Ցանկացած վարքային եւ հոգեբանական շեղման հիմքում ընկած է սթրես
«15 տարեկան էի, երբ ինքնասպանության փորձ արեցի: Ես պատրաստ էի մեռնել, որ հայրս իրեն մեղավոր զգար դրա համար, եթե, իհարկե, իմանար այդ մասին»,- պատմում է 22-ամյա Անին: Նրա մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ հայրը, երեխային թողնելով վերջինիս մորաքրոջ խնամքին, հեռացել է: Ճակատագրի ու հոր դեմ չարացած Անին դարձել է էմո խմբավորման անդամ:
Էմոները հիմնականում 11-18 տարեկան երեխաներ են, որոնք շրջապատից առանձնանում են իրենց հագուկապով, դիմահարդարմամբ և վարքագծով: Նրանց հագուստի բաղկացուցիչ մաս են կազմում թաշկինակները, փողկապները, կրծքանշանները, հագուստների վրա հիմնականում պատկերված են գանգեր, դագաղներ, սատանաներ, աչքերն ընդգծում են սև կամ կարմիր գույնով, լսում են էմո ռոք երաժշտություն, բացահայտ կերպով արտահայտում են իրենց բացասական վերաբերմունքը հասարակության նկատմամբ, ձեռքերին հաճախ ունենում են սուիսիդալ- ինքնասպանական խազեր:
Հոգեբան Սարգիս Միքայելյանը նշում է, որ էմոն իր տեղը հասարակական հարաբերություններում չգտնող դեռահաս է, ով խուսափում է հասարակական կարգավորիչ նորմերից և, ենթագիտակցական մակարդակում առաջնորդվելով ներքին կոնֆլիկտի լարումը պարպելու բնական մղումով, գտնում է իրեն ձեռնտու այնպիսի միջավայր, որն ապահովում է.
1. հասարակության հանդեպ «բողոք» արտահայտելու հնարավորությունը (իրականում էմոների շարժումն իր սոցիոլոգիական էությամբ հենց բողոք է հասարակական նորմատիվ կարգավորման դեմ),
2. այդ միջավայրում հավասարության և արդարության զգացումներ ունենալը,
3. ընդունված լինելը,
4. այլ դեպքերում անհնար թվացող՝ իր էմոցիաների ազատ արտահայտումը՝ դրանք կոնկրետ վարքաձևերի ամբողջության և առանձին գործողությունների վերածելը,
և այլն:
Հոգեբանն ասում է, որ ցանկացած վարքային եւ հոգեբանական շեղման հիմքում ընկած է մարդու ապրած որեւէ սթրես, որը հետագայում բարենպաստ պայմանների առկայության դեպքում գլուխ է բարձրացնում եւ ունենում իր հետեւանքները: «Եթե անհատը, ով աչքի է ընկնում վերը նշված հոգեբանական հատկանիշներով, նաև ունեցել է հոգեբանական տրավմաներ, հատկապես՝ վաղ զարգացման շրջանում, խնդիրներ է ունեցել իր մանկության ժամանակ հասակակիցների կողմից ընդունված լինելու կամ չի ստացել քնքշության, սիրո ու հոգատարության անհրաժեշտ ծավալը, ապա նա բոլոր շանսերն ունի վարքային այնպիսի խանգարում ձեռք բերելու, ինչպիսին է էմո կամ մի այլ մարգինալ ենթամշակութային հոսանքին հարելը»,- նշում է հոգեբանը:
Էմո դառնալու բարենպաստ պայման կարող է դառնալ ծնող-երեխա հարաբերությունների սխալ ընթացքը: 13-ամյա Դավիթը, ով արդեն երկու տարի է՝ էմո խմբավորման անդամ է, բողոքում է ծնողների վերաբերմունքից իր նկատմամբ: Նա պատմում է, որ հատկապես հայրը շատ է ճնշում իրեն եւ չի ուզում ընդունել, որ ուղղակի իր ոճի միջոցով փորձում է արտահայտել իր էմոցիաները, որից էլ ծագել է խմբավորման անվանումը: Դավիթն ասում է, որ էմոները կարող են փողոցում առանց կաշկանդվելու ծիծաղել, լաց լինել, բղավել, եթե այդպես են ուզում: Նա կարծում է, որ այնպես, ինչպես իրենք են ընկալում սերը, ցավը, վիրավորանքը, ուրախությունը, հույսը, էմոցիան, մյուսները չեն ընկալում, դրա համար էլ մարդիկ իրենց չեն հասկանում:
Հասարակություն - հասարակությունից օտարված էմոներ բախումը լարված է թե՛ իրական կյանքում, թե՛ համացանցում: Ուսուցչուհի Մարինե Մուրադյանը դժգոհում է պետության անհետևողական վերաբերմունքից այս հարցի նկատմամբ:
Իսկ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշում է, որ այո, ավաղ, ոստիկանությունը չի կիրառում օրենսդրական պատժամիջոցներ նրանց նկատմամբ:
«Դու քեզ ու՞մ տեղն ես դրել, որ մի հատ էլ էմոներին անուն ես կպցնում, դարդոտը ոտիցդ գլուխ ես, սաղովդ հավաքվեք՝ մի էմո չեք արժի. Թողան սաղ օրը կնկա պես բամբասեք: Մինչեւ երկուշաբթի քեզ ժամանակ. էս տուֆտությունը ջնջես, թե չէ վերջդ լավ չի լինի, ու դա ես քեզ խոսք եմ տալիս»: nEmO անվամբ այս օգտատիրոջ զայրույթը շարժել է հայկական ֆորումներից մեկում էմոների մասին քննարկումը, որի ընթացքում օգտատերերից մեկը նրանց անվանում է մելամաղձոտ, դեպրեսիվ , դարդոտ դեմքով երիտասարդներ, ովքեր խնդիր ունեն ճանաչվելու ու կոնֆլիկտ ստեղծելու: Օգտատերը անհանգստություն է հայտնում նաեւ այն առիթով, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների` Հայաստանում մոտ 4000 էմո կա, ովքեր սատանայապաշտներ են եւ հակված են ինքնասպանություն գործելու:
Սակայն հոգեբան Սարգիս Միքայելյանը կարծում է, որ երեխաները ինքնասպանության պատճառ ունենալով են դառնում էմո, այլ ոչ թե ինքնասպանություն են գործում, որովհետև էմո են: Նա նշում է նաև, որ երբեմն երեխաները խմբավորման անդամ դառնալով` ետ են կանգնում ինքնասպանությունից, քանի որ գտնում են այն միջավայրը, որտեղ հասկանում և ընդունում են իրենց: Նա նշում է, որ հասուն դառնալով` երեխաները դադարում են իրենց համարել էմո:
Անին հիշում է իր դպրոցական ավարտական երեկոն: Այդ օրը նա առաջին անգամ նուրբ աղջկա կերպարում էր, բոլորը տարված էին իրենով, բոլորը հաճոյախոսություններ էին անում: Հաճելի էր: Նա պատմում է, որ հետագայում սկսեց աշխատել ու միաժամանակ սովորել եւ զբաղվածության մեջ ինքն էլ չնկատեց, թե ինչպես մոռացավ, որ ինքը էմո է (ծիծաղում է ): Անին այսօր էլ քնում է ծանր ռոքի հնչյունների տակ, հիմա էլ սիրում է աչքի ընկնող դիմահարդարում եւ մատնահարդարում. դա իր էությունից է բխում:
Իսկ հոգեբան Սարգիս Միքայելյանն ասում է, որ հասարակությունը կարող է չխրախուսել էմոներին, բայց գոնե եթե փորձի նրանց նորմալ վերաբերվել, ապա գուցե նրանք չօտարեն իրենց հասարակությունից եւ խմբավորումներ չստեղծեն:
Արաքս Մամուլյան
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրս
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել