
Ի՞նչ կփոխվի գործարանի ծխնելույզի տեղափոխմամբ
Ալավերդու բնապահպանական ծանր վիճակը մեղմելու նպատակով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանի ծխնելույզը մոտակա Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխելու աշխատանքները սկսվել է 2010թ.-ի մայիսի 15-ից:
Կոշաբերդ սարի գագաթին արդեն տեղադրված է 20 մ բարձրությամբ, 3 մ տրամագծով նոր ծխատար խողովակը:
«Քանի որ սարը շատ բարձր է, դրա համար խողովակի բարձրությունը մեծ չէ: Խողովակի նշակետը համընկնում է Ալավերդու Ս. Սարահարթ թաղամասի 3-րդ զանգվածի բարձրադիր վայրում գտնվող քոլեջի ճանապարհի վերջին շրջադարձի հետ»,- ասում է ծխատարի տեղափոխման շինտեղամասի աշղեկ Սամվել Բեժանյանը:
Ակնհայտ է, սակայն, որ ցածր խողովակն առաջին հերթին լուրջ սպառնալիք է դառնալու Կոշաբերդի հարևան լեռների փեշերին սփռված անտառների համար: Ըստ նախագծի հեղինակների՝ ծխնելույզի տեղափոխմամբ 10 անգամ նվազելու է գործարանի արտանետումներն Ալավերդու մթնոլորտ:
Հիշեցնենք, որ տարեկան 12 հազար տոննա անզուտ պղինձ արտադրող ընկերության գործարանի արտանետումների 99.4 %-ը կազմում է ծծմբի երկօքսիդ: Ծխատարից տարեկան արտանետվում են նաև 8,7 տոննա մկդեղ, ցինկ, կապար, պղինձ, մագնեզիում և այլ քաղցկեղածին նյութեր:
Ծխատարի տեղափոխման շինարարական աշխատանքներն իրականացնում է Ալավերդիում գրանցված «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Հունիսի 21-ին Կոշաբերդի լանջերին էքստրեմալ պայմաններում, գահավիժման պատրաստ ժայռերի վտանգի տակ աշխատում էին 30 աշխատողներ ` չհաշված սպասարկման անձնակազմը:
Շինարարական աշխատանքները կատարելու համար նախագծողները վտանգավոր տեղամասում շինարների համար ճանապարհ և աշխատանքնային անվտանգ պայմաններ չեն նախատեսել: Աշղեկը և բանվորները Կոշաբերդի լանջի շինտեղամասից Կոշաբերդի գագաթի տեղամաս ուղղակի մագլցում են: Իսկ ժայռերը «սպառնում» են ոչ միայն շինարարների կյանքին, այլեւ ծխանցքի վրա կատարված աշխատանքերին:
«Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի նախագահ Սանասար Տիտանյանն ասում է, որ 10 օրվա ընթացքում շինտեղամասը կվնասազերծվի վտանգավոր քարերից: Բանվորները կատարում են ծխատարի բետոնապատման և ծածկի աշխատանքներ.
«Ծխատարի 450 մետրը մենք արդեն ծածկել ենք»,- ասում է աշղեկ Սամվել Բեժանյանը:
Ծուխը Կոշաբերդ սարի գագաթի ծխնելույզում հայտնվելու է բետոնապատ ծխատարների միջոցով: Բետոնից ծխատարի ընդհանուր երկարությունը 923 մետր է, որից 53 մետրը դեռեւս բետոնապատված չէ:
«500 մետր բետոնյա ծխատարի ծածկը դեռևս չենք կատարել: Բետոնային աշխատանքները կավարտենք հուլիսի 3-ին: Ամենաուշը երկու ամիս հետո Կոշաբերդ սարի գլխին տեղադրված ծխնելույզը կգործի»,- ասում է աշղեկը:
Ծխանցքի շինարարական աշխատանքները կատարող բանվորները շինարարական տեղամասեր տեղափոխվում են «Գազ 66» բեռնատար ավտոմեքենայով: Աշղեկ Սամվել Բեժանյանը դժգոհում է, որ ծխատարի կառուցման աշխատանքները շատ դժվար են ընթանում, քանի որ նախագծի հեղինակ լեռնամետալուրգիայի ինստիտուտի կողմից իրենց հանձնվել է ոչ ճիշտ նախագիծ:
«Մենք գտնում ենք, որ նախագծման աշխատանքները կատարված է ընդամենը 50 տոկոսով: Նախահաշիվը չի համապատասխանում ծխատարի կառուցման նախագծերին: Կան պատվիրատուի հետ կապված հարցեր, որոնք նախահաշվի հետ չեն համապատասխանում»,- ասում է աշղեկը:
Այս հարցերը շտկելու համար, ըստ նրա, առայժմ ոչ մի բան չեն ձեռնարկել. «Էդ ձևի էլ գնում ենք: Հիմի թե վերջում վնասո՞վ կփակվենք, թե՞ օգուտով կփակվենք, դժվարանում ենք ասել»:
Ս. Բեժանայանը նաեւ գտնում է, որ նախագծում նախատեսված չեն կազմակերպչական աշխատանքները. « Տեղամասն անհրաժեշտ մեխանիզմով ապահովված չէ, որը մտնում է կազմակերպչական աշխատանքների մեջ: Մենք աշխատում ենք պատահական միջոցներով»:
Ստեղծված իրավիճակում շինարարները կիրառել են իրենց մոտեցումները: Որպեսզի կարողանանա աշխատել, նրանք ծխատարն իրենց նախաձեռնությամբ ուրիշ ճանապարհով են տարել. «Պատվիրատուի հետ դա համաձայնացրել ենք»,- ասում է աշղեկը:
Վերջինս բանվորները հետ դժգոհում է, որ նախագծման ժամանակ ընտրվել է աշխատանքի ամենաէժան միջոցները, ինչն «անհանդուրժելի է նման օբյեկտի դեպքում»:
«Այսօր համարյա 380 մետր ժոլոբով բետոն ենք իջեցնում: Սա առաջին դեպքն է Հայաստանում, որ 60 աստիճան թեքության տակ ժոլոբով բետոն է տեղափոխվում, դու բետոն ես որակազրկում: Ստիպված ցեմենտի գերածախս եմ տալիս: Ցեմենտի 320 կգ նորմայի դեպքում, ես բետոնի մեջ լցնում եմ 400-450 կգ ցեմենտ, որ կարողանանք նորմալ բետոն ստանալ»,- ասում է աշղեկը:
Շինարաները դեռ չգիտեն, թե վտանգավոր տեղանքում ծխատարի ծածկի աշխատանքներն ինչպես են կատարելու: Ծխանցքի վրա աշխատող բանվորները և աշղեկը բողքում են նաև իրենց աշխատավարձից. «Այսօր մարդկանց աշխատավարձը վճարվում է ամենաչնչին չափերով: Աշխատավարձը կազմում է 70-80 հազար դրամ, մարդ կա 90 հազար դրամ, մարդ էլ կա 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում»:
Սամվել Բեժանյանի կարծիքով՝ ծխատարը լավագույն դեպքում կշահագործվի օգոստոսի վերջերին: Տեղամասի բանվոր Ռուբիկ Էվոյանի կարծիքով էլ՝ «ծխնելույզը տեղափոխելով` թունավոր արտանետումներից Ալավերդին չի փրկվելու»: Վերջինս գտնում է, որ Ալավերդին դրանից կփրկվի այն ժամանակ, երբ վերակառուցվի ձուլարանի վառարանը:
«Էսօր, եթե մեր քաղաքում գազը խեղդում է մարդկանց, դա կոնվենտրի գազն ա: Նախ՝ ընկերությունը պետք է կոնվենտրի ռեկոնստրուկցիան կատարեր, հետո՝ մտածեր ծխատարի համար»,- ասում է Էվոյանը, ով երկար տարիներ աշխատել է գործարանում:
Սամվել Բեժանյանը նույնպես չի հավատում իր ղեկավարած տեղամասի աշխատանքի արդյունավետությանը. «Ծխնելույզի տեղափոխումով մենք ընդամենը 2,5 կմ մեծացնելու ենք թունավոր արտանետումների շառավիղը»:
Կոշաբերդի գագաթի շինտեղամաս «Հետքը» այցելեց նաեւ «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ի նախագահ Սանասար Տիտանյանի հետ: Վերջինս նույնպես ծխնելույզի տեղափոխման օբյեկտը որակեց «շատ բարդ օբյեկտ»: Ըստ նրա՝ օբյեկտի նախահաշվային արժեքը կազմում է 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Սանասար Տիտանյանն ասում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ ծխատարը գործարկվելու է հուլիսի 15-ին` մետալուրգի օրը: Ինչ վերաբերում է ծխատարը ծածկելու դեռևս չլուծված խնդրին, Տիտանյանն ասում է. «Մենք ունենք ճանապարհի պրոբլեմ, որը պետք է մոտենա ծխատարին: Ես այդ հարցը բարձրացրել եմ ընկերության գործադիր տնօրեն Արզումանյանի առաջ: Երկու օրվա ընթացքում խնդիրը լուծվելու է: Ծխանցքի վրա աշխատանքներ են կատարվելու նաև ճախարակի միջոցով»:
ՍՊԸ-ի նախագահը հավաստիացնում է, որ նախագծային պրոբլեմները լուծել են լեռնամետալուրգիայի ինստիտուտի հետ: Իսկ աշխատավարձի մասին «Հետքի» հարցին ի պատասխան՝ Տիտանյանը նշեց, որր դա «ֆիրմային գաղտնիք է»: Սակայն, այնումանեյանիվ, վերջինս փաստեց. «Վատ պայմաններում ենք աշխատում, չեմ ժխտում»:
Մեկնաբանել