. Խաչատրյանի համոզմամբ, մարզի ագարակային տնտեսությունները հզոր չեն, համայնքապետարաններն էլ փող չունեն նոր տեխնիկա ձեռք բերելու համար։
Ռուսական 1 գյուղտեխնիկան արժե 25.000 դոլար, չինական արտադրությանը` 2 մլն դրամ։ «Տեխնիկա տրամադրելու որևէ սկզբունք չկա, բավական է ֆինանս ունենալ։ Եթե այսօր հինգ մարդ դիմի մեզ եւ տեխնիկա ցանկանա ձեռք բերել, կարող ենք տրամադրել, միայն թե վճարվի դրա դիմաց»,- ասում է գյուղվարչության պետը։
Կապանի Սեւաքար գյուղում տարեցտարի կրճատվում են մշակվող դաշտերի ծավալները։ Այս տարի ընդամենը 10 հա գարնանացան են կատարել. պատճառը գյուղտեխնիկա չունենալն է: Հավանաբար, գյուղը հաջորդ տարի ավելի կկրճատի ցանքատարածքները, քանի որ Սեւաքարի համայնքապետարանը ֆինանսական միջոցներ չունի այն ձեռք բերելու համար։
Հոդվածը պատրաստել է «Գորիսի մամուլի ակումբ» հ/կ-ն՝ Համաշխարհային բանկի եւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Արմինե Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել