
Այս դատավորը չի կարող անաչառ վճիռ կայացնել
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Էդիկ Ավետիսյանի վարույթում քննվում է միանգամից երկու քաղաքացիական գործ. առաջինը «Երկիր» միության նախագահ, սփյուռքահայ ներդրող Գարապետ Հարթունյանի երբեմնի լիազոր ներկայացուցիչ Սևակ Արզարունու քաղաքացիական հայցն է ընդդեմ Նարեկ Հարթունյանի, Սարո Հարթունյանի՝ գումարի բռնագանձման պահանջով, և երկրորդը՝ Սարո Հարթունյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Սևակ Արզարունու, Արմեն Ազիզյանի: Հակընդդեմ հայցի էությունն այն է, որ պարտավորագրի «մաքուր շահույթի» 25%-ի՝ Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9%-ը մասնակի անվավեր ճանաչվի դատարանի կողմից:
Դատավարությունն ընթանում է ավելի քան երկու տարի, և ինչպես Նարեկ ու Սարո Հարթունյանների ներկայացուցիչ, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն է նշում՝ իր վստահորդները սկսել են կասկածել, որ դատավոր Ավետիսյանը անաչառ քննություն է իրականացնում: Ավելին՝ նրանք կարծում են, որ դատավորի «ջանքերով» խախտվում է իրենց արդար դատաքննության իրավունքը: Ուստի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը մարտի 1-ի նիստում ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Էդ. Ավետիսյանին:
Նշենք, որ նույն դատավոր Ավետիսյանի մեկ այլ վճռով, անտեսելով դատարան ներկայացված ապացույցն այն մասին, որ Սևակ Արզարունին քրեական գործով դատարանում ցուցմունք է տվել, որ Հարթունյաններին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերությունից, «կանխավճարի կարգով», ավելի քան 600 հազար դոլար է վերցրել, ամսական 720.000 դրամ ապօրինի աշխատավարձ և գործուղման ծախսեր է ստացել, մերժվել է ներկայացված գումարային պահանջը, և հօգուտ Սևակ Արզարունու վճիռ է կայացվել:
Ըստ Հարթունյանների փաստաբանի՝ դատավոր Ավետիսյանը, առանց հիմնավորման, հաստատված է համարել, որ Սևակ Արզարունին Հարթունյան ընտանիքի համար աշխատանքներ է կատարել, որոնց դիմաց որոշակի գումարներ է ստացել ոչ թե ընկերության միջոցներից, այլ ընկերության հիմնադիր Գարաբեդ Հարթունյանի և նրա որդիների միջոցներից:
«Տվյալ գործով Սևակ Արզարունու յուրաքանչյուր հայտարարություն Ձեր կողմից ընդունվել է որպես անվիճելի կամ հանրահայտ փաստ»,- նշված է փաստաբան Հովհաննիսյանի ինքնաբացարկի միջնորդության մեջ: Դատավորը հաստատված է համարել Սևակ Արզարունու հայտարարությունները և հակառակ արդարադատություն իրականացնելու առաքելության՝ Սևակ Արզարունուն ներկայացրել որպես «իր քրտնաջան աշխատանքով Հարթունյանների մոտ վաստակ ունեցող, այդ իմաստով ինքնապարգևատրման իրավունք վաստակած և կանխավճարի ձևով գումարներ ստացած» անձի, որն, իբր, «իրավասու» էր հայցվոր ընկերության գումարները տնօրինել:
Հարց. ինչպե՞ս է դատավորը կարողացել պարզել Հարթունյանի ընտանիքի կազմը, նրա որդիների՝ ով լինելը և նրանց կողմից գումարներ փոխանցելը, այդ գումարների չափն ու առնչությունը Սևակ Արզարունու կողմից ընկերությունից ստացված գումարների հետ:
Նման պայմաններում այս գործով, «ի դեմս Ձեզ, անկողմնակալ ու անաչառ դատարանի կողմից վճիռ կայացնելը բացառվում է», արձանագրված է ինքնաբացարկի միջնորդության մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել