
Եվրոպայի չեմպիոնը չի կարողանում հովանավոր գտնել Հայաստանում
Ելենա Խաչատրյանը Հայաստանի ջիու-ջիթսու մարտարվեստի բազմակի չեմպիոն է, Գերմանիայում բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստի առաջնությունների բազմակի չեմպիոն, Բրազիլական ջիու-ջիթսուի Եվրոպայի չեմպիոն: Նա 15 տարեկանից զբաղվում է ջիու-ջիթսու մարտարվեստով: 18 տարեկանից Ելենան շարունակել է մարզվել Գերմանիայում, այնուհետեւ Իսպանիայում, ավարտել է Գերմանիայի Սպորտի ինստիտուտը` մարզչի մասնագիտությամբ:
Իր անցկացրած բազմաթիվ մենամարտերի ժամանակ Ելենան ոչ մի պարտություն չի կրել: Բրազիլյան ջիու-ջիթսուի մենամարտը տեւում է 5 րոպե` առանց ընդմիջման: Ոչ-ոքիի դեպքում մարզիկներն այնքան են մենամարտում, մինչեւ որեւէ մեկը հանձնվի, երբեմն` անգամ 30 րոպե: Ելենայի ամենաերկար մենամարտը տեւել է 7 րոպե եւ նրան բերել Եվրոպայի չեմպիոնի կոչում: Գերմանիայի բաց առաջնությունից 2 շաբաթ առաջ Ելենան մարզվելիս կոտրեց ձեռքը: Չնայած բժշկի ցուցումներին` նա շարունակեց մարզվել եւ կոտրած ձեռքով 6 մենամարտ անցկացրեց նույն օրը: Նրա մրցակիցներից միայն վերջինը, կիմանոյի տակ տեսնելով վիրակապը, գլխի ընկավ, որ Ելենայի ձեռքը կոտրված է:
Իսկ Հարավային Գերմանիայի առաջնության ժամանակ Ելենային հայտնեցին, որ ինքն «արդեն ինքնաբերաբար չեմպիոն է», քանի որ բոլոր մրցակիցները հրաժարվել են իր հետ մրցելուց: Երբ Ելենան չհամաձայեց նման հաղթանակի, ֆեդերացիայի նախագահը նրան առաջարկեց մենամարտել նույն քաշային կարգի տղամարդ մարզիկի հետ: Բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստում առաջին անգամ մենամարտեցին տարբեր սեռի մարզիկներ: 3,5 րոպեի ընթացքում Ելենան հաղթեց մրցակցին:
Այժմ Ելենան բնակվում է Հայաստանում: Բացի մայրենիից` նա տիրապետում է ռուսերենի, անգլերենի, գերմաներենի եւ իսպաներենի:
Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել ջիու-ջիթսու սպորտաձեւով:
Ես մանկուց շատ եմ սիրել մարտարվեստը, նաեւ իմ ֆիզիկական տվյալներն էին համապատասխանում: Այդ ժամանակ ես բնակվում էի այստեղ` մորեղբորս հետ, իսկ ընտանիքիս մյուս անդամները Գերմանիայում էին բնակվում: Ու ես մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ մորեղբորը, ով ինձ առաջին անգամ տարել է մարզումների: Երբ չափահաս դարձա, ես ինքս էլ արդեն գնացի իմ ընտանիքի մոտ:
Երբ գնացի Ֆրանկֆուրտ, հենց 3-րդ օրն արդեն այնտեղ մարզվել եմ: Ես ինտերնետի միջոցով գտա մարզադահլիճը: Մայրիկիս ասացի. «Մայրիկ, եթե ես չմարզվեմ, հաստատ ինձ լավ չեմ զգա»: Լեզու չգիտեի, ոչինչ չգիտեի, մարզիչները ձեռքերով-ոտքերով էին հասկացնում, կամ մայրիկս էր լինում, անընդհատ մայրիկիս ասում էի. «Մամ, ի՞նչ են ասում, չեմ հասկանում»:
Ցավոք սրտի, ոչ մի հովանավոր չկար ոչ Ֆրանկֆուրտում, ոչ Բարսելոնում: Եվ ըստ այդմ` վերադարձա Հայաստան: Ես հույս ունեի, որ Հայաստանում ինչ-որ բան կլինի, բայց, ցավոք սրտի, չեղավ, քանի որ այստեղ եւս հովանավորներ չկան: Իսկ ներկա պահին դժվարությունն այն է, որ իմ մարզաձեւը` բրազիլական ջիու-ջիթսուն, գոյություն չունի Հայաստանում: Պետք է ինչ-որ մեկը ինձ հովանավորի, որ ես մարզվեմ արտերկրում, բայց ներկայացնեմ Հայաստանը: Ամենամոտ տեղը, ուր հենց վարպետներն են այդ սպորտաձեւի մարզումները անցկացնում, Բարսելոնն է:
Ես միշտ Գերմանիայի դրոշի տակ եմ հանդես եկել: Միայն իմ մտերիմները` շատ մոտ մարզական կոլեգաները, այնտեղ գիտեին, որ հայ եմ: Իսկ, օրինակ, արտերկրից ժամանած անձինք չգիտեին: Նրանք պարզապես տեսնում էին, որ ես Գերմանիան եմ ներկայացնում, ցավոք սրտի: Բնականաբար, ավելի ցանկալի է, որ Հայաստանը ներկայացնեմ: Եթե հովանավոր լինի, ես հենց հիմա պատրաստ եմ շարունակել իմ կարիերան: Դա իմ երազանքն է դեռ մանկուց:
Այստեղ ինչ-որ մեկին դիմե՞լ եք Ձեզ հովանավորելու համար:
Այո, երբ վերադարձա Հայաստան, ինձ ասացին, որ պրն Ծառուկյանը (ես չեմ ճանաչում, ճիշտն ասած, թող ների ինձ տվյալ անձը) մարզիկներով հետաքրքրված է: Ես դիմել եմ Ազգային ժողով, նույնիսկ իմ տեսաերիզն եմ դրել ծրարում, նամակների արկղն են գցել, բայց պատասխան չեմ ստացել: Ըստ այդմ` ես եզրակացնում եմ, որ իմ նամակները տեղ չեն հասել:
Բացի Գագիկ Ծառուկյանից` ուրիշին չե՞ք դիմել:
Ուրիշ չգիտեմ, ճիշտն ասած: Եվ հետո` ես տեղեկացա, որ պրն Ծառուկյանը հովանավորում է միայն օլիմպիական համակարգում գտնվող մարզաձեւերը, իսկ բրազիլյան ջիու-ջիթսուն չի ներառվում օլիմպիական խաղերի մեջ, ցավոք սրտի:
Շարունակելո՞ւ եք փնտրել հովանավոր:
Կցանկանայի, բայց… Ես հույսս չեմ կորցնում. ինչպես ասում են` հույսը վերջում է մահանում: Ես շարունակում եմ, փորձում եմ գտնել, բայց մինչ հիմա դեռ չեմ գտել:
Ես հիմա աշխատում եմ լրիվ ուրիշ ասպարեզում` որպես սուփերվայզեր, եւ շատ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունեմ: Ես ընդհանուր սպորտի մարզիչ եմ մասնագիտությամբ: Բայց Հայաստանում աշխատանք գտնելը մի քիչ բարդ է, քանի որ պետք է սրահը գտնենք, մարզիկներին հավաքենք: Դա երկար կտեւի եւ շատ խնդիրներ է առաջացնում: Ըստ այդմ` ես չեմ փորձել այդ ուղղությամբ: Եվ իմ միակ ազատ օրը ես ինքս գնում եմ վազելու, մարզվելու, աշխատում եմ ինձ միշտ ֆորմայի մեջ պահել, որպեսզի շատ հետ չվարժվեմ:
Ելենա, ի՞նչ է Ձեզ հոգեպես տվել եւ ի՞նչ է Ձեզանից հոգեպես խլել Ձեր ընտրությունը` մարտարվեստը:
Մարտարվեստը ինձանից խլել է շատ ժամանակ, որը ես սիրով եմ հատկացրել եւ դրա համար չեմ ափսոսում իմ ծախսած ժամանակը: Ես պարզապես ուրախ եմ, որ արել եմ դա: Միայն այդ հաղթանակը, այդ ծափահարությունները, որոնք արդեն ինձ համար են, ինձ մեծ բավականություն են պատճառում, որովհետեւ զգում եմ, որ իմ մարզումներն իրենց արդյունքը տվեցին, որովհետեւ գիտեմ, որ այդքան ժամանակ պարապել եմ միայն այդ 3 կամ սահմանված 5 րոպեի համար:
Թեեւ մրցաշարը կոչվում է «Մենամարտ առանց կանոնների», բայց դրանում կան որոշակի կանոններ, օրինակ` որոշակի հարվածներ, որոնք արգելված են: Երբեւէ եղե՞լ է, որ խախտեք այդ կանոնը:
Ոչ, ճիշտն ասած, բայց եղել է, որ իմ հակառակորդն է խախտել, օրինակ` ինձ կծել է: Դա արգելված է: Արգելված են նաեւ արմունկով հարվածները դեմքին, գոտկատեղից ներքեւ հարվածները, երկու մատներով կոկորդից բռնելը (որը շատ վտանգավոր է. կյանքին վնաս կարելի է հասցնել), մատները աչքը մտցնելը, մազերը քաշելը: Բայց քանի որ մոտ է եղել հակառակորդը, չեմ զգացել, որ կծել է: Մրցումներից հետո եմ նկատել, որ ինչ-որ կծած հետք կա:
Գրեթե բոլոր մարզիկներն էլ մրցումների ժամանակ ոչինչ չեն լսում: Երբ ես բարձրանում եմ գորգ` մենամարտի, մոռանում եմ իմ շուրջը գտնվող ամեն ինչ, ես միայն նկատում եմ իմ առջեւ գտնվող հակառակորդին: Նաեւ շատ ուշադիր եմ իմ մարզչի ձայնին, ինչ լսեմ-չլսեմ` դա լսում եմ: Կամ շատ դեպքերում Գերմանիայում մայրիկս է եղել ինձ հետ, եւ մայրիկիս բառերը հատ-հատ լսել եմ: Ամեն անգամ գորգ բարձրանալիս մայրիկիս ասում էի. «Մամ, խնդրում եմ, ինձ միայն վայրկյանները, րոպեները ասա»: Եթե ես լսում եմ` «Ելենա, այսքան րոպե է մնացել», արդեն շատ ավելի եմ կենտրոնանում, որովհետեւ մենամարտը ոչ միայն ֆիզիկական, այլեւ մտավոր կենտրոնացում է պահանջում: Երբ ասում են. «Сила есть – ума не надо», այդպես չէ:
Ելենա, կա՞ այնպիսի կանոն, սկզբունք, որը գուցե Դուք եք սահմանել եւ որին միշտ հետեւում եք մենամարտերի ժամանակ:
Այո, դա իմ մարզչի ձայնին հետեւելն է, իր հրահանգները լսելը: Ես ինքս եմ սահմանել այդ կանոնը եւ միշտ հետեւում եմ այդ կանոնին: Ես նաեւ երբեք չեմ թերագնահատել իմ հակառակորդներին, քանզի լավից լավը կա: Ես չեմ նայել իր, ասենք, կշռին, չափին, ձեւին: Միշտ իմացել եմ, որ տվյալ անձնավորությունը այնքան արժանիքներ ունի, որ ես հիմա իր հետ մենամարտում եմ, եւ մենք հավասար ենք, եւ հիմա պետք է հաղթի արժանագույնը: Այսպես եմ մտածել: Դա իմ ամենամեծ սկզբունքն է:
Պատահե՞լ է, որ Ձեզ համար մենամարտն այնքան դժվար է եղել, որ ցանկացել եք դադարեցնել այն ու հանձնվել:
Օ, ոչ: Չի եղել այնպիսի դեպք, որ ես ինքս ցանկանամ հանձնվել:
Ձեր կարծիքով, հաղթե՞լն է ավելի դժվար, թե՞ պարտվելը:
Մարդ պետք է կարողանա պարտվել: Դա մեծ արվեստ է: Եթե իր պարտությունը մարդ չկարողանա ընդունել, նաեւ չի կարող ընդունել հաղթանակը: Գիտեմ, որ պարադոքսային արտահայտություն եմ անում: Ոչ բոլորը կարող են պարտվել: Շատ մարդիկ, ասենք, դեպրեսիայի մեջ են ընկնում եւ այլն: Իսկ ինձ համար կարգախոս է, որ դա ինձ չի սպանում կամ թերացնում, այլ կոփում է: Ես աշխատում եմ այնպես անել, որ չպարտվեմ: Բայց եթե (ես շեշտում եմ` եթե) դա լինի, ես ծանր չեմ տանի, այլ հակառակը` եռապատիկ, քառապատիկ ավելի տրամադրված կպարապեմ մյուս մրցաշարերի համար:
Եվ մի բան էլ` երբ ես հաղթանակած եմ դուրս գալիս մենամարտից, երբեք չեմ մտածում, որ «լավ է, ես հաղթանակեցի եւ վերջ. հիմա արդեն կարող եմ մրցաշարերից բացակայել, ոչ ճիշտ հաճախել կամ թուլացնել»: Ես միշտ փորձում եմ ինքնակատարելագործվել եւ առաջ գնալ, երբեք չեմ բավարարվում նույն մակարդակով:
2009 թ. սեպտեմբերի 12-ին` ARMFC 7-րդ մրցաշարի ժամանակ մեր թերթին տված հարցազրույցում, մարզիկներից շատերը ասում էին, որ իրենք ռինգից դուրս ընկերներ են, իսկ ռինգում նույնիսկ կարող են մենամարտել իրենց հարազատ եղբոր հետ: Համամի՞տ եք այս տեսակետին: Ռինգում դիմացինից ստացած հարվածները որեւէ կերպ ազդո՞ւմ են ռինգից դուրս նրա հետ հարաբերությունների վրա:
Օ, ոչ: Դա մարզիկի հատուկ հոգեբանություն է: Ցանկացած մարզիկ պետք է ունենա այն հոգեբանությունը, որ մենամարտը մենամարտ է, իսկ ռինգից դուրս, իրոք, շատ լավ ընկերներ կարող են լինել: Բոլորովին այնպես չէ, որ դրսում գնան, ասեն. «Դու մենամարտի ժամանակ այդպես արեցիր, ես էլ` այսպես» (հայկական այդպիսի շատ տիպիկ մտածելակերպ կա): Պետք է առողջ դատողությամբ նայել դրան: Իսկ եթե մարդ առողջ դատողություն չունի, ես պարզապես ցավում եմ այդ անձի համար:
Եղե՞լ է, որ մենամարտեք Ձեզ մտերիմ ու հարազատ մրցակցի հետ եւ իր նկատմամբ ավելի ներողամիտ լինեք, ինչ-որ տեխնիկաներ չկիրառեք, որոնք ուրիշ դեպքում կկիրառեիք:
Եթե երկու հակառակորդ դուրս են գալիս մենամարտելու, նշանակում է` երկուսն էլ ցանկանում են հաղթել: Թե հիմա ո՞վ կհաղթի, արդեն կախված է իրենցից, եւ ըստ այդմ` երկուսն էլ ցանկություն ունեն հաղթելու, հետեւաբար երկուսն էլ ամեն ինչ կանեն, որ հաղթեն: Եթե մարդ նախօրոք իմանա, որ ինքը պարտվելու է, գորգ դուրս չի գա:
Ֆիզիկապես ուժեղ լինելը ձեզ հոգեպես ավելի ուժեղ դարձրե՞լ է: Ձեր կարծիքով` ֆիզիկական եւ հոգեկան ուժը կապվա՞ծ են իրար հետ:
Այո, բայց ինձ համար ավելի կարեւոր է հոգեպես ուժեղ լինելը: Մարդ կարող է լինել ֆիզիկապես ուժեղ, բայց հոգեպես շատ տկար, շատ թերի, նկատի ունեմ` ինքնավստահություն չունենա: Հասարակ օրինակ` դրսում ինչ-որ մեկը մյուսին վիրավորում է եւ այլն, իսկ տվյալ անձը կտեսնեք` ֆիզիկական տվյալներ ունի, բայց ինքնավստահություն չունի, որ նրան, ով նեղվում է, պաշտպանի: Իսկ եթե, ասենք, հոգեպես ուժեղ եք եւ ինքնավստահ (ես շեշտում եմ` հոգեպես ուժեղ լինելը ինձ մոտ արտահայտված է ինքնավստահությամբ), դուք ետ չեք քաշվի, այլ միանգամից կգնաք, եւ ձեզ շատ չի հետաքրքրի` ինչպես, եւ այլն, եւ այլն, երբ տեսնում եք, որ այս անձը հիմա ճնշվում է, եւ պետք է իրեն օգնել:
Հաճա՞խ եք օգնում ճնշվողներին:
Ճիշտն ասած` մինչ հիմա այդպիսի մեկ դեպք է պատահել:
Մեկնաբանել