Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր: Անդրադարձ կատարվեց վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ եռանախագահների կողմից նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց, որ Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ համանախագահների հետ նախորդ երկու հանդիպումների ժամանակ համաձայնեցված համատեղ մամլո հաղորդագրությունները ադրբեջանական կողմը ոչ միայն այդպես էլ չհրապարակեց, այլև արդեն բնորոշ դարձած ոճով ներկայացրեց քննարկված հարցերի հետ առչնություն չունեցող հաղորդագրություններ: Արդեն ավանդույթ է դարձել, երբ ադրբեջանական կողմը մերժում է եռանախագահների կողմից ներկայացված առաջարկները և հետո մտահոգություն հայտնում բանակցային գործընթացի վերաբերյալ:
Նախարար Նալբանդյանը վերստին շնորհակալություն հայտնեց համանախագահներին կարևոր և հետևողական միջնորդական առաքելության համար, որի վկայությունն են նաև եռանախագահ երկրների ղեկավարների կողմից լ՝Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում արված համատեղ հայտարարությունները:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ՝ ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Հայաստանը համանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել