Փոխվարչապետն այցելել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում ծանոթացավ ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքին, որոնք իրականացվում են միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ:
Փոխվարչապետը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ու «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրեն Ադիբեկ Ղազարյանի ուղեկցությամբ նախ եղավ Արզնի- Շամիրամ 1-ին հերթի ջրանցքի վերականգնվող հատվածներում, ծանոթացավ աշխատանքներին, որոնք իրականացվում են Համաշխարհային բանկի աջակցությամբ` «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում: Փոխվարչապետին զեկուցվեց, որ ջրանցքի 8 կմ-անոց հատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել ապրիլին: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ոռոգման հիմնական շրջանում ջրանցքը լիարժեք հնարավոր լինի օգտագործել:
Այնուհետեւ «Եղվարդ» ջրօգտագործողների ընկերությունում (ՋՕԸ) ոլորտի պատասխանատուների, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի, տարածշրջանի մյուս ՋՕԸ-ի տնօրենների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին ոռոգման շրջանի, գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանը պատասխանատուներին հորդորեց լրջորեն նախապատրաստվել ոռոգման նոր շրջանին, որպեսզի մեկնարկի հետ կապված խնդիրներ չառաջանան, եւ ՋՕԸ-երը պատրաստ լինեն պահանջարկին համապատասխան ջրամատակարարում ապահովել:
Կոտայքից փոխվարչապետը մեկնեց Գեղարքունիք, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի ուղեկցությամբ
Մարտունի քաղաքում այցելեց կեղտաջրերի մաքրման նորակառույց կայան, ծանոթացավ կատարված աշխատանքներին եւ կայանի հզորություններին: Մարտունու կայանը շահագործման է հանձնվել տարեսկզբից: «Սեւանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում նման կայաններ են կառուցվել նաեւ Գավառ եւ Վարդենիս քաղաքներում`լճի ավազանի, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով: Կայաններն ամբողջ հզորությամբ կգործարկվեն այս տարվա ապրիլին: Կայանների մաքրման ծավալի առավելագույն հզորությունը Գավառ քաղաքի համար նախատեսված է օրական մինչեւ 19000 խմ, իսկ Մարտունի եւ Վարդենիս քաղաքների համար`մինչեւ 9500 խմ: Կայանների կառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 12 մլն եվրո: Նշված երեք քաղաքներում կառուցվել են նաեւ կոյուղագծեր` ընդհանուր առմամբ 52 կմ երկարությամբ:
Գավառում եւս փոխվարչապետը ծանոթացավ կառուցված կայանի հնարավորություններին, որից հետո մարզպետի, «Հայջրմուղկոյուղի» ընկերության ղեկավարի, ինչպես նաեւ Գավառի, Մարտունու, Վարդենիսի քաղաքապետների մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը քննարկվեց ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրերի ընթացքը: Պատրիկ Լորենը տեղեկություններ ներկայացրեց իրականացվող աշխատանքների եւ 2013թ. ակնկալվող արդյունքների մասին: Փոխվարչապետը կարեւորեց պատասխանատու բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը` ծրագրերի հաջող իրականացման եւ ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծման առումով:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել