
Վարդան Սեդրակյանի փաստաբանի գրասենյակը հայտարարություն է տարածել
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակը հայտարարություն է տարածել: Այն նույնությամբ ներկայացնում ենք.
«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013 թվականի մարտի 5-ի որոշմամբ Հանրապետության նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը:
Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 87 հոդվածի առաջին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության նախագահ ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:
Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի թեկնածուն, ընտրված նախագահը մինչև Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել, կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել Հանրապետության նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչ օրս հանդիսանում է Հանրապետության նախագահի թեկնածու և կալանավորվել չէր կարող»:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել