Աշխարհում տարեկան 2-3 մլն նոր զույգ է տառապում անպտղությամբ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում տարեկան 2-3 մլն նոր զույգ է տառապում անպտղությամբ: Ընդ որում, վերջին շրջանում տղամարդկանց անպտղության երևույթն ավելի նկատելի է:
«Տղամարդկանց 7-8 տոկոսն ունի այդ խնդիրը, այսինքն՝ ամբողջ աշխարհում շուրջ 30-40 մլն մարդ»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) սեքսապաթոլոգիայի ամբոինի վարիչ Սևադա Հակոբյանը:
Մասնագետի խոսքով՝ անպտղությանը նպաստում են մի շարք գործոններ. էկոլոգիական գործոնները, որոնք փոխում են սննդի որակը, խրոնիկական բորբոքային հիվանդությունները՝ հատկապես սեռական օրգաններում, համակարգիչը և նստակյաց կյանքը, որոնք ևս թողնում են իրենց բացասական ազդեցությունը:
«Անպտղությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել սննդային որակները և հետևել սեռական հասունացման շրջանում գտնվող երեխայի հորմոնալ զարգացմանը, վարել ակտիվ ֆիզիկական կյանք»,- ասաց Սևադա Հակոբյանը:
Բժիշկը կարծում է, որ 1990-ական թվականների սթրեսոգեն գործոնը ազդել է սեռական հասունության շրջանում գտնվողների վրա: Նա նշեց նաև, որ անպտղությունը ազդում է ընտանիքի սեռական կյանքի որակի վրա և դառնում սթրեսի պատճառ:
Արև Ավագյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել