
Արցախում սկսել են պիրամիդաներ կառուցել
Աշխարհի մի շարք երկրներում արգելված ընկերությունը գործում է Արցախում
«Հայկ, ինչո՞վ ես զբաղվում, մի հատ հիանալի աշխատանք կա, համարդ թող, քեզ կզանգեմ»,- մի քանի օր առաջ ինձ աշխատանք առաջարկեց մեր թաղամասի թոշակ բերող փոստատար Ինգան: Նա ոչ մի կերպ չցանկացավ ասել, թե խոսքը ինչ աշխատանքի մասին է:
Մի քանի օր անց զանգեց. ժամադրության վայրը Ստեփանակերտի «Սոֆիա» առևտրի կենտրոնն էր: Նա ասաց, որ ուղիղ ժամը 7-ին այնտեղ լինեմ: Իր ասածից կարելի էր եզրակացնել, որ «Սոֆիայում» ինձ շատ պատվավոր մարդիկ են սպասելու, և ուշանալ չի կարելի:
Գրասենյակի մուտքի մոտ դիմավորեց Ինգան ու ասաց. «Հեռախոսդ վիբրացիայի վրա դիր ու ուշադիր լսիր. եթե հարցեր լինեն, հանդիպման վերջում կտաս»:
Լուսավոր ու լավ կահավորված գրասենյակում, որտեղ խումբ-խումբ նստած մարդիկ ինչ-որ աշխատանքով էին զբաղված, դեպի ինձ առաջացավ ամրակազմ ու բարձրահասակ մի երիտասարդ ու ներկայացավ` Ռոբա:
Երբ ես, Ինգան ու Ռոբան տեղավորվեցինք գրասենյակային սեղանի շուրջ, վերջինս մի գրիչ վերցրեց ու դեպի իրեն քաշեց մի շերտ թուղթ: Այդ ամենից կարելի էր եզրակացնել, որ գրասենյակում հավաքվածները խիստ գործունյա մարդիկ են:
- Երբևիցե բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցե՞լ եք,- հարցրեց Ռոբան:
- Ցանկություն ունեցել եմ, բայց հնարավորություն՝ ոչ:
- Հիմա Ձեզ նման հնարավորություն կտան: Դուք ինչ-որ բան գիտե՞ք QNET-ի մասին:
- Ոչ:
- Հասկանալի է: Այժմ դուք հնարավորություն կունենաք լսել QNET-ի մասին: QNET-ը ցանցային մարքեթինգ է, գիտե՞ք՝ ցանցային մարքեթինգի ոլորտում աշխարհի N 1 ընկերությունն որն է:
- Ոչ:
- Առաջինը Microsoft-ն է, երկրորդը՝ QNET-ը: Իսկ QNET-ի մասին չեք լսել, որովհետև գովազդով չի զբաղվում:
Ռոբան, թղթի վրա եռանկյուններ ու շրջանակներ նկարելով, մեկ ժամից ավելի խոսեց QNET-ի մասին:
Սա չափազանց ծանոթ սցենար է նրանց համար, ովքեր արդեն հանդիպել են QNET-ականների, որովհետև աշխարհի բոլոր ծագերում նրանք նույն կերպ են գործում:
QNET-ական Ռոբի ասածը հետևյալն էր: Հոնկոնգում տեղակայված QNET-ը (Quest International) աշխատում է ցանցային մարքեթինգի ոլորտում, առանց միջնորդի տարբեր տեսակի ապրանքներ է վաճառում համացանցով: Այն հիմնվել է 1998 թ. Դաթո Վիջեյ Էսվարանի կողմից և ստացել միջազգային լիցենզիա, որպեսզի գործունեությունը ծավալի ողջ աշխարհով, և այժմ ներկայացուցչություններ ունի 70 երկրում:
Որպեսզի կարիերա սկսես QNET-ում, պիտի գնես ընկերության նշված ապրանքատեսակներից մեկը: Յուրաքանչյուր ապրանք գնելով՝ ստանում ես միավորներ՝ BV: Կարիերա սկսելու համար նվազագույն միավորը 1000 BV-ն է, որի համար պիտի ծախսես նվազագույնը 580 ԱՄՆ դոլար: Իսկ բիզնես մտած ամեն ոք պիտի հրավիրի երկու ընկերոջ, որոնք նույնպես 1 000 BV-անոց ապրանքատեսակ պիտի գնեն, այսինքն՝ նվազագույնը պիտի 580 դոլար ծախսեն:
Եթե այդ ամենը հաջողվում է, ապա երկու ընկերոջ հրավիրած անձը, որին պայմանականորեն անվանենք «X», ստանում է 200 դոլար: Դրանից հետո գործողությունները ծավալվում են հետևյալ սխեմայով. ակումբի նորաթուխ անդամները («Z» ու «Y») նույնպես պիտի հրավիրեն երկուական ընկերոջ, որոնք նույնպես պիտի ապրանք գնեն: Գնումներ կատարելուց հետո «Z»-ն ու «Y»-ը ստանում են 200, իսկ «X»-ը՝ արդեն 400 դոլար:
Այդ պիրամիդան կարող է անվերջանալիորեն աճել, իսկ որոշ քրտնաջան QNET-ականներ կարող են բավականին լուրջ գումար աշխատել: Բայց իրականում ամեն ինչ ուրիշ կերպ է ստացվում:
Պիրամիդայի առաջին ամենախոցելի տեղը
Ռուսական «Новая газета» թերթի լրագրող Իվան Ժիլինը հետևյալ կերպ է մերկացնում QNET-ի գործունեությունը:
Պիրամիդայի առաջին ամենախոցելի տեղը այն է, որ հնարավոր է՝ ամեն փուլում չգտնվեն ընկերներ, որոնք ցանկություն կունենան գնել բավականին թանկարժեք ապրանք կամ ապրանքներ: Նման դեպքում պիրամիդայի զարգացումը կկանգնի, և «վերևի» դրամային հոսքը կկրճատվի՝ ըստ պիրամիդայի «արգելակված» շերտի օղակների: Եթե հանկարծակի մի ամբողջ աստիճան խափանվում է, ապա գործը պարզապես հայտնվում է փակուղու առջև: Որպես կանոն, այդպես էլ լինում է. շարքային «բիզնես-գործընկերոջ» պիրամիդան դասավորվում է երկու-երեք մակարդակով, դրանից հետո նրա զարգացումը կանգնում է:
Արդյունքում նվազագույնը 7 հոգի ոչ միայն չի կարողանում գումար վաստակել, այլև չի կարողանում վերադարձնել իր փողերը: Ըստ Ժիլինի՝ ընկերության գործողությունների տարածքում այդպիսի «լճացած» պիրամիդաներ հարյուրավոր ու հազարավոր են, որոնցից հարստություն է դիզում պիրամիդայի ղեկավարությունը: Չնայած դրան՝ մարդիկ հույս են պահում ապրել գեղեցիկ կյանքով ու փորձում են նոր պիրամիդաներ ստեղծել. հրավիրվում են նոր ծանոթների, որոնք ի վիճակի են գումար ներդնել:
Սակայն պիրամիդաները նորից «լճանում» են: Դա չի թաքցնում նույնիսկ ընկերության ղեկավարությունը՝ հայտարարելով, որ QNET-ում փող վաստակելու հնարավորություն ունեն միայն նրանք, ովքեր համառորեն կարողանում են համոզել ընկերներին:
Երկրորդ «խոցը» հենց բիզնեսի կառուցվածքում է: Ինչպես ցանկացած ֆինանսական պիրամիդայում, այնպես էլ QNET-ում առանց շահույթի են մնում վերջինները՝ բազմաքանակ շերտերը: Եթե որոշ պիրամիդաներում փող աշխատել կարող են արդեն այն մասնակիցները, որոնք գտնվում են ներքևից երկրորդ աստիճանում, ապա QNET-ում փոխհատուցել իրենց ծախսերը և ստանալ նվազագույն շահույթ կարող են վերջից չորրորդ ու դրանից բարձր աստիճանի վրա գտնվողները:
Այժմ պատկերացնենք, որ QNET-ի գործնեությամբ զբաղվում է ամբողջ աշխարհը (7 000 000 000 մարդ): Մաթեմատիկական ոչ խորամանկ հաշվարկներ կատարելով՝ պարզ է դառնում, որ շահույթ կարող է ունենալ 437 500 000 մարդ, իսկ 6 562 500 000 մարդ անկարող կլինի վերադարձնել իր գումարը: 140 հազարանոց Արցախում իր գումարը կարող է վերադարձնել միայն 20 հազար քաղաքացի, իսկ շահույթ ստանալ՝ դրանից էլ քիչ քաղաքացիներ:
QNET-ի ապրանքատեսակները
QNET-ը առաջարկում է հետևյալ ապրանքատեսակները՝ շվեյցարական ժամացույցներ, նանոտեխնոլոգիական հիման վրա պատրաստված առողջապահական սարքեր, ճանապարհորդական ուղեգրեր, առցանց դասընթացներ, ոսկյա զարդեր, կոլեկցիոն մետաղադրամներ և այլն:
Ըստ «Новая газета»-ի՝ նրանց ապրանքատեսակները խիստ կասկածելի որակ ունեն: Օրինակ՝ պարզվում էր, որ ոսկյա զարդերը ոսկեզօծ են, իսկ գնացուցակի շվեյցարական ժամացույցները պարզապես կվարցե են: Բացի դրանից՝ QNET-ի շվեյցարական համարվող ժամացույցները գրանցված չեն Շվեյցարական ժամացույցներ արտադրողների միությունում:
Նույնիսկ տուրիստական ուղեգրերը թերություններ ունեն. ընկերությունը նշում է, որ ուղեգրի սեփականատերը կարող է երեք շաբաթով ուղևորվել ընկերության ցանկացած հյուրանոց, սակայն չի նշում, որ ուղեգրի մեջ չեն մտնում թռիչքի և կեցություն ծախսերը:
Այսպես ասած, իմ միջնորդը՝ Ինգան, տուրիստական ուղեգիր էր գնել, իսկ ինձ առաջարկում էին ինչ-որ հիմալայական բյուրեղ, որն իբր մաքրում ու զտում է ջուրը: Բնականաբար, նրանցից ամենաշատը Ինգան էր շահագրգռված, որ ես իր «բիզնես-գործընկերը» դառնամ:
Եթե առաջին հանդիպմանը ես գրեթե հավատացել էի իրենց, ապա երկրորդ, այսպես ասած, հարցազրույցին արդեն պատրաստված էի գնացել: Երկրորդ հանդիպումը 1977 թ. ծնված Էռնեստի հետ էր, ավելի ուշ նրան միացավ նրա բարեկամ, 1988 թ. ծնված Էդոն: Նրանք ամեն կերպ ջանում էին համոզել, որ սա քո լավ ապրելու միակ շանսն է լինելու, որ հինգ տարուց հետո դու հնարավորություն կունենաս տարեկան 6800 դոլար գումար վաստակել. «Ինչո՞ւ մեր հասակակիցները պիտի ջիպ քշեն, իսկ դու՝ ոչ»:
Անկասկած, նրանք գիտակցության մանիպուլյացիայի մեթոդներ էին կիրառում: Ռուսաստանցի լրագրողներն ու բլոգերները նշում են նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման մեթոդների կիրառման մասին:
Այն հարցին, թե ո՞րն է լինելու իմ գործնեության բնույթը՝ ապրանքատեսակ ու ընկերների գտնելուց հետո, Էռնեստն ասաց, որ պարզապես ամեն օր մի երկու ժամ գրասենյակում պիտի լինես, իսկ ընթացքում մենք քեզ կսովորեցնենք մարդկանց հետ շփվելը:
Այստեղ կասկածներս փարատվեցին, որովհետև պարզ դարձավ, որ QNET-ականներն ունեն մարդկանց հետ շփվելու հատուկ կանոններ: Նրանց ասածներից կռահեցի, որ «բիզնես» մտնելուց հետո ինձնից պահանջվում էր նույն կերպ մարդկանց հիպնոսացնել:
QNET-ականներից մեկն ինձ ասաց, որ իրենք Արցախում են 1,5 տարի: 1,5 տարվա ընթացքում նրանք շրջագայել են Արցախի շրջաններով, նույն QNET-ականն ասաց, որ ակտիվ է հատկապես Մարտակերտի շրջանի «թիմը». «Դեռ Շուշիում թիմ չունենք, բայց շուտով կունենանք»: Նրանց գրասենյակում գտնվող մարդկանց թվից կարելի է եզրակացնել, որ քիչ մարդ չի ներգրավված այդ «բիզնեսում»:
Նրանք հպարտությամբ նշում են, որ Երևանի իրենց գրասենյակը արդեն ութ տարի է, ինչ գործում է: ՀՀ լրատվամիջոցներից միայն «Հայկական վարկածում» գտա QNET-ականներին մերկացնող հոդված: «Հայկական վարկածը» նաև գրել էր, որ QNET-ականները երկար ժամանակ սպառնում էին իրեն:
QNET-ականների որսի օբյեկտներն են բնակչության սոցիալապես խոցելի շերտերը: Նրանք կարծում էին, որ ես ուսանող եմ. «Դե, ինչո՞ւ ծնողներդ համալսարանիդ վարձը պիտի մուծեն, երբ դու ինքդ կարող ես դա անել»:
Մեկ ուրիշ հանգամանք էլ կա. դառնալով QNET-ի զոհը, որոշ ժամամանկ անց համակերպվում ես, որ գումարդ էլ չես կարող վերադարձնել, բայց շարունակում ես նրանց համար աշխատել՝ շարունակելով մարդկանց հրապուրել QNET-ով:
Հատկանշական է, որ հարևան Ադրբեջանում QNET-ի գործնեությունն արգելված է: Իսկ ԱՄՆ-ում և զարգացած շուկա ունեցող եվրոպական երկրներում QNET-ը ներկայացուցչություններ չունի:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել