ՀՀ փոխվարչապետն ընդունել է Իրաքի առողջապահության նախարարության պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրաքի Հանրապետության առողջապահության փոխնախարար Սաթար Ջաբար Արեմշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը կարեւորում է բարեկամ Իրաքի հետ հարաբերությունների խորացումը: Նա նկատեց, որ 2012թ. սեպտեմբերին Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան, իսկ նոյեմբերին Բաղդադում կայացած միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը նոր թափ հաղորդեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը: «Ուրախ եմ, որ այդ փոխայցելությունների եւ համագործակցության արդյունքներն արդեն նկատելի են: Հուսով եմ, որ այս այցի ընթացքում կհաջողվի առողջապահության ոլորտում փոխգործակցության լուրջ նախադրյալներ ստեղծել»,-նշեց Ա. Գեւորգյանը:
Փոխվարչապետը նաեւ ՀՀ կառավարության անունից հավաստիացրեց, որ հայկական կողմը պատրաստակամ է աջակցել Իրաքի առողջապահական համակարգի զարգացման ու արդիականացման աշխատանքներին: Նա նաեւ տեղեկացրեց, որ վերջին շաբաթների ընթացքում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Իրաքի հետ տարբեր ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրերի կնքման առաջարկությունները, եւ այդ փաստաթղթերի ստորագրումն էապես կնպաստի գործակցության խորացմանը:
Հյուրերը նշեցին, որ Իրաքի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրում առողջապահության ոլորտի զարգացմանը, եւ իրաքյան կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությամբ` թե դեղագործական, թե բուժական, թե բժշկական կրթության բնագավառներում:
Պատվիրակությունը, որի կազմում են բժշկական եւ դեղագործական հաստատությունների ներկայացուցիչներ, Հայաստանում բժշկական համակարգի ներուժին եւ հնարավորություններին ծանոթանալու, փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով առաջիկա օրերին կայցելի Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններ, դեղագործական կենտրոններ, հանդիպումներ կունենա Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել