Ափսոս Թանգյան ազգանունը, ափսոս Սյունիքը
Սյունիքի արոտավայրերը ատրպատականցիներին վարձակալության տալու` vorotan.am («Որոտան» թերթ)-ի հրապարակումներից եւ դրա շուրջ ծավալված աղմկահարույց քննարկումներից ու մեկնաբանություններից «ապուշ կտրած» Սյունիքի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը, ով համաձայնագիր-հուշագրի ստորագրողներից է, հերթական անգամ մտավ «ապուշի» դերի մեջ` կարծես հավաստելով լրատվամիջոցների` իր մասին գրած` «կրկեսի մեյմունի» կարգավիճակը:
Մարտի 1-ին, երբ արդեն էլեկտրոնային կայքերում հրապարակված էր «Սյունիքում ահաբեկիչ է հայտնվել» վերնագրով հոդվածը, եւ, գուցե, չզգալով լրագրողին ահաբեկելու իր արարքի ողջ անհեթեթությունն ու հետեւանքները, Սամվել Թանգյանը շտապել է Սյունիքի մարզային ոստիկանության Սիսիանի բաժին դիմում ներկայացնել առ այն, որ «Անհայրենիք հայի այս տեսակը, կամ` Գալիս է հոտը…» հոդվածի հեղինակ Արեւհատ Ամիրյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, հեղինակությունը եւ հեգնանքով իրեն համարել է «ինչ-որ մեկ»` շատ լավ իմանալով իր` Սամվել Թանգյան անուն-ազգանունը:
Հակված եմ մտածել, որ ոմանք «բարեկամաբար» օգտվել են նրա` «ապուշ կտրածի» վիճակից եւ նպաստել ոստիկանություն դիմում գրելու նրա «նախաձեռնությանը», քանի որ գործընթացի` իր ձեռքով իրեն վերջնականապես ոչնչացնելու հետագա զարգացումները միայն դրան էին տանելու:
Աբսուրդն այն է, որ ոստիկանության Սիսիանի բաժնում, ընդունելով եւ գրանցելով նրա դիմումը, չեն փորձել, գոնե, եւ մարդկայնորեն, եւ` ծառայողական դիրքերից նրան հետ պահել հերթական անգամ «քցվելու», «ապուշ-ապուշ» ջարդուխուրդ լինելու ու «կրկեսի մեյմունի» կարգավիճակը «խորացնելու» իրավիճակից, քանի որ ապաքրեականացված է վիրավորանքի եւ զրպարտության մասին հոդվածը, եւ անհեթեթ էր ոստիկանության բաժին նրա` դիմում գրելը: Դեռ ավելին, չունենալով օրինական հիմք, Սամվել Թանգյանի դիմումում նշված «փաստերը» ուսումնասիրելու հանձնարարություն է տրվել ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննիչ Արման Նշանյանին, ով փութաջանորեն շտապել է այդ հանձնարարությունը կատարել` մարտի 4-ին «բացատրություն» վերցնելով հոդվածի հեղինակ Արեւհատ Ամիրյանից, ինչի իրավունքը չուներ:
Ես, իհարկե, չխոչընդոտելով հետաքննչի` մասնագիտական աշխատանքը, սիրով եւ հոժարակամ գրել եմ իմ բացատրությունը դիմումատուի «փաստերի» շուրջ` հորդորելով ավելի ուշադիր կարդալ հոդվածը` ուրիշի ուղղակի խոքի` չակերտներում արված մեջբերումը հոդվածագրիի հեղինակայնի խոսքից տարբերելու համար` լրագրողական ու մարդկային հետաքրքրությամբ ու համբերությամբ սպասելով, թե ուր է տանելու այս աբսուրդը:
Ոստիկանության հետաքննչին «բացատրություն» տալուց անմիջապես հետո 168.am կայքի մարտի 3-ի` «Իրանցիներին Սյունիքում արոտավայրեր չի վաճառվելու» վերնագրով հրապարակման մեջ հանդիպել եմ Սյունիքի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղվարչության պետ Սամվել Թանգյանի հետեւյալ խոսքին. մեջբերում եմ` «… Էդ պայմանագիրը հենց ընենց չի կնքվել, որ երկու պետությունների միջեւ կնքվի ինչ-որ Թանգյան Սամվելի կամ` ինչ-որ մեկի ուզելով»:
Պատճենելով հոդվածը եւ ընդգծելով այս տողը, ի հավելումն Արման Նշանյանին իմ տված բացատրության` կից գրությամբ դիմել եմ Սյունիքի մարզային ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Գ. Բեգլարյանին` խնդրելով այն ներառել քննվող գործի մեջ: (այն գրանցվել է ոստիկանության գրանցամատյանում` 486 համարի տակ` նույն` 04.03 2013 ամսաթվով):
Իրեն «ինչ-որ մեկ» անվանելու` լրագրողի «հեգնաքից» ինքնասիրությունը եւ հեղինակությունը վիրավորված ու ոստիկանություն դիմած Սամվել Թանգյանը նույն կարծիքին է նաեւ ինքն իր մասին` ասելով` «…էդ պայմանագիրը հենց ընենց չի կնքվել, որ երկու պետությունների միջեւ կնքվի ինչ-որ Թանգյան Սամվելի կամ` ինչ-որ մեկի ուզելով»:
Դե քանի որ աբսուրդի թատրոնում «կրկեսի մեյմունությունը» շարունակվում է, ես էլ բարեկամաբար հորդորում եմ Սամվել Թանգյանին` մի դիմում էլ իր դեմ գրի` իր անունից առ այն, որ ինքը վիրավորել է իր ինքնասիրությունը` իրեն համարելով «ինչ-որ Սամվել Թանգյան»:
Այս անգամ, գուցե, ոստիկանության Սիսիանի բաժնում մերժեն նրա դիմումը` օրենքի` ապաքրեականացված լինելու հիմքով:
Այլապես պիտի մտածեմ, որ Սամվել Թանգյանի` մարտի 1-ի ամսաթվով գրված դիմումը վերցնելիս կամ` իրենք չեն իմացել օրենքը, կամ` «հույսը դրել են» լրագրողի` հնարավոր չիմացության վրա, կամ` չարաշահել են իրենց լիազորությունները: Ուստի` պիտի հանրապետության ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուշադրությունը հրավիրեմ այս «գլուխկոտրուկի» վրա, իմանալու, թե առավելապես ո՞ր եղանակով են Սիսիանի ոստիկանությունում փորձել ընթացք տալ այս դիմումին:
Թե հետագայում ինչ ընթացք կտրվի Սամվել Թանգյանի` ոստիկանության Սիսիանի բաժին գրած դիմումին, հիմա արդեն էական չէ ոչ լրագրողի, ոչ էլ` դիմումատուի համար:
Ինձ մնում էր միայն, արդեն անհրաժեշտությունից ելնելով, մարտի 4-ի թվագրությամբ դիմել Սյունիքի մարզի դատախազություն` խնդրելով օրենքին համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկել մարզպետարանի վարչության պետին` փետրվարի 28-ին «Արեւիկին վերացնելու եւ նրա ընտանիքը ոչնչացնելու» հեռախոսային սպառնալիքներով լրագրողին ահաբեկելու համար: Դիմումին կցված է նաեւ մարտի 1-ին vorotan.am-ում հրապարակված հոդվածը:
Այժմ անդրադառնամ «Հայրենի°ք, ճանաչի°ր քո «հերոսներին» ենթախորագրին, որն ընտրել եմ փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանի` վերոնշյալ հրապարակման առթիվ արված մեկնաբանությունից, որտեղ գրված էր նաեւ` «Յա` Սամվել Թանգյան, յա նե` Սերժ Թանկյան»:
Նախ` կրկին խորին երախտագիտությունս եմ հայտնում բարոյական, մարդկային, մասնագիտական այն ահռելի աջակցության համար, որ ստացա այդ օրերին` գրչակից ընկերներից` ծանոթ-անծանոթ, էլեկտրոնային կայքերից, մարդկանցից, քաղաքացիներից, ում համար անընդունելի ու մերժելի է ահաբեկման եւ ուժի դիրքերից լրագրողի նկատմաբ հաշվեհարդար տեսնելու` արդեն «մոդայիկ դարձած» մեթոդը: Միաժամանակ խորին կարեկցանքով լցվեցի ամեն ինչին «ապուշ»-ի ընկալումով վերաբերվող իմ հայրենակցի հանդեպ, ով ինքը իրեն դրեց նման ողորմելի վիճակում:
«Վրդովված եմ, բայց պայքարի ավելի լավ եղանակ չեմ կարող առաջարկել. բացեք aravot.am-ի այսօրվա (մարտի 3) հայդ պարկ բաժինը եւ կտեսնեք մի նոր «Երեք պատճառ, թե ինչու չպիտի ոչխար պահել» հոդվածը: Եթե նպատակահարմար կգտնեք, արտատպեք Ձեր թերթում, ինչի համար միայն ուրախ կլինեմ: Հարգանքներով` Ձեր ընդվզումը կիսող եւ գրչակից բարեկամ Արամ Հովհաննիսյան»:
«Հոյակապ, ճիշտ, քաջ հոդված է», «իսկ Սամվել Թանգյանը ՊԻՏԻ ՔՐԵՈՐԵՆ պատժվի»,- գրել էՎարազ Սյունին Ամստերդամից:
Հայկ Խանումյանի գրառումը` «Էս գործի հեղինակները իրենք էլ չեն հասկանում, թե ինչ ճակատագրական սխալ են գործում»:
ՆԵՆԵ-ն գրել է` «Ախր էս մանր-մունրներն ովքե՞ր են, որ հող են տալիս: Էս ո˜ւր ենք հասել…»:
«Մի՞թե հայ տղամարդը սենց ա լինում: Ես ամաչում եմ, որ դուք հայ եք: Դուք, ո°մն պարոն, վախեցեք, որ մի օր ձեզ նման անգրագետների վերջը գալու է: Ամոթ ձեզ»:
Եղան անգամ բանահյուսական ժանրի հասնող մեկնաբանություններ: Վկայակոչեմ միայն մեկ-երկուսը:
«Սիսիանում ահաբեկիչ է հայտնվել» վերնագրին Անահիտ Մարգարյանը ավելացրել էր` «Սյունիքում մաուզերիստ է հայտնվել», Համլետ Միրզոյանը` «Սյունիքում դավաճան է հայտնվել…»:
«Ուսամա բեն Թանկենն ա˜…»,- գրել է Լիլիթ Գյոզալյանը:
Իսկ նրա «բարի» դեմքը, (ինչպես ինքն է իրեն համարում Ս. Թանգյանը henaran.am-ում) տեսնելով`Ալեքսանդր Քանանյանը գրել է` «Սա, ի դեպ, այն անմեղսունակն է, ով իրանցիների հետ արոտավայրերի վարձակալության հռչակագիր է ստորագրել»:
Չեմ կարող ուշադրության չարժանացնել ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գրառումը, ում` «ահաբեկվածի» «տառապանքը նույնպես փորձ ունի» եւ չվկայակոչել նրա հրաշալի ձեւակերպումը, ինչ նաեւ այս հոդվածի վերնագիրը դարձավ` «Ափսոս Թանգյան ազգանունը, Ափսոս… Սյունիքը»: Հոգեւոր հզոր Սյունիքը «ումա՞նց» ձեռքում է հայտնել հիմա:
Լինելով ազգագրագետ` Հրանուշ Խառատյանը քաջածանոթ է բռնակոթյան ծագմամբ` Թանգյան ազնվական ազգանվանը` հանձինս Մելիք Թանգիի, Ատրպատականի հայոց թեմի խնկելի Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանի, ում երկրորդ Խրիմյան Հայրիկ են ասում, եւ ում տոհմանունը կրելը միայն հպարտություն է: Ցավոք, Սամվել Թանգյան անուն- ազգանունը կրող «ինչ-ու մեկը» այդ տոհմից մրոտեց փառահեղ այդ ազգանունը` «ապուշ» եւ «կրկեսի մեյմուն» լինելով:
Բայց, միեւնույն է, փառք տոհմանունին եւ փառք Սյունիքին…
Արեւհատ Ամիրյան
Լուսանկարում՝ Արեւհատ Ամիրյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել