Ապագա ճարտարապետներին կրթում են ԱԳՆ շենքի վաճառքի օրինակով
«Եթե ինչ-որ բան վաճառում ենք, ապա դա պետք է արվի օրենքի համաձայն, որն այս դեպքում անտեսված է, և հաշվի չի առնված, թե այս հուշարձանը որպես հյուրանոց օգտագործվելու դեպքում ինչ դեֆորմացիաներ կունենա»,- ԱԳՆ շենքի վաճառքի եւ հետագայում որպես հյուրանոց օգտագործելու վերաբերյալ այսօր ասաց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` հավելելով, որ նախագահը ներողամիտ լինի, քանի որ ամեն ինչ նրան են ուղղելու:
«Հուշարձանների պահպանության մասին» ՀՀ օրենքում հստակ շարադրված են հուշարձանի մասին դրույթները, սակայն ճարտարապետ Սաշուր Քալաշյանի խոսքով՝ օրենքի խախտումները երկար տարիներ շարունակվում են: Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա պահպանման պարտավորագիր, որը պետք է հաստատվի պետական լիազոր մարմնի կողմից` տվյալ դեպքում մշակույթի նախարարության:
«Այսօրվա դրությամբ գրեթե ոչ մի հուշարձան պահպանման պարտավորագիր չունի: Օրինակ նախագահի նստավայրը, Մատենադարանը, ԱԺ շենքը հանրապետական նշանակության հուշարձաններ են և ենթակա են պահպանման»,- նշեց Ս. Քալաշյանը:
Նրա խոսքով՝ ԱԳՆ-ի տերը հանդիսանում է պետգույքի կառավարման գործակալությունը, և նա պարտավոր է իր իրավասության տակ գտնվող բոլոր սեփականությունների վերաբերյալ կազմել պետական պարտավորագիր հուշարձանների պահպանման վերաբերյալ:
«Եթե նա ունենար այդպիսի պարտավորագիր, ապա կիմանար, որ այդ շենքը չի կարելի դարձնել հյուրանոց»,- ավելացրեց ճարտարապետը:
«Եթե վաճառելուց հետո չկոցրնեինք «Սևան» հյուրանոցը, Երիտասարդական պալատը և հիմա չկորցնեք Փակ շուկան, անհանգստանալու բան չէր լինի, սակայն ներկա դրությամբ վստահության ռեսուրս չի մնացել: Ամեն անգամ շենքը սեփականատիրոջը հանձնելուց հետո այն կորցնում ենք պատմությունից»,- իրենց դժգորհությունն էին հայտնում ճարտարապետները:
Ըստ նրանց` հուշարձանների կարևորությունը չի ընկալվում կառավարության կողմից, իսկ դրանք մեծ դեր ունեն նոր սերնդի դաստիրարակման համար: Փաստորեն ԵՊՃՀ-ում ապագա ճարտարապետներին կրթում են այսպիսի օրինակներով:
«Յուրաքանչյուր նոր գործ ներդրումների հետ է կապված, սակայն չպետք է գումարները խնայել հուշարձանների հաշվին»,- նշեցին բանախոսները:
Սոնա Սահակյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել