Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարը՝ ուշադրության կենտրոնում
Գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության իրավական հարցերով մշտական խորհրդատու Ս. Քեսլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Թմրանյութերի վերահսկման և իրավապաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության նամակ-համաձայնագրի» շրջանակներում փոխգործակցության մի շարք հարցեր:
Գլխավոր դատախազի տեղակալը մասնավորապես նշել է, որ ներկա պահին առաջնահերթ են իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումների խնդիրները, միջազգային փորձի ուսումնասիրումը:
Ա. Դանիելյանը կարևորել է ամերիկյան իրավապահների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում կուտակած հարուստ փորձն ուսումնասիրելու և գործնականում հնարավորինս այն կիրառելու նպատակով ավելի քան 30 դատախազների և քննիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:
«ՀՀ դատախազության դպրոցն այսօր ունի բավարար նյութատեխնիկական հնարավորություններ՝ պատշաճ կարգով կազմակերպելու և անցկացնելու նման մեծածավալ մասնագիտական դասընթացներ», - նշել է Ա. Դանիելյանը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև իրավապահ մարմինների մասնագիտացված ստորաբաժանումների միջև լոկալ ներքին ցանցերի ստեղծման խնդիրները, որոնց առկայության դեպքում էական կբարելավվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահների օպերատիվ աշխատանքները:
Դատախազի տեղակալը նշել է, որ հանցավորության դեմ պայքարի վիճակագրական տվյալներով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ուսումնասիրություններով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում բացահայտումների աճի ակնհայտ միտում է նկատվում, որը մեծապես պայմանավորված է նաև գլխավոր դատախազության կազմում ստեղծված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հատուկ մասնագիտացված բաժնի աշխատանքներով:
Ս. Քեսլերը նշել է, թե «բարեբախտաբար, Հայաստանն այսօր թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում դեռ չունի այն խնդիրները, որ առկա են Միացյալ Նահանգներում» և հավելել, որ, իրոք, իրավապահ մարմինների կողմից տարվում է բավականին լուրջ և մեծածավալ աշխատանք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել