Ախալքալաքի վարչության նախագահը «Ազգայիններից» անցավ «Երազանք»
Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը «Վրացական երազանք» կուսակցության անդամության դիմում է ներկայացրել։
2012 թվականի խորհրդարանական ընտրություններից, իշխանափոխության մեկնարկից անմիջապես հետո Նաիրի Իրիցյանը չէր թաքցնում, որ մտադիր է հեռանալ «Միասնական ազգային շարժումից» և միանալ «Վրացական երազանք» կոալիցիայի կազմի կուսակցություններից մեկին։ Վերջերս վարչության նախագահը Թբիլիսիում «Վրացական երազանքին» անդամակցելու դիմում ներկայացրեց։ Սույն փաստը Ախալքալաքի «Վրացական երազանքի» ակտիվիստները բացասաբար ընդունեցին։ Ակտիվիստների խոսքերով, Նաիրի Իրիցյանն և մյուս պաշտոնյանները, ովքեր «Ազգայիններից» անցնում են «Վրացական երազանք», քաղաքական անկայուն հայացքներ ունեն և ձգտում են միայն պահպանել իշխանությունը։ «Հարավային Դարպասը» զրուցել է Նաիրի Իրիցյանի հետ։
- Ո՞ւմ նախաձեռնությունն է «Վրացական երազանքին» Ձեր անդամակցությունը։
- Ակհնայտ է, որ «Միասնական ազգային շարժումը» փաստորեն վերանում է, մահանում։ Եվ եթե հաջորդ տարիներին ընտրությունները այնպես անցկացվեն, որ պետք է լինես որևէ կուսակցության անդամ, բնական է, որ դա իմ նախաձեռնությունն է։ Ցանկանում եմ մասնակցել 2014 թվականի տեղական ընտրություններին և լինել կուսակցության անդամ։ Եթե կուսակցական չլինեմ, ըստ իս, տեղական ընտրություններին մասնակցել չեմ կարողանա։
- Բայց ինչո՞ւ «Վրացական երազանք»։
- Ինչո՞ւ ընտրեցի։ Ինչպես երևում է, ուժեղ կուսակցություն է, և նրանց կողմից իրականացված վերջին քայլերը, այսինքն` ոչ վերջին, ուղղակի երբ այդքան անմեղ մարդիկ բանտերում էին ու ազատ արձակվեցին, շատ դուր եկան։ Ուստի և ներկա դրությամբ «Երազանքի» գաղափարները շատ են դուր գալիս։
-Այսինքն` դուք ընդունում եք, որ «Ազգայինները» շատ անմեղ մարդկանց են արգելափակել բանտերում։
-Դուք մի կարծեք, որ եթե ես «Ազգայինների» անդամ կամ լիդեր էի, իմ նկատմամբ ճնշում չէր գործադրվում։ Եթե սովորական մարդկանց նկատմամբ ճնշումը 5 տոկոս էր, ապա ինձ վրա այն 200 էր։
- Ի՞նչ ճնշում էր գործադրվում Ձեզ վրա։
- Եկեք անցյալի մասին չխոսենք, ինչ եղել՝ անցել է։ Համբերեցի, այդ ամենին դիմացա։ Ճնշումներ եղե՞լ են։ Միանշանակ, եղել են։ Եղել է դա աշխատավայրում, թե եկեղեցիների շինարարության, թե այլ ոլորտում, տարբեր ձևերով։ Սակայն դա արդեն անցյալ է։
- Դուք ընդունում եք «Վրացական երազանքի» գաղափարախոսությունը։
- Դրանց լավ ծանոթ չեմ։ Ներկա դրությամբ նրանց ընդհանուր քաղաքական նպատակներին, ձգտումներին տեղյակ չեմ։ Տեսնում եմ այսօր կատարած գործերը։ Խոստումները, որոնք արվել էին, կատարվում են, ոչ 100 տոկոսով, քանզի դա անհնարին է։ Ընտրություններից առաջ, որ խոսում էին գյուղատնտեսության և մյուս ոլորտների մասին, գործեր արվում են։ Սկզբից մեծ գումարներ էին, հետո՝ ավելի պակաս։ Սակայն գործը առաջ է մղվում։
- «Վրացական երազանք» Ձեր անցումը չի նշանակում արդյո՞ք, որ ցանկանում եք մնալ ղեկավար պաշտոնում։
- Ընդհանրապես ղեկավարության կազմում մնալ չեմ ցանկանում։ «Վրացական երազանքում» ասացի, եթե պետք չեմ, կգնամ։ Իշխանությունում մնալ կարելի է, միայն թե այլ պաշտոնով։
- Ուղղակի համակարգում մնա՞լ եք ցանկանում։
-Ոչ։ Դուք միայն մի կողմն եք տեսնում։ Ինչն է ինձ պահում իմ պաշտոնում, եթե ինձ թույլ տայի սխալ քայլեր, ինձ ոչ միայն պաշտոնում չէին թողնի, այլ կդատեին։
Ցանկանում եմ ասել, որ ցանկացած կուսակցությունում լինելով, լինի դա «Երազանքը», թե «Ազգայինները», ես իմ գործն եմ անում։ Շրջանում ջրատարներ ենք անցկացնում, ճանապարհներ ենք բարեկարգում։ Հնարավոր է, ինչ որ տեղ ասֆալտե ծածկի վրա դարուփոսեր են մնացել, լավ չեն արել գործը, սակայն ես, վարչության նախագահի պարտականություններում նախատեսված իմ գործը անում եմ։ Այդ աշխատանքը լավ եմ կատարում։
Կարծում եմ, իմ աշխատանքը շրջանի համար վատ արդյունքներ չի ունեցել, դրա համար էլ իշխանությունից լրիվությամբ հեռանալ չեմ ցանկանում։ Համոզված եմ, որ իմ գիտելիքները և գործ կատարելու ունակությունը օգուտ կբերի հենց նույն «Երազանքի» անդամներին, «Հանրապետականներին» և մյուսներին։
Հարցրեք 31 պատգամավորներից ցանկացածին, թե որտեղ են ջրերի գլխամասայինը։ Եթե գյուղերից թեկուզ երկու հոգու գտնեք, ովքեր գիտեն, մենք նրանց հետ կգնանք։ Այսօր շրջանում չկա գետ, որտեղից ջուր ենք վերցնում, որ եղած չլինեմ և անձամբ ստուգած չլինեմ, թե որքան է պետք ջուրը գյուղին հասցնելու համար և ինչ գումարների կարիք կզգացվի։
Մանրամասն գիտեմ, թե ինչ է տեղի ունենում շրջանում և եթե շրջանին պետք եմ և կարող եմ օգտակար լինել, հենց դրա համար եմ ասում և ոչ թե քաղաքական նկատառումներից ելնելով։ Եթե նույն քաղաքագետները գտնեն, որ պետք չեմ, ապա հանգիստ կարող են ասել. «Բարի ճանապարհ տուն»։ Եվ ես կգնամ և տանս կնստեմ։
- Եթե մտադիր էիք անդամագրվել «Վրացական երազանքին», ապա ինչո՞վ կբացատրեք Ձեր մասնակցությունը փետրվարի 15-ի՝ «Երազանքի» պատասխան հանրահավաքին։
-Ես ինքս ինձ էի պաշտպանում։ «Երազանքի» դեմ չեմ։ «Վրացական երազանքը» ժամկետ տվեց, որ 6 օրում պետք է հեռանանք։ Նման ոչինչ օրենքում չկա։ Գոյություն ունի տեղական ընտրությունների մասին օրենք: 2014 թվականին ում ցանկանում եք, նրան էլ ընտրեք։ Ինձ կընտրեք, Նորիկին, թե ձեր թեկնածությունը կդնեք։ Դրա համար օրենք գոյություն ունի։
Նաև, եթե ընտրություններն ավելի վաղ եք ցանկանում անցկացնել, մենք ունենք 31 պատգամավոր, 32-րդը ես էի ու գնացի և եթե պատգամավորները սակրեբուլոյի նախագահին կփոխեն, ապա նախագահն էլ ինձ կփոխի։ Եթե մինչ այդ են ցանկանում ինձ փոխել, թող գրեն մի մեծ գործի մասին, որ կատարվել է գողություն կամ խախտում, գրեն սակրեբուլոյին որևէ խախտման մասին և ելնելով դրանից պահանջեն փոփոխություն։ Եվ ոչ թե այնպես, որ եկան և դուռը ծեծեցին, թե հիմա մենք եկանք, ժամկետը սպառվել է, մարմինները փոխվելու են և չգիտեմ էլ ինչ։
- «Վրացական երազանքի» տեղի ակտիվիստները Ձեզ չեն ընդունում…
- Առկա է տարբերություն տեղի «Վրացական երազանքի» և Թբիլիսիի միջև։ Տարբերությունը այն է, որ երբ խոսում ենք Թբիլիսիի «Վրացական երազանքի» հետ, ասում են, որ նման հրաման չեն տվել, այդ մարդիկ ինքնուրույն են գործում և մեզ գործից տեղյակ չեն պահում, մենք նման մեթոդներով իշխանության գալ չենք ցանկանում։ Երեկվա հանդիպմանը նրանք նաև պարզաբանեցին, որ մեր անունից նման քայլեր չպետք է իրականացվեն։ Վարվեք այնպես, ինչպես նախատեսված է օրենքով։
- Եթե Դուք մտնեք «Վրացական երազանք», ինչպե՞ս եք համագործակցելու տեղի «Երազանքի» հետ։
-Որքա՞ն ժամանակ է, ինչ կազմավորվել է այստեղ գոյություն ունեցող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ովքե՞ր են դրա լիդերները։ Կանգ առնենք Ռաիսյանի և Կարապետյանի վրա։ Ե՞րբ Նորիկ Կարապետյանը միացավ «Ազգայիններին»։ Երբ նա միացավ «Ազգայիններին», ես դրանից հետո, չորս տարվա ընթացքում, առանց կուսակցականության, որպես մեծամասնական՝ ընտրություններն անցա։ Կարծեմ նա 2005-2006 թվականներին անդամակցեց։ Ես անդամակցեցի 2010 թվականին։ Եթե Նորիկ Կարապետյանը «Ազգայիններին» անդամակցության 7-8 տարվա ստաժի պայմաններում կարող էր դառնալ «Վրացական երազանքի» անդամ, ապա ինչո՞ւ ես չեմ կարող։
Ո՞վ «Ազգայիններին» դրոշներով բերեց։ Մելիք Ռաիսյանը։ Ժվանիայի հետ միասին դրոշներով Սահակաշվիլուն բերեցին և Շևարդնաձեին հեռացրին։ Իսկ հիմա, չգիտես ինչո՞ւ նա կարող էր մտնել «Վրացական երազանք», իսկ ես չուղղեի իմ 3-4 ամսվա սխալը և չմտնեի «Երազանք»։ Ես նրանցից եմ օրինակ վերցնում, ճիշտ է, մի փոքր ուշացումով, սակայն բոլոր դեպքերում՝ նրանցից։ Նրանք փորձված քաղաքագետներ են, իսկ ես նոր, ավագներից եմ սովորում։
- Ո՞րն էր «Ազգայինների» այն սխալը, որի համար ներկա դրությամբ նրանից բոլորը հրաժարվում են։
- «Ազգայինները» լավ աշխատակիցներ ունեին։ Կուսակցությանը փլուզեցին բռնությունները։ Մինչև վերջին օրերը ինձ վերահսկում էին, հետևում և այլն, քանզի գիտեին, որ ցանկանում եմ անցնել «Վրացական երազանք»։ Եթե նայենք «Ազգայիններին», ապա այդտեղ տարբեր խավերի մարդիկ կային՝ գյուղացիներ, բիզնեսմեններ, մտավորականներ, ուսուցիչներ, բժիշկներ և այլն։ Ներկա դրությամբ, ապա տեսեք, այդ մարդկանցից ովքեր են մնացել նրանց կողքին։ Ոչ մեկը։ Եթե ժամանակին ճիշտ վերլուծեին, ապա ընտրություններում չէին պարտվի։ Ոչ մեկը նրանց չէր լքի՝ ոչ գյուղի բնակիչները, ոչ մտավորականները, ոչ բժիշկները, ոչ մեկը։ Հենց դրա համար էլ պարտություն կրեցին։ Նրանք գտնում էին, որ ասֆալտը կփռեն, և մարդիկ կտեսնեն, կգնահատեն և կատարած աշխատանքի համար նրանց օգտին կքվեարկեն։ Իսկ որ վիրավորում էին անձին, էական չէին համարում։
-Տեղի «Վրացական երազանքը» Ձեզ մեղադրում է տատանումների և քաղաքական հայացքների բացակայության մեջ…
- Ես այսօր քաղաքական համոզմունքներ չունեմ։ Ընդհանուր կուսակցականությունը չեմ ընկալում, ուստի և կայուն համոզմունքներ չունեմ։ Եթե չեմ կարդացել, ապա և չգիտեմ։
-Դա Դուք ճի՞շտ եք համարում։
- Եթե կա լիդեր, ապա գալու և ասելու է, որ սա «Վրացական երազանքի» ծրագիրն է։ Այդքան տարի «Ազգայիններում» էի և նրանց ծրագրին էլ ծանոթ չէի։ Այդ մասին առաջին հերթին պետք է մտածեն կուսակցության հիմնադիրները և ոչ թե ես։
Երբ ընտրություններ են ընթանում, բոլոր կուսակցությունները խոսում են։ Ո՞վ է երբևէ իր կարգախոսներում ասել, որ մարդիկ պետք է վախենան, նման կուսակցության հանդիպե՞լ եք։ Բոլորը մի նպատակ ունեն, որ բնակիչները լավ լինեն։ Բոլորը մի գաղափարի են, թեպետ կուսակցությունների են բաժանված, ոմանք «Վրացական երազանքում», ոմանք՝ «Ազգայիններում», և բոլորը խոսում են ժողովրդի բարօրության մասին։ Ինչո՞ւ չեն միանում, եթե նույն գաղափարախոսությունն ունեն։ Հետո ինչ-որ մեկը կուսակցության լիդեր է դառնում և ինչպես է ղեկավարում, այն ժամանակ է պարզվում, դառնում է արդյոք դիկտատոր, թե ոչ։ Երբ կոմունիզմ էինք կառուցում, մի բան գրվում էր, իսկ մենք այլ բան էինք անում։ Ամեն ինչ ղեկավարությունից է կախված։ Չէ որ «Ազգայինները» գրած չունեին, թե բանտերում ինչ էին անելու, սակայն տեսաք ի՞նչ կատարվեց։ Հենց փաստը սա է։
Նաիրի Իրիցյանի կենսագրությունը.
Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության նախագահ, ծնվել է 1963 թվականի հոկտեմբերի 21-ին, ք. Ախալքալաքում։ Կրթությունը՝ բարձրագույն, ավարտել է ք. Սամարայի կապի ինստիտուտը, 1994-1997 թվականներին ծառայել է ֆինանսական ոստիկանությունում, 2002-2006 թվականներին եղել է Ախալքալաքի քաղաքապետը, ապա տեղական մունիցիպալիտետի պատգամավոր։ 2008 թվականից մունիցիպալիտետի վարչության փոխնախագահ, նույն թվականի հունիսին նշանակվել է մունիցիպալիտետի վարչության նախագահ։ 2010 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններից հետո նշանակվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության նախագահ։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։ (աղբյուրը՝ http://akhalkalaki.ge)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել