«Թե տղա ես, ընբես էրա հաշվարկներդ, օր հնի կողքին բացված թազա փոսն հանկարծ մաշինեդ չընկնի»
Գյումրեցի վարորդները մանևրելու տեխնիկային խորությամբ տիրապետելու նպատակով որևէ դասընթացների այցելելու կարիք չունեն: «Ինչի մեր գյոզալ փողոցներին ի՞նչ է էղել,- կես կատակ, կես լուրջ հարցնում է գյումրեցի Կարոն:- Ըշտը կքշենք, կսորվինք, թող դրսից էկածները մտածեն: Անցած աշունը քանիմ հատ փոս կար, անգիր գիտեինք, փակ աչքերով էլ կանցնեինք կողքերով, հըմի օրական թազա փոս կբացվի, թե տղա ես, ընբես էրա հաշվարկներդ, օր հնի կողքին բացված թազա փոսն հանկարծ մաշինեդ չընկնի: Ըբը ըսիկ էղավ գո՞րծ... Վարդանիկի տղու էրած ասֆալտն ինչ էր օր դիմանար, հո մենակ փողը քամուն տալով չէ: Էս կողմը Նորավանի, էն կողմը Պոլիգոնի վրա, վայթեմ թե Լենինգրադյանի վրա էլ, իրանք են գործ էրե, բայց հմի գնա նայե, մե նորմալ տեղմ չկա, օր ավտոդ քշես»:
Զրուցակիցս հիշում է ձյան տակ որևէ բան թաքցնելու անհնարինության մասին տարածված ժողովրդական խոսքը: Հետո դժգոհում, որ շաբաթվա 4 օրը «դզող-փչողների» մոտ են: «Էս աղքատ քաղաքին մենակ էս փոսերն էին պակաս, էն էլ անձրևից հետո բուսած սնկերի նման ամեն տեղից գլուխները դուրս են հանել»,-կատակում է Կարոն:
Անցած ամռանը բարեկարգված փողոցների անմխիթար պատկերն անակնկալի է բերել ոչ միայն գյումրեցի վարորդներին: Գյուրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը ձեռքերն է տարածում:
«Անկեղծ ասած, մենք էլ չէինք սպասում, որ այսպիսի պատկեր կունենանք: Ձյունը հալվեց, արված ասֆալտն էլ հետը: Բյուջեի պալանավորման ժամանակ ցանկություն ունեինք վերցնելու մի քանի թաղային նշանակության փողոցներ և հիմնանորոգելու: Որովհետև անընդհատ այդ մասին խոսվում է, սակայն մինչև օրս երկրորդական փողոցների մասով շատ քիչ բան է արված: Բայց գարնան գալուն պես հասկացանք, որ մենք խնդիր ունենք նաև գլխավոր փողոցներում»,- ասում է Կնյազ Մանասյանը:
Անցած տարի՝ նախկին քաղաքապետի օրոք, փոսալցման և փողոցների մասնակի նորոգման աշխատանքների համար ծրագրվել էր ծախսել 400 մլն դրամ, սակայն 721 մլն դրամի կատարողական էր ներկայացվել: Փոսալցման աշխատանքներն իրականացրել էր «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ն, որն, ասում են, պատկանում է հենց Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, և որին անցած տարվա հուլիսին կատարած փոսալցումների համար քաղաքապետարանը պարտք էր մնացել 421 մլն դրամ:
2012թ. հոկտեմբերի 25-ին կայացած ավագանու արտահերթ նիստում թվային բոլոր տվյալները հրապարակելուց հետո նշվեց նաև, որ հիշյալ ընկերությունը ցանկանում է իրեն պարտք գումարը համայնքապետարանից ստանալ դատական կարգով: Անցած ամռանը իրականացրած 421 մլն դրամի աշխատանքների տխուր պատկերն է, որ այս գարնանը գծագրվում է Գյումրիի փողոցներում:
«Մենք մտածում էինք, որ անցած տարի կատարված թե ասֆալտապատման, թե փոսալցման աշխատանքները բավարար են, և այս տարվա համար սկզբում պլանավորել էինք 170 մլն դրամ հատկացնել մասնակի նորոգումների համար, բայց հիմա հասկանում ենք, որ գումարը քիչ է, դարձրել ենք 202 մլն դրամ, բայց էլի հույս չունենք, թե հերիքելու է,- ասում է Կնյազ Մանասյանը:- Մինչև մայիս ամիսը դեռ հայտնի չէ, թե որքան մակերես կկազմի քայքայված ու շարքից դուրս եկած բոլոր փողոցները՝ միասին վերցրած»:
Ձյան հալոցքից բացվել են ոչ միայն վատ կարկատված փոսերը, այլև որքան էլ տարօրինակ է, հիմնանորոգված փողոցները: Այդ փողոցներում ի հայտ եկած թերությունների առումով պարոն Մանասյանն ասում է, որ իրենք անհանգստանալու բան չունեն: Շինարարը մեկ տարվա երաշխիքային սպասարկման պարտավորագիր է ստորագրում և հայտանաբերված թերությունները վերացնում սեփական միջոցների հաշվին:
Այս տարի քաղաքապետարանը ծրագրել է հիմնանորոգել միայն Վարդանանց հրապարկը և Արագած ճեմափողոցը, մնացած փողոցներում պիտի արվեն լոկ փոսային նորոգումներ: Առայժմ, որպեսզի ինչ-որ կերպ թեթևացնեն վարորդների վիճակը, առաջացած մեծ փոսերը լցնում են խիճով:
Սակայն վարորդները խնդրի ժամանակավոր լուծման այս եղանակին դեմ են: Տաքսու վարորդ Սահակը բացատրում է, որ անիվների հետ փոսերից դուրս թռչող քարը, եթե սեփական մեքենային էլ չվնասի, կողքից ընթացող մեքենային հաստատ վնաս կհասցնի: «Կողքիցդ անցնող ավտոյի կալոսը քարը դուրս կչրթե ընթացքից, կռնա պատպռիզիդ զարգե, ինչ իմանաս: Էդ լցած խիճը բդի պռեսովկա էնեն: Չեն էնե, բաց կթողնին, էդ էլ մեզի հեչ օգուտ չէ»,- բացատրում է Սահակը:
«Վատ արված ասֆալտապատմանն այս տարի գումարվել են նաև ջրմուղկոյուղու կողմից քանդված փողոցները,- ասում է Կնյազ Մանասյանը:- Իրանք իբրև թե վերականգնում են, բայց արդյունքում ավելի վատթար վիճակ են ստեղծում: Գրունտը դեռ չնստած՝ վրան ասֆալտի շերտ են անում: Քանի դեռ ձյուն էր, պրոբլեմը չէր երևում, բայց հենց սկսվեց հալոցքը, էդ շերտերն ամբողջությամբ նստեցին, և այդ հատվածներում կրկին փոսեր են բացվել»:
Գյուրիի քաղաքապետարանից զգուշացրել են, որ ջրամատակարար ընկերության կատարած աշխատանքները չեն ընդունելու և գարնանը ստիպելու են կրկնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանն ասում է, որ հետևողական են լինելու և խիստ վերահսկողություն են սահմանելու այս տարի իրականացվող ասֆալտապատման և փոսային նորոգման աշխատանքների որակի ու ծավալի նկատմամբ, որ նման խայտառակ փաստի առաջ այլևս չկանգնեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել