
Մարդու իրավունքների վիճակը ոստիկանության ոլորտում. օմբուդսմենի զեկույց 2012
Ոստիկանության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
- Գրանցվել են մի շարք դեպքեր, երբ հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
- Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից:
- Ստացվել են բողոքներ, որ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ ձերբակալված անձինք զրկվել են փաստաբան ունենալու իրավունքից:
- Առանձին դեպքերում ՀՀ ոստիկանության ծառայողների քննչական գործողությունների իրականացումը իրականացվել է անհարկի ձգձգումներով:
- ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հանցագործության մասին քաղաքացիների հաղորդումներին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը չպահպանելու մի շարք դեպքեր են գրանցվել:
- 2012 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձանց խաղաղ հավաքներ անցկացնելու ընթացքում գրանցվել են վրան տեղադրելու խոչընդոտման դեպքեր, երբ մեկ վրանի տեղադրումը եղել է իրավաչափ:
- Չի ցուցաբերվել պատշաճ ուշադրություն ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանման դեպքերը կանխելու, դրանք բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
- Որոշ դեպքերում ՀՀ անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու ՀՀ օրենքով սահմանված ժամկետները տեխնիկական պատճառներով չեն պահպանվել:
- Ստացվել են բողոքներ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ:
- Առկա են խնդիրներ փախստականին տրվող Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի ճանաչման և կիրառման բնագավառում:
Արձանագրված դրական զարգացումները
- Էապես և նշանակալիորեն բարելավվել է խաղաղ հավաքների ընթացքում ոստիկանության գործելաոճը:
- 2012 թվականի ընթացքում բազմաթիվ դեպքերում օրինախախտ ոստիկանության ծառայողները պատասխանատվության են ենթարկվել:
- ՀՀ ոստիկանապետի ցուցումի համաձայն վերացվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի՝ տեղում վճարելու պրակտիկան:
- Հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով` տեսախցիկներ են տեղադրվել Երևան քաղաքի տարբեր խաչմերուկներում:
- Ձեռնարկվել են միջոցներ համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա գործունեության զարգացման ուղղությամբ:
- 2012 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում շահագործվել է կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը:
- Փախստականի կարգավիճակ ստացած անձանց տրվող կոնվեցիոն ճամփորդական փաստաթղթերը միջազգայնորեն հաստատված չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:
Վաղը կներկայացվի օմբուդսմենի տարեկան զեկույցի Դատախազություն/ՀՔԾ բաժինը։
Պաշտպանի աշխատակազմ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել