HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ... Կաշառքի գործով դատաքննությունը շարունակվում է

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նախօրեին տեղի ունեցավ Գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գեւորգյանի, կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի,  Համակարգչային գրաֆիկայի եւ դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանի, ամուսիններ Արմինե Ենոքյանի եւ Արայիկ Ֆահրադյանի գործով դատական քննության հերթական նիստը:

Սվետլանա Գեւարգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Գեղարվեստի ակադեմիայում որպես ուսունագիտական գծով պրոռեկտոր, 2012 թվականի մայիսին՝ ընդգրկվելով 2012-2013 թվականների ուսումնական տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի կազմում, որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, հանդիսանալով առանձին լիազորությամբ կազմակերպական գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ, նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանի հետ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով վերջինիս ակադեմիա ընդունվելու համար 2012 թվականի ապրիլին ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի միջնորդությամբ ընդունել են էդուարդ Բարբարյանի ծնողներից՝ Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրաղյանից՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը, իսկ 2012 թվականի մայիսին Խաչիկ Ազիզյանի միջոցով Արմինե Ենոքյանից և Արայիկ Ֆահրաղյանից ստացել են առանձնապես խոշոր չափերի ՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար կաշառք։

Հայկ Փայասլյանին առաջադրվել է նույն մեղադրանքը` ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնը չարաշահելու համար:

Խաչիկ Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, ներկայանալով ակադեմիայի 2012-2013 թվականների ուսումնական տարվա դիմորդ էդուարդ Բարբարյանի ծնողների՝ Արմինե Ենոքյանի և Արայիկ Ֆահբադյանի անունից, նպաստել է վերջիններիս և ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Գևորգյանի միջև էդուարդ Բարբարյանին ակադեմիա րնդունելու համար կաշառքի առարկայի բնույթի ու չափի մեջ համաձայնության գալուն և Սվետլանա Գևորգյանի ու ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլար կաշառք ստանալուն։

Արայիկ Ֆահրադյանին եւ Արմինե Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու շուրջ նախնական համաձայնության գալով ՝ էդուարդ Բարբարյանի օգտին գործողություններ կատարելու, վերջինիս Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիա ընդունելու դիմաց 2012 թվականի ապրիլին միջնորդի՝ ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիգյանի միջոցով խոստացել են առանձին պաշտոնատար անձանց տալ առանձնապես խոշոր չափերի կաշառք։

Կաշառքի միջնորդ Խաչիկ Ագիգյանի միջոցով պաշտոնատար անձանց հետ կաշառքի առարկայի բնույթի ու չափի մեջ համաձայնության գալուց հետո՝ 2012 թվականի մայիսին, Երևան քաղաքի Իսահակյան 36-րդ հասցեում գտնվող Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի վարչական շենքում կաշառքի առարկա հանդիսացող 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլարն անմիջականորեն տվել են Խաչիկ Ազիզյանին՝ պաշտոնատար անձինք հանդիսացող, ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Գևորգյանին և նույն հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Հայկ Փայասլյանին փոխանցելու համար։

Խաչիկ Ազիգյանը նույն օրը կաշառքի առարկա հանդիսացող 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՍՆ դոլարն անմիջականորեն փոխանցել է Սվետլանա Գևորգյանին։

Դատական նիստին որպես վկա հրավիրված Էդուարդ Բարբարյանը, ներկայացնելով գործի հետ կապված իրեն հայտնի հանգամանքները, նշեց, որ 2011 թվականի վերջերին որոշել է ընդունվել Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժին: Մոր ամուսնու ընկերոջ` Գասպար Մելքոնյանի միջոցով Էդուարդը, նրա մայրը` Արմինե Ենոքյանը եւ վերջինիս ամուսինը` Արայիկ Ֆահրադյանը դեկտեմբերին հանդիպել են Խաչիկ Ազիզյանին, որպեսզի վերջինս գնահատի Բարբարյանի նկարչական ունակությունները: Ազիզյանը խորհուդ է տվել մասնավոր պարապել Գեղարվեստի ակադեմիայի դասախոսների մոտ, որպեսզի կարողանա ընդունվել: Դրանից հետո Էդուարդը սկսել է պարապել ակադեմիայի դասախոսներ Կարեն Գասպարյանի եւ Արթուր Թարմինյանի մոտ` ընդհուպ քննությունների օրերը:

Բարբարյանը ասում է, որ մայրը եւ վերջինիս ամուսինը եւս մեկ անգամ հանդիպել են Խաչիկ Ազիզյանին այն ժամանակ, երբ ինքը արդեն բավականաչափ պարապել էր: Այս Անգամ նրանք իրենց հետ տարել են Էդուարդի նկարած նկարներից եւ հետաքրքրվել են, թե արդյոք հնարավոր է, որ վերջինս անվճար համակարգում ընդունվի, սակայն Ազիզյանը անգամ չի էլ նայել նկարները եւ ասել է, որ եթե նրանք 4000 դոլար տան, ապա Էդուարդը կանցի անվճար:

Բերբերյանը ասում է, որ մայրը իր անունով բանկում գումար է ունեցել: Նա հիշում է, որ Արայիկը եւ մայրը վիճել են գումարը տալ-չտալու հարցով, Արայիկը գնտում էր, որ պետք չէ գումար տալ անվճար ընդունվելու համար, սակայն մայրը պնդել է, որ պետք է:

Բերբերյանի խոսքերով` ինքը գնացել է քննությունների` առանց տեղյակ լինելու գումարը տրվե՞լ է Ազիզյանին, թե՞ ոչ: Նա նշում է, որ քննությունների ավարտից հետո, երբ սույն գործը հայտնվել է ոստիկանությունում, նոր իմացել է, որ մայրը Ազիզյանին տվել է 3500 ԱՄՆ դոլար: Նա նշեց նաեւ, որ տեղյակ է, որ Արայիկը գումարը տալիս չի մտել Ազիզյանի աշխատասենյակ:

Անդրադառնալով քննությունների ընթացքին` Բերբերյանը նշեց, որ քննության ժամանակ իրեն ոչ ոք չի օգնել, ինչպես նաեւ չի նկատել, որ դիմորդներից որեւէ մեկին օգնած լինեն: Բերբերյանը 3 քննություններից ընդհանուր հավաքել է 39 միավոր` 2 միավորի պատճառով դուրս մնալով անվճար համակարգից եւ ցանկացել է բողոքարկել:

Դատախազ Գրիգորյանի հարցին, թե դահլիճում ներկա գտնվող Հայկ Փայասլյանին տեսել է քննության ժամանակ, Էդուարդը պատասխանեց, որ չի տեսել: Նա նշեց նաեւ, որ նախաքննության ժամանակ քննիչն իրեն հարցրել է, թե արդյոք ճանաչում է սույն գործով որպես վկա դատարան հրավիրված Ավետիք Ավետիսյանին, ով Դիզայնի բաժնի դեկանն է, եւ ինքը պատասխանել է, որ մեկ անգամ քննության ընթացքում վերջինս մտել է քննասենյակ եւ գնացել:

Դատախազ Գրիգորյանի միջնորդեց ընթերցել նախաքննական ցուցմունքի որոշ հատվածներ` հաշվի առնելով, որ դրանց եւ դատաքննական ցուցմունքի միջեւ էական հակասություններ կան: Մասնավորապես, Բերբերյանը նախաքնաական ցուցմունքում նշել էր, որ մինչեւ քննություններն իմացել է, որ գումարը տրվել է Ազիզյանին, որի պատճառով քննություններից հետո դժգոհ է եղել: Բայց դատաքննական ցուցմունքում ասում է, որ չի իմացել: Նա նշել է նաեւ, որ իր իմանալով` 3500 դոլար գումարի 2500 դոլարը վերադարձվել է, քանի որ անվճար չի անցել: Նախաքննական ցուցմունքում Բերբերյանը նաեւ գրել է, որ տեղյակ չի եղել , թե ով կամ երբ է տվել գումարը, սակայն դատաքննական ցուցմունքում ասում է, որ մայրն է տվել Ազիզյանին:

Բերբերյանը նշեց, որ ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ասաց դատարանում:

Գործով որպես վկա հրավիրված Ավետիք Ավետիսյանը, ով Գեղարվեստի ակադեմիայի Դիզայն բաժնի դեկանն է, նշեց, որ ընդունելության քննության ժամանակ ինքը եղել է ընդունող եւ մրցութային հանձնաժողովի անդամ: Սույն գործի մասին իմացել է Կարեն Գասպարյանից (Բերբերյանի մասնավոր դասախոսը): Գասպարյանը նրան պատմել է, որ Բերբերյանի ծնողները ցանկանում են բողոքել, որովտետեւ բերջինս չի ընդունվել անվճար համակարգում, ինչպես պետք է լիներ ըստ պայմանավորվածության, իսկ Խաչիկը ետ չի վերադարձնում գումարը: Ավետիքն ասում է, որ Գասպարյանին ասել է, որ եթե Բերբերյանը բանակ գնալու խնդիր չունի, ապա թող չբողոքի, կօգնենք, մյուս տարի կընդունվի: Ավետիսյանը նշում է, որ օգնել ասելով` նկատի է ուեցել այն, որ Բերբերյանը կգնա ակադեմիայում անցկացվող նախապատրաստական դասընթացներին, կաշխատի արվեստանոցում:

Ավետիքը հիշում է, որ Գասպարյանի հետ խոսելուց հետո իրեն զանգահարել է Ազիզյանը եւ հարցրել, թե արդյոք եթե ուսանողը վճարովի է ընդունվել, լավ սովորելու դեպքում հնարավոր է տեղափոխվել անվճար համակարգ եւ չգնալ բանակ, որին ի պատասխան նա նշել է, որ հնարավոր չէ: Նա նշում է, որ իր հիշելով` Փայասլյանն իրեն ասել է, որ Սվետլանան էլ է երեւի գումար վերցրել, ինքն էլ ասել է` վերցրել են, հիմա էլ թող ինչ ուզում են, անեն:

Ընթերցվեց նաեւ դատարանի թույլտվությամբ Ավետիսյանի եւ Հայկ Փայասլյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային գաղտնալսումների արձանագրությունները, որի ժամանակ նրանք ենթադրում են, որ Սվետլանային գումար է տրվել:

Անդրադառնալով քննությունների անցկացման կարգին եւ դրանց ընթացքին` Ավետիսյանը նշում է, որ բացի ընդունող եւ մրցութային հանփնաժողովից, կար նաեւ գնահատող հանձնաժողով, որի նախագահը եղել է Սվետլանայի եղբայրը:

Նա նշում է, որ գնահատող հանձնաժողովն ըստ աշխատանքների գնահատում է դիմորդնիերին, որից հետո ընդունող եւ մրցութային հանձնաժողովը ըստ միավորների տարբերակում է նախ անվճար, ապա վճարովի համակարգով անցած դիմորդներին:

Սվետլանա Գեւորգյանի այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ընդունող հանձնաժողովը կամայական ընտրություն կատարի եւ խախտի վճարովի եւ անվճար ընդունվածների ցուցակը, Ավետիսյանը պատասխանեց, որ հնարավոր չէ:

Սվետլանա Գեւորգյանի այն հարցին, թե արդյոք իր կամ Փայասլյանի խնդրանքով Ավետիսյանը որեւէ գործողություն արել է, վերջինս նշեց, որ չի արել: Նա նշեց նաեւ, որ Փայասլյանը, ով եղել է ընդունող եւ գնահատող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, չէր կարող որեւէ կերպ ազդել գնահատականների հաշվարկի վրա:

Դատաքննության ընթացքում Ավետիսյանը պարբերաբար նշում էր, որ Էդուարդը Սվետլանայի ասած 3 երեխաներից մեկն է:

Դատախազի հարցին, թե ինչ էր ասել Սվետլանան, նա պատասխանեց, որ այդ երեք դիմորդների նկարներն իրեն խնդրել էին նայել եւ տեսնել, թե արդյոք լավ են նկարում, քանի որ նրանցից 2-ը Գեղարվեստի ակադեմիայի աշխատակիցների երեխաներ են եղել, բայց ոչ Էդուարդը:

Սվետլանա Գեւորգյանի հարցին, թե արդյոք այդ երեխաներից որեւէ մեկը ընդունվել է անվճար, Ավետիսյանը ասաց, որ երեքն էլ վճարով համակարգում են ընդգրկվել:

Արաքս Մամուլյան
ԵՊՀ, Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter