HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի համոզմամբ՝ ինտերնետի գները նվազելու են

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնացել է «ԴիջիԹեք» Բիզնես ֆորումի և Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումի բացման արարողությանը: Նա կարևորել է այն մեծ հետաքրքրությունը, որ կա համաժողովի նկատմամբ, քանզի «ԴիջիԹեքը» հարթակ է, որը կառավարությանը հնարավորություն է տալիս շփվելով ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ հասկանալ, թե որոնք են առաջնահերթություններն ու խնդիրները: 

«Այս հարթակի առանձնահատկությունն այն է, որ մենք առարկայորեն տեսնում ենք, թե ընկերությունները, ինչ նվաճումներ ունեն և ինչ նոր արտադրանք ու ծառայություններ են առաջարկում իրենց հաճախորդներին»,- ասել է վարչապետ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 21-րդ դարում առավել քան կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը:

«Եթե գնահատենք ոլորտի 3 տարիների զարգացման տեմպերով, այն մեր տնտեսության մեջ զբաղեցնում է առաջատարի դիրքը: Ես ցանկանում եմ հնչեցնել մի քանի ցուցանիշներ, որոնք վկայում են իմ ասածը. 2009 թ. մենք ավարտել ենք բջջային հեռախոսով ինտերնետից օգտվող 1.100.000, 2010թ.` 1.343.000, 2011թ. առաջին եռամսյակը` 1.700.000 բաժանորդներ ունենալով: Տեսնում ենք, որ երեք տարիների ընթացքում աճի տեմպերը այստեղ բավականին բարձր են: Եթե վերցնենք լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը, ցուցանիշները հետևյալն են 2009թ. մենք ավարտել ենք 70.000, 2010-ը 170.000 և 2011թ. առաջին եռամսյակն արդեն 240.000 բաժանորդներով: Չափազանց կարևոր է, որ բաժանորդների քանակը ուղեկցվում է գների նվազմամբ: Մինչև 1 մ/բ վայրկյանում լայնաշերտ ծառայությունների միջինացված գները 2009թ. ավարտել ենք 234.000 դրամով, 2010-ը` 71.000 դրամ, և 2011թ. առաջին եռամսյակում՝ 55.000 դրամ և այս միտումը նույնպես շարունակվում է: Այս տարի մենք արձանագրելու ենք գների նվազում»,- նշել է Տիգրան Սարգսյանը: 

Վարչապետի համոզմամբ՝ առկա միտումները, ընդհանուր առմամբ, ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար:

«Ցանկանում եմ նշել նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կառավարության կողմից դեռևս հինգ տարի առաջ հռչակվել է որպես առաջնահերթություն, ձևավորվել է խորհուրդ, որը ղեկավարում է վարչապետը, և պարբերաբար ոլորտի ներկայացուցիչների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում մենք քննարկում ենք այն հարցերը, որոնք մտահոգում են ոլորտի ներկայացուցիչներին և փուլ առ փուլ լուծումներ տալով` ստեղծում ենք ավելի բարենպաստ պայմաններ ոլորտի զարգացման համար»,- ասել է Տ. Սարգսյանը: 

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է «DigiTec Business» ֆորում ցուցահանդես, ծանոթացել բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների առաջարկներին:

Արդեն 4-րդ անգամ անցկացվող Դիջիթեք ֆորումն այս տարի, բաղկացած կլինի բացի Մայքրոսոֆթ Ինովացիոն ֆորումից, «DigiTec Business» ֆորում ցուցահանդեսից և Տեխնոլոգիական կոնֆերանսերի և սեմինարների շարքից, որոնց ընթացքում ներկայացվելու են ընկերությունների կողմից նախագծված վերջին լուծումներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են պետական մարմինների և գործարարների համար: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանություններ (3)

Պետրոսյան
Օրինակ: Նույն կառավարության աշխատակազմը հանդիսանում է ինտերնետ օգտագործման մեկ բաժանորդ, բայց ունենալով ներքին ցանց օգտագործողների քանակը մեկից շատ է:, Կամ Ինտերնետ ակումբները` հանդիսանում են մեկ բաժանորդ, իսկ օգտագործողների քանակը բնական է, որ մեկից շատ կլինեն:
Պետրոսյան
Ինչպես նայև անհասկանալի է մոտեցումը ԲԱԺԱՆՈՐԴ-ՕԳՏԱԳՈՐԾՈՂ ցուցանիշների համար
Պետրոսյան
Ես ուղղակի ցհեմ հասկանում պարոն Վարչապետի նշված ցուցանիշները, որտեղիցհ են դրանք վերցված, ինչ չափորոշիչներով են կատարված կանխատեսումները, այն դեպքում երբ միջազգային կառույցների կողմից անցկացված հետազոտություններով Հայաստանի արդյունքները ոչ լավատեսական են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter