
«Եթե ջավախքցի եմ, ինչ է, իրավունք չունե՞մ իմ կարծիքն արտահայտելու»
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Արարատ Արզումանյանը մի քանի օր առաջ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ փետրվարի 27-ին տեղի ունեցած ուսանողական դասադուլի ժամանակ նա հայհոյական արտահայտություն էր արել, դրանից հետո ողջ ֆեյսբուքը քննարկում և քննադատում էր ախալքալաքցիներին, որոնց ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանը «զորքի» տեղ դնելով հրահանգում էր «առաջանալ»:
Դեպքի առնչությամբ «Հետքի» հարցերին պատասխանեց Արարատ Արզումանյանը:
Արարատ, որոշ մարդիկ ասում են, որ սադրանքի զոհ եք դարձել, մյուսները, որ սանձարձակ պահվածք եք դրսևորել այդ օրը: Կարող եք պատմել` ի՞նչ էր իրականում տեղի ունեցել:
Դասադուլի կազմակերպիչներից Տիգրանի հետ էի խոսում, իրենից պահանջում էի, որ այն աղջկան ներկայացներ, որը մատերով դեպի մեզ ժեստ էր անում: Պահանջում էի, որ ասեին, թե այդ մատերն ում էր ուղղված: Ինքն ասում էր` չգիտեմ, դա ձեզ չէր ուղղված, մենք նրա համար պատասխանատվություն չենք կրում: Ասում եմ` բա ոնց եք իջել հիմա մեզ հետ իրենց անունից խոսում: Էդ պահին մեր ընկերներից մեկը ասաց` դե ուրեմն եթե նման աղջիկներ կան, ամոթ իրենց կերած կաթին, որ այդ ձևի բան են անում: Ու իրենց միտինգավոր տղաներից մեկը գոռում է` կերած կաթերդ կլցնեմ գլխներիդ: Ես էլ էդ իմ խոսքն եմ ասում: Եվ իրենք առաջին մասը կտրել են` իրենց ասած կերած կաթի պահը, հատուկ սարքել են, որ պրովոկացիա անեն, մեր ախալքալաքցիներին իրար մեջ իրար դեմ հանեն: Եթե ուշադիր վիդեոն նայեք, կնկատեք, որ ես այնտեղ կոչեր եմ անում` հանկարծ իրար չխփեն, մեկը ուզում է նորից հայհոյել, ես բերանն եմ փակում: Պատկերացրեք, թե ինչ կարգի են ինձ հունից հանել, որ ես այդ արտահայտությունն անում եմ:
Դուք ինչպե՞ս էիք հայտնվել միջադեպի վայրում, հատո՞ւկ էին կանչել, թե՞ պատահական:
Չէ, պատահաբար չէ, մենք տեղյակ էինք դասադուլին, ուղղակի ոնց իրենք եկել էին ասելու` դասադուլ անենք, մենք էլ մեր կոչն էինք ասում, որ չենք անում: Ի՞նչ կա դրա մեջ:
Ես ուսանող եմ, եթե ջավախքցի եմ, ինչ է, իրավունք չունե՞մ իմ կարծիքն արտահայտել: Դեմ էինք այդ դասադուլին, ու մենք հանգիստ կանգնած էինք, և ուրիշ ոչ մի ձևի` ոչ մեզ ասել էին, ոչ հրահրել էին. նման մարդիկ չկան, որ մեզ հրամայեն ինչ-որ բաներ անել:
Ռեկտորի օգնականն ի՞նչ կոչեր էր անում` «ախալքալաքցիներ առաջ եկեք»:
Այդ ժամանակ դիմացը դասադուլավորների հետ բախում կար, ինքն ասում է` ոստիկանական զորքերը ու ախալքալաքցիները թող առաջ գան, որ հանկարծ բախում չլինի: Ուղղակի ուրիշ ձև է հնչել: Մենք իրենից պարզաբանում ենք պահանջել, ինքն էլ ասաց` եթե հանկարծ սխալ են հասկացել, թող բոլոր ախալքալաքցի տղաներն էլ ներեն ինձ: Ուղղակի մոնտաժ են արել, ախալքալաքցիներին զորք են սարքել: Դա պրվոկացիա է:
Իսկ ինչո՞ւ էիք դրսում, եթե դեմ էիք, դասի նստեիք:
Ես մեր բոլոր տղաներին խնդրել էի, որ նստեն դասերի: Եթե էդ ձև լիներ, մենք կոչ անեինք, որ նրանք էլ գային դասադուլավորների դեմ, ապա հաստատ 1000 հոգի մարդ կհավաքվեր, մենք բոլորին խնդրել էինք իրենց դասերին նստել, ուղղակի էդ պահին ով դասի չէր, այդտեղ էր: Այնտեղ շատ ախալքալաքցիներ չեն եղել, եղել է ընդամենը 5-6 ախալքալաքցի:
Ձեր կարծիքով` ընտրություններն արդար են անցել, դրա՞ համար եք դեմ դասադուլին:
Ես Հայաստանի քաղաքացի չեմ, և ինձ չեմ վերապահում գնահատել, թե Հայաստանում ընտրություններն ինչպես են անցել:
Այդ միջադեպից հետո ջավախքցիները ձեզ մեղադրում են, որ իրենց անունը «գետնովը տվեցիք», մեղմ ասած` խայտառակեցիք: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
Ովքեր նման բան են ասում, թող մի հատ իրենց նայեն, թե Ախալքալաքի համար ինչ-որ բան ունեն արած: Անձամբ ես լիքը բաներ եմ արել. մասնակցել եմ ՄԱԿ-ի գրասենյակի դեմ կազմակերպված բողոքի ակցիային, որն ուղղված էր Ջավախքում հայկական գրքերի տպագրման, հայոց պատմություն առարկայի դասավանդմանը: Մասնակցել եմ Վրաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ակցիային: Ես ունեմ ընկերներ, որոնք եղել են այդ միջադեպին, և կոչ եմ անում, որ այդ ագիտացիաներին չհավատան: Մարդիկ տեղյակ չեն եղել իրականում ինչ է եղել, և իրենց կարծիքն արտահայտում են` չիմանալով:
Զղջո՞ւմ եք, որ նման միջադեպ է տեղի ունեցել:
Փոշմանել եմ այնքանով, որ ինձ չեմ զսպել այդ պահին, բայց որ յուրաքանչյուր հայ տղամարդու այդ ձևով հայհոյեին, ինքն էլ ինչքան ուզում է զուսպ լիներ, որքան ուզում է տեսախցիկներ լինեին, հաստատ չէր կարողանա իրեն զսպել: Այնքանով եմ ուրախ, որ զսպել եմ և այլ արտահայտություններ չեմ արել: Այդ բառը, ճիշտ է, ինչ-որ տեղ հայհոյանք է, բայց մեր բարբառով ընկերն էլ ընկերոջը կարող է ասել դա, այսինքն`նշանակում է` գնա այստեղից:
Մենք փորձում ենք ամբողջական տեսագրությունը գտել, բայց ցավոք սրտի չենք կարող, որ իրենց արած արտահայտությունն էլ տեսնեն: Բայց աշխատում ենք այդ ուղղությամբ:
Այդ արտահայտությունն ուղղված է եղել այն աղջիկներին, ովքեր իրենց հայ աղջկա տեղ դնելով, որպես հայ աղջկա կերպար, իրենք իրենց մատերն են ցույց տալիս ԵՊՀ-ի դիմացը, և նկարվել են:
Լուսանկարը` Սոնա Սիմոնյանի
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել