
Ծեծկռտուքը` պատգամավորական նախընտրական ինտրի՞գ
Էջմիածնի ոստիկանական բաժնից հաստատեցին, որ երեկ Էջմիանում ծեծկռտուք է եղել եւ անհայտ անձինք ծեծի են ենթարկել շինարարական գործունեություն ծավալող Էդիկ Սախկալյանի որդուն` Վարդան Սախկալյանին:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ ծեծկռտուքը լուրջ չի եղել, հիվանդանոց տեղափոխվածներ չկան, պարզապես իրար քաշքշել են: Առայժմ ոստիկանությանը հայտնի չէ, թե ովքեր են եղել ծեծկռտուք իրականացնողները: Էջմիածնի ոստիկանությունում դեպքի փաստով նախապատրաստում են նյութեր:
Մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Վարդան Սախկալյանին ծեծի են ենթարկել գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ` քաղաքի հանրակացարանի վերանորոգման հետ կապված:
ԵԿՄ-ից «Հետքին» տեղեկացրին, որ գեներալ Մանվել Գրիգորյանը որեւէ առնչություն չունի Էդիկ Սախկալյանի հետ եւ իրենք տեղյակ չեն, թե ովքեր են ծեծկռտուքի մասնակիցները, չգիտեն էլ ծեծկռտուք եղե՞լ է, թե՞ ոչ:
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնից էլ տեղեկացրին, որ քաղաքապետարանը հանրակացարանի բնակիչների հետ կապված իր պարտավորությունները լիովին կատարել է` նրանց հանձնելով սեփականության իրավունքի վկայականներ: Իսկ շենքի վերանորոգման աշխատանքներն իրենց հետ ոչ մի կապ չունեն:
«Այս առումով Էդիկ Սախկալյանի հետ կապված քաղաքապետարանը նույնիսկ շահերի բախում էլ չունի»,- տեղեկացրին քաղաքապետարանից:
Նշենք, որ մոտ մեկ տարի է՝ նախագահի վերահսկողական ծառայությունը հանրակացարանի շինաշխատանքների իրականացման հանձնարարականը տվել է Էդիկ Սախկալյանի ղեկավարած ընկերությանը: Մինչդեռ նա մինչ օրս չի կատարել ստանձնած պարտավորությունները: Մեզ հետ զրույցում հանրակացարանի բնակիչները նույնպես դժհոգեցին, որ առաջընթաց չկա:
Էջմիածնում խոսում են, որ այս ծեծկռտուքը Մանվել Գրիգորյանի հետ կապելն իրականում առաջիկա ընտրությունների հետ է կապված: Ըստ խոսակցությունների` ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Հակոբ Հակոբյանի (մականունը` Ճոյտ) շրջապատը, մտավախություն ունենալով, որ Էջմիածնում պատգամավորական թեկնածություն կառաջադրի նաեւ Էջմիածնի ներկայիս քաղաքապետը` գեներալի որդի Կարեն Գրիգորյանը, քաղաքում կատարվող ամեն բացասական բան կապում են Գրիգորյանների հետ՝ փորձելով այդ կերպ վարկաբեկել Կարեն Գրիգորյանին:
Իսկ Էջմիածնի քաղաքապետարանից ընդգծում են, որ Կարեն Գրիգորյանը պատգամավոր ընտրվելու ցանկություն չունի:
Ինչպես Էդիկ Սախկալյանի, այնպես էլ Հակոբ Հակոբյանի հետ զրուցել չհաջողվեց. նրանց հեռախոսներն անջատված էին:
Մեկնաբանել