HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ու Լիտվայի արտգործնախարարները հանդիպել են

Մարտի 7-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանում այցելությամբ գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսի հանդիպումը։

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորեց Լիտվայի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը և ընդգծեց, որ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1991 թվականին, Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունները մեծապես նպաստում են տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը:

Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար` Լինաս Լինկևիչուսը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև վերջին տարիներին ակտիվացած համագործակցության կապակցությամբ և ընդգծեց լիտվական կողմի պատրաստակամությունը դրանք առավել ամրապնդելու և ընդլայնելու վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում նախարարները բովանդակալից զրույց ունեցան հայ-լիտվական երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Կարևորվեց 2011թ-ի Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի այցելությունը Հայաստան, քննարկվեց նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Անդրադարձ կատարվեց երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների շարունակականության ապահովման անհրաժեշտությանը, միջխորհրդարանական համագործակցությանը ընդլայնմանը:

Նախարարներ Նալբանդյանն ու Լինկևիչուսը անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության ամրապնդմանը, առևտրատնտեսական և պաշտպանական ոլորտներում համագործակցությանը, ձևավորված իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, գիտակրթական և մշակութային կապերի ակտիվացմանը։

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների շուրջ քննարկումները։ Արձանագրվեց, որ Հայաստանը այս տարիների ընթացքում լուրջ առաջընթաց է գրանցել Եվրոպայի հետ մերձեցման գործընթացում։ Քննարկվեցին 2013 թ. վերջին Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթաժողովի  նախապատրաստական աշխատանքները։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter