«Պատրաստ եմ աշխատելու եւ արդարամիտ լինելու»,- խոստացավ Շիրակի նոր մարզպետը
Շիրակի մարզի 6-րդ մարզպետին` ԱԱԾ տնօրենի արդեն նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին, մարզպետարանի աշխատակազմին եւ համայնքների ղեկավարներին ներկայացրեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Վերջինս հավաստիացրեց, որ մարզում շարունակվելու են այն բոլոր ծրագրերը, որոնք սկսվել են նախորդ մարզպետի օրոք, կիրականացվեն նաեւ նոր ծրագեր: «Ես կարծում եմ, որ այս տարին հատկանշական է մարզի եւ հատկապես Գյումրի քաղաքի համար: Ինչպես գիտեք, Գյումրին հայտարարվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաք, եւ այդ իմաստով ես կարծում եմ՝ մենք շատ անելիքներ ունենք, որպեսզի մեր գործընկերներին արտերկրից ներկայացնենք բոլոր ավանդույթները, այն բոլոր ձեռքբերումները, ինչով միշտ հիացրել է մեր ժողովուրդը Գյումրիի հետ կապված, ինչով մենք միշտ հպարտացել ենք»,- հայտարարեց փոխվարչապետը Արմեն Գեւորգյանը:
Նա կառավարության եւ դահլիճում ներկա գտնվողների անունից մեկ անգամ եւս շնորհավորեց նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` առաջին հերթին մաղթելով աշխատանքային հաջողություններ եւ ամենակարեւորը` առողջությունը: «Ես հույսով եմ, որ բացի համայնքների ղեկավարներից, բացի մարզպետարանի աշխատակիցներից, որոնք այս դահլիճում են գտնվում, շատ նորմալ գործնական հարաբերություններ կձեւավորվեն եւ այն բոլոր պետական կառույցների հետ, որոնց ղեկավարներն այսօր գտնվում են այստեղ: Նմանատիպ լավ ավանդույթներ արդեն ձեւավորվել են մարզում, եւ կարծում եմ, որ այդ իմաստով, այդ հարաբերությունները պետք է միայն օգնեն ավելի արդյունավետ, ավելի նպատակային դառնան այն բոլոր ծրագրերը, որ մենք իրականացնում ենք եւ իրականցնելու ենք մարզում»,- հույս հայտնեց Արմեն Գեւորգյանը:
Շիրակի նորանշանակ մարզպետն էլ իր հերթին խոստացավ, որ կփորձի աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ներկայում աշխատում են` կադրային ջարդ չի լինի: «Այդ համատեղ աշխատանքի մեջ կերեւա, թե ովքեր են շարունակելու աշխատել եւ ովքեր` ոչ: Դրական եմ տրամադրված բոլորի հանդեպ, չունեմ առանձնահատուկ որեւէ բան համայնքի, որեւէ պաշտոնյայի, որեւէ անձի հետ կապված,- հայտարարեց Ֆելիքս Ցոլակյանը,- այնպես որ ես կցանկանամ միայն մի բան ասել, որ պատրաստ եմ աշխատելու եւ արդարամիտ լինելու, այնպիսին, ինչպիսին ինձ երեւի պատկերացնում կամ ճանաչում են մարդիկ: Այստեղ նստածներից շատերի հետ ես շփվել եմ անձնապես, ինձ ճանաչողները գիտեն իմ վերաբերմունքը մարդու, աշխատանքի եւ ընդհանարպես հարաբերությունների մասով: Այլ բան ավելացնելու չունեմ, երեւի աշխատանքի ընթացքում մենք ավելի մանրամասն կխոսենք այն բոլոր հարցերի մասին, որ մեզ հուզում է»:
Տեղեկանալով, որ այսօր մարզպետարանում Շիրակի նոր մարզպետին ներկայացնելու է փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ վաղօրոք շենքի մոտ հավաքվել էին նաեւ «Գլենդել հիլզի» կողմից իրականացրած շինարարական աշխատանքներին մասնակցած եւ մի քանի ամիս աշխատավարձ չստացած շինարարները: Փոխվարչապետին եւ նորանշանակ մարզպետին նրանք փոխանցեցին իրենց պահանջը եւ, ստանալով խոստում, որ խնդիրը կարճ ժամկետներում կկարգավորվի, հեռացան մարզպետարանից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել