Բաց նամակ ԿԲ նախագան Ա. Ջավադյանին
Հայտնում եմ Ձեզ, որ սույն թվականի մարտի 23-ին «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի իմ քարտային հաշվից անհայտ անձն առանց իմ պլաստիկ VISA քարտի #4335 xxxx xxxx 5546 օգտագործման, որն այդ պահին գտնվում էր ինձ մոտ, «ՎՏԲ Արմենիա» բանկի բանկոմատից (գտնվում է Կենտրոնական ավտոկայանի մերձակայքում` Ադմիրալ Իսակովի 9/2) հանել է 520 հազար ՀՀ դրամ. հանումը կատարվել է 7 գործողություններով` 5 անգամ 100-ական հազար ՀՀ դրամ և 2 անգամ 10-ական հազար ՀՀ դրամ: Նշեմ, որ առևանգված գումարից 500 հազարը բանկի կողմից ինձ տրամադրված օվերդրաֆտն էր, իսկ 20 հազարն` իմ աշխատավարձի մնացորդը:
Ես այդ պլաստիկ քարտով վերջին գործարքը կատարել էի մարտի 22-ին, որի արդյունքում իմ քարտային հաշվի վրա կար 522 726 ՀՀ դրամ, ինչը հաստատվում է բանկոմատի կտրոնով: 520 հազար ՀՀ դրամ գումարի գողության մասին ես տեղեկացա մարտի 24-ի աշխատանքային օրվա ավարտին, երբ ստացա Telecard համակարգի SMS հաղորդագրությունը, որի համաձայն` իմ հաշվին փոխանցվել էր հերթական աշխատավարձը 173 666 ՀՀ դրամ, և իմ հաշվի վրա առկա էր ընդամենը 176 392 ՀՀ դրամ, այն ինչ պետք է լիներ 696 392 ՀՀ դրամ:
Սկիզբից ես կարծեցի, թե տեղի է ունեցել թյուրիմացություն, սակայն մարտի 25-ի առավոտյան իմ դիմումից հետո «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի պլաստիկ քարտերի բաժնի պետ Էլինա Ղամբարյանը հայտնեց, որ իմ քարտային հաշվից հիշյալ 7 գործողությամբ հանվել է 520 հազար ՀՀ դրամ «ՎՏԲ Արմենիա» բանկի բանկոմատից: Ես պաշտոնապես դիմեցի «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի գլխավոր տնօրեն Ա.Խանդկարյանին` բացահայտելու գումարի կողոպուտը:
Հատուկ նշում եմ, որ լինելով 11 ամիս «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի քարտապան, ես օգտվել եմ միայն «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի բանկոմատներից, առևտրի համակարգում իմ պլաստիկ քարտը չեմ օգտագործել, այն երբեք չեմ փոխանցել այլ անձանց, իմ տեսադաշտից այն երբեք չի անհետացել, իմ գաղտնաբառը (PIN-կոդը) երբևէ չեմ հայտնել ոչ ոքի, ոչ մի տեղ այն չեմ գրանցել:
Բանկն իմ դիմումի համաձայն սկսեց հետաքննություն, որը համակարգում էր գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: Նա ինձ վստահեցնում էր, որ բանկը կանցկացնի անաչառ քննություն և ծայրահեղ դեպքում կընդունի փոխզիջումային որոշում` ինձ հետ կիսելով կատարված վտանգավոր հանցագործության պատասխանատվությունը, իր ձևակերպմամբ` «ֆիֆթի-ֆիֆթի»:
«ՎՏԲ Արմենիա» բանկից ստացվեց այն բանկոմատի տեսագրությունը, որտեղից կատարվել էր գողությունը: Տեսագրության մեջ հստակ երևում է գողություն կատարող անձը, որն ինձ բոլորովին անծանոթ է: Ակներև էր քրեական հանցագործության փաստը` խոշոր չափի գումարի հափշտակումը:
Ի հեճուկս հանցագործության ակնհայտ փաստի` «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ը ապրիլի 14-ի նամակով Ա.Խանդկարյանի ստորագրությամբ ամեն ինչ բարդեց ինձ վրա` որպես քարտապանի, և հրաժարվեց որևիցե պատասխանատվությունից:
Այդուհանդերձ, ավելի ուշ պարզվեց, որ «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ը գիտեր, որ մարտի 24-ին` արդեն «ԱԿԲԱ Կրեդի Ագրիկոլ» բանկի բանկոմատից, որ գտնվում է Էջմիածին քաղաքում, կատարվել էր ևս մեկ փորձ կողոպտելու իմ քարտային հաշիվը, սակայն ապարդյուն: Կար նաև այդ բանկոմատի տեսագրությունը, որն ինձ այդպես էլ չներկայացվեց:
Ես դիմել եմ նաև ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը չունենալով գործի ամբողջական նյութերը` հետամուտ չեղավ իմ` որպես քարտապանի շահերի պաշտպանությանը:
«ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի անցկացրած հետաքննությունը համարելով ակնհայտ աչառու և անբավարար` սույն թվականի ապրիլի 27-ին ես վերստին դիմեցի բանկին պահանջելով անցկացնել նոր քննություն` զուգահեռաբար օրինապահ մարմիններին դիմելու պահանջով: Դրանից հետո` մայիսի 6-ին ինձ հանդիպել է «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի անվտանգության ծառայության պետ Ֆելիքս Պողոսյանը, որն ինձ հայտնել է, թե «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի աշխատակիցները մասնակից չեն այս հանցագործությանը, ինչպես նաև բանկի անվտանգության ծառայությանը վստահ է, որ ես ևս չեմ կազմակերպել գողությունը: Պրն. Պողոսյանն ինձ խորհուրդ չտվեց դիմել ՀՀ օրինապահ մարմիններին:
Իսպառ կորցնելով հույսը բանկի հետաքննությունից` սույն թվականի մայիսի 13-ին իմ դիմումի համաձայն հարուցվեց քրեական գործ` խոշոր չափի գումարի գողության առիթով: ՀՀ ոստիկանությունն ինձ տեղեկացրեց, որ «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ն առաջին իսկ օրը պարտավոր էր դիմել իրավապահ մարմիններին կատարված հանցագործության վերաբերյալ, ինչն առ այսօր չի արվել:
Ոստիկանության գործողությունների ընթացքում երևան եկան շատ հանգամանքներ, որոնք «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ն ինձանից թաքցրել էր: Բացի դրանից` «ՎՏԲ Արմենիա» բանկի բանկոմատի տեսագրությունից, որը տրվել է ոստիկանությանը, ակնհայտ երևում է թվատախտակը և PIN-կոդ հավաքելու դրվագը, որն իմ իմացությամբ հակասում է ՀՀ ԿԲ նորմատիվներին:
Հարգելի պրն. Ջավադյան, վերոնշյալի հիման վրա` խնդրում եմ Ձեզանից` որպես ՀՀ բանկային համակարգի գերագույն հսկող և կարգավորող ատյանի ղեկավար, պահանջել «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ից անցակացնել անաչառ և ամբողջական քննություն, որպեսզի կատարված գողությունը չդառնա վտանգավոր նախադեպ, և պաշտպանվեն իմ և ՀՀ բոլոր քարտապանների շահերը:
ՀՀ քաղաքացի, «ԱՌԷՔՍԻՄԲԱՆԿ»-ի քարտապան Ալեքսանդր Մելքումյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել