Արման Սահակյանը` «Գյումրու տարվա մարդ»
Այս տարի 10-րդ անգամ «Գյումրու տարվա մարդ» տիտղոսը շնորհվեց գործարար Արման Սահակյանին: 33-ամյա բիզնեսմենն իր գործունեությունն սկսել է 2001թ.-ից` որպես «Սովռանո» ՍՊԸ հիմնադիր եւ տնօրեն: 2006թ-ից սկսած ակտիվ գործունեություն է ծավալել զանգվածային լրատվամիջոցների եւ գովազդի ոլորտում`հիմնելով կամ բաժնեմասեր ձեռք բերելով մի շարք ընկերություններում:
2010թ.-ից Սահակյանը նախագահում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը: Վերջինիս պատկանող 2 ընկերություն, 2010թ.-ի արդյունքներով, Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 10-րդ եւ 40-րդ տեղերում են:
Ինչպես նշեց «Գյումրու տարվա մարդ» հանձնախմբի նախագահ Սամվել Գրիգորյանը, այս կոչումը շնորհվում է Գյումրու հեղինակության եւ գյումրեցիների բարոյահոգեբանական, գիտամշակութային ավանդների աճին նպաստող, նախադեպը չունեցող գործունեություն կամ արարք իրականացրած անձի` անկախ դրանց իրականացման վայրից: Բայց եթե վայրը չի կարեւորվում, ապա ժամանակը, հակառակը. Խոսքը գնում է միայն տվյալ տարվա մասին: Իսկ Արման Սահակյանն հանձնաժողովի ուշադրությանն արժանացել էր անցած տարի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի զարգացմանը միտված իր գործունեությամբ:
«Ես անչափ զգացված եմ նման պատվի արժանանլու համար,- մրցանակի շնորհման կապակցությամբ ասաց Արման Սահակյանը,- ինձ համար մեծագույն պատիվ է «Շիրակի» նման մեծ ավանդույթներ ունեցող թիմը ոտքի հանելն ու այդպիսով Գյումրի քաղաքի կյանքում ինչ որ բան դեպի դրականը փոխելը»:
Պատվավոր այս կոչմանն արժանացել են նաեւ Լորիս Ճգնավորյանը, Արա Մինասյանը, Ռալֆ Յիրիկյանը, Նազիկ Ավդալյանը եւ այլք: Միայն 2007 թ.-ին էր, որ «Գյումրու տարվա մարդ» տիտղոսին ոչ ոք չարժանացավ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել