HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ Հայաստանի նախագահին, Ազգային ժողովի նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին

Գրում եմ Ձեզ, վերջնականապես համոզված լինելով, քաղաքացուն իր սահմանադրական իրավունքներն իրացնելուն խոչընդոտողը չինովնիկական ապօրինությունների պատնեշն է։

Դա կարծիք չէ կամ էլ տեսություն, այլ իրականություն, որից ազատվելն անհնար է առանց պետության, հանձինս Ձեզ, միջամտության։   

Իրականությունն այն է, որ կամայականորեն զրկված ենք սեփականությունից։ Իրավունք ունենալով բնակավայրի և կադաստրային քարտեզներից, կադաստրի գույքի հաշվառման մատյաններից մեզ պատկանող գույքի անհայտացման և մեզ սեփականությունից զրկելու պատճառները բացահայտելու, տարիներ շարունակ դիմում ենք օրենքով չարգելված միջոցների, որի տված արդյունքը զրպարտանքն ու վիրավորանքն է, բարի անվան արատավորումը, իրավախախտում թույլ տված նոտարի փոխարեն ապօրինաբար պարտատիրոջ կարգավիճակում հայտնվելը։     

2006թ. հունվարից–հոկտեմբեր ամիս տևած քաշքշուկից հետո, կադաստրի Կապանի տարածքային ստորաբաժանման աշխատակիցը մերժեց գրանցել Կապան քաղաքի Գ. Արզումանյան փ., 3-րդ նրբանցքում գտնվող թ. 33ա հասցեում գտնվող անշարժ գույքը, հիմք չընդունելով Կապանի քաղխորհուրդի գործկոմի 1992թ որոշմամբ կադաստրի իրավանախորդ տեխնիկական գույքագրման  բյուրոյի կողմից տրված 1994թ. սեփականության իրավունքի վկայագիրը։

Փոխարենը, ըստ նրա՝ մերժման համար հիմք է հանդիսացել ինչ որ նոտարական գործարք, որն առ այսօր մնում է չհասկացված։ Այդպիսինն է, որովհետև վկայակոչված և ի ցույց դրված գործարքը դեռևս չէր կնքված  2006թ. հոկտեմբեր ամսին։ Այդ մտահղացումը նոտարի մոտ առաջացել է 2006թ. դեկտեմբերի 26-ին, երբ նույն թվականի դեկտեմբերի 23-ին ամուսինս դիմել էր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ միևնույն բակում գտնվող հանգուցյալ հոր գույքի նկատմամբ իր ժառանգության պահանջն անհիմն մերժելու համար։

Նոտարն այլընտրանք չի ունեցել, քան դիմել այդ քայլին, որով փորձել է արդարացնել նույն թվականի նոյեմբերի 17-ի ժառանգության պահանջի մերժումը։ Ի դեպ՝ նոտարը լինելով ընտանիքի ազգական, ազգասիրության մղումներով չէ, որ նոտարական վկայագրերում ժառանգական գույքի փաստացի գտնվելու հասցեն գրել է 1977 թվականից անվավեր ճանաչված անվանումով՝ Լենինի, փողոցի հասցեով, իսկ սուբյեկտների անձնագրային տվյալները կեղծել։

Նույն վկայագրերի հիման վրա կադաստրի Կապանի տարածքային ստորաբաժանման ղեկավարությունը կազմել է կադաստրային գործ և տրամադրել սեփականության իրավունքի վկայական մեկ այլ, այն էլ երկակի անվանումով փողոցի հասցեով՝ Ա. Մանուկյան /Լենինի/փ.,3-րդ, նրբ. տ.33։ Ղափանցի- կապանցիները, ինչպես նաև նոտարը, չեն կորցրել հիշողությունը, որ բնակավայրի Լենինի փողոցի հատվածը 3 նրբանցքով, վերանվանված Գ. Արզումանյանի անունով, անփոփոխ է առ այսօր և երբեք Ա. Մանուկյանի անվամբ չի կոչվել, իսկ 1977թ., իսկ խորհրդային պետությունից Հայաստանի Հանրապետությանը փոխանցված մեկ այլ փողոցի Լենինի անվանումն անվավեր է ճանաչվել, փողոցն Ա. Մանուկյանի անվամբ կոչվելով։

Մեր դիմումներին տրված պատասխանները, հիմնված բազմաքայլ խախտումների վրա վեր հանել  և հրապարակել է «Քաղաքացին ներկայացնում է ապացույցներ, բայց քրեական գործ չեն հարուցում» /2011թ. հուլիսի 7/ և «Քաղաքացին չգիտի, թե արդարություն գտնելու համար ում դիմի» /2011թ. օգոստոսի 4/ հոդվածները՝ հետաքննող լրագրողների «Հետք» թերթը։ Պատկան մարմինների, այդ թվում՝ նոտարական գործունեությունը վերահսկելու լիազորություն ունեցող արդարադատության նախարարության ու Նոտարական պալատի կողմից հոդվածների անարձագանք թողնելը վկայում է պաշտոնյաների նպատակային դիրքորոշումների մասին։   

ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ ոստիկանությունում, նրանց մարզային և տարածքային ստորաբաժանումներում քաջատեղյակ են մանրամասներին։ Նրանցից անբաժանելի է  կողմնակալ, լիազորությունների չարաշահմամբ պաշտոնեական կեղծիքների պարտակելուն ուղղված գործողությունները։ Անգործության է մատնված վերադասության կարգով բողոքը քննարկելու կարգի կիրառումը։ Ոստիկանության ծառայողները շարունակում են «Եզրակացություն» և «տեղեկանք» կազմելով , գրագրություններ ուղարկելով փակել գործը։

Վերադաս մարմնում՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ս.թ. փետրվարի 1-ին ժամը 10-15-ից մինչև 17-55-ը տվածս գրավոր և բանավոր բացատրություններն ու 120 թերթից ավելին ապացույցներն որևէ դերակատարում չունեցան արդարությունն երևան հանելու համար։ Արդյունքում սպառվել է ոստիկանապետի մոտ ընդունելության գնալու իմ իրավունքը, քանի որ այդ նյութերով կազմված տեղեկանքն անձամբ է ստորագրել ոստիկանապետը՝ ըստ նրա օգնականի։    

Դիմումներիս և հարցումներիս կարուսելային պատասխաններն այլևս հիասթափեցրել են, առիթ հանդիսացել կառավարման մարմինների նկատմամբ անվստահության խորացմանը։

Կարուսելում է հայտնվել նաև 2012թ. ՀՀ մարդու իրավունքի պաշտպանին հասցեագրված դիմումս, որը վերջինիս որոշմամբ ուղարկվել է գլխավոր դատախազին։ Սյունիքի մարզային դատախազություն հասած դիմումս դատախազի տեղակալի նոր ի հայտ եկած հանգամանքով քննություն կատարելու հանձնարարականով ոստիկանության Կապանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքում ստացավ իր ամենանգամվա ձևակերպումը։ Իսկ թե ինչ առնչություն ունի նոր երևան եկած հանգամանքն Ընդդեմ «Կապան»  նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանի զրպարտանքի, վիրավորանքի փոխհատուցման պահանջով հայցով 1-ին ատյանի կայացրած ակտի վերաբերյալ վերաքննիչ բողոքս, դժվար չէ կռահելը։   

«Կապան» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանը «Հետք» թերթի հոդվածագրի նոտարական գործարքների պարզաբանման նպատակով արված հեռախոսազրույցն օգտագործել է որպես ընձեռնված հնարավորություն ինձ զրպարտելու և վիրավորելու համար։

Նոտարը չվարանելով, որ մի դեպքում խախտում է նոտարական էթիկայի կանոնները, մյուս դեպքում՝ թույլ է տալիս իրավախախտում, մի շարք անգամ իմ հասցեին հնչեցրել է զրպարտչական և վիրավորական արտահայտություններ, մասնավորապես, որ դիմումներ գրելով վիրավորում և վարկաբեկում եմ պաշտոնյաներին, որ իբրև՝ ինչ որ ղեկավարի մոտ արտահայտվել եմ, որ դիմումներ գրելն ինձ համար հաճելի ժամանց է, որ իբրև ազատ ժամանակս լրացնում եմ դիմումներ գրելով և այլն։ Նա անձնավորելով իրեն ուղղված հարցերը, խուսափել է պատասխանելուց, թե ինչպես է պատահել որ գործարք է կնքելգոյություն չունեցող հասցեներով կամ ինչու են փաստաթղթերը հակասում մեկը մյուսին։

Իրենց ուղարկված հեռախոսազրույցի ձայնագրության սկավառակից և հեռախոսազրույցի վերծանված տեքստից նոտարական գործունեությունը վերահկող  մարմինները տեղեկացված լինելով զսպվածությունից և խոսքի կուլտուրայից հեռու, ուրիշին նսեմացնելուն ուղղված իրեն բարձր դասած նոտարի արտահայտությունների մասին, գտել են որ դրանով էթիկայի կանոնների խախտում թույլ չի տրվել, հարկ չհամարելով ուշադրության արժանացնել գոյություն չունեցած հասցեներով կնքված նոտարական գործարքների և իրար հակասող փաստաթղթերի վերաբերյալ հարցումներին։ Չէ որ օրենսդրական խախտումները նույնպես, ներառված են նոտարական էթիկայի կանոնների մեջ։ Նրանք գերադասեցին զերծ մնալ նոտարական գործարքների օրինականությունը ստուգելուց։

Վերադասի կողմնակալ վերաբերմունքը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ընդդեմ «Կապան» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանի ՍԴ/0638/02/11 գործով  անարդար դատաքննությանը նպաստած պայմաններից առաջնայինն է, որին  հետևել են դատական ծառայողների գործավարության կանոնների խախտումները։

Դատավորը, որի համար նույնպես պարտադիր են գործավարության կանոնները, աչք է փակել այդ խախտումների վրա։ Հայցադիմումս, հանձնված դատարանի գրասենյակին 2011թ. դեկտեմբերի 8-ին, մուտքագրվել է դեկտեմբերի 14-ին, ստեղծելով նախապայման՝ հայցի վաղեմություն կիրառելու համար, որն ավելի քան  անհրաժեշտ էր առանց քննության թողնելու հայցս և այն հիմնավորող ապացույցները, ՍԴ/0638/02/11 գործը մի կողմ շպրտելու համար։

Հակառակ դեպքում՝ դատարանը պարտավոր էր իր վարույթում գտնվող ընդդեմ նոտար Վիեննա Հայրապետյանի հայցով գործի մասին արդարադատության նախարարությանը տեղեկացնելու պաշտոնապես, միաժամանակ պահանջելով նախարարության լիազորագիրը։ Քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ ընդգրկված նոտարը, որպեսզի խուսափի իր արտահայտություններն ապացուցելու պարտականությունից և թույլ տված իրավախախտման համար պատասխանատվությունից, գերադասեց թաքնվել՝ մտնելով անպատշաճ պատասխանողի և անպատշաճ հայցվորի դերերի մեջ։

Դատարանն էլ աջակցել-հովանավորել է, մասնակիորեն բավարարելով քաղաքացի Վիեննա Հայրապետյանի «հակընդդեմ հայցադիմում» վերնագրված հայցը, որին նույնպես կցված չէ նախարարության լիազորագիրը, նոտարական հավաստագիրը, բացակայում են նոտար լինելու, գործունեության վայրի, ՀՀՎՀ-ի մասին տվյալները։ Իսկ ինչ որ բան շեղելու նպատակով կեղծվել է բնակության հասցեն, նշելով նոտարական գրասենյակի հասցեն։ Նոտարը դատարան է ներկայացրել փաստաթղթերի նկատմամբ սահմանված պահանջներից զուրկ՝ առանց ամսաթիվ-ամիս-տարեթիվ նշագրումով, հերթական համարների փաստաթղթեր, որն էլ նշանակում է որ դրանք նա ձեռք է  բերել անօրինական ճանապարհով։ Դրանցում կա նաև արդարադատության նախարարությունից գրություն, հասցեագրված ինձ, բայց ինձ ուղարկված չի եղել։ Նոտարը չարաշահել է ապացույցների ապահովվման իր լիազորությունը։ Դատարանն էլ աչք է փակել, միաժամանակ անտեսելով այն փաստական հանգամանքների վրա, որ հայցս լինելով ընդդեմ «Կապան» նոտարական տարածքի նոտարի, հայցադիմումի պատասխան, առարկություններ, հակընդդեմ հայցադիմում իրավունք ունի ներկայացնելու միայն ի պաշտոնե նոտարը, որի ներկայացրած փաստաթղթերը պետք է կազմված լինեին միմիայն նոտարի անունից, ստացված և առաքված՝ նոտարական գործավարության կանոններով՝ նոտարական ձևաթղթի վրա, ելք-մուտքի մատյանային գրանցումներով, առաքման սահմանված ձևով։

Ոչ լրիվությամբ նշված կոպիտ խախտումների առկայությամբ, դատավոր Անահիտ Թումանյանը կայացրել է դատական ակտ, որը վերաբերելի չէ իմ հայցադիմումին։ Ակտն այդ հեռու է արդար դատաքննության սկզբունքներից, քանի որ չի համապատասխանում Սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի որոշման դրույթներին։   

 Դատարանն առանց վարանելու խախտել է իմ «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն» սահմանադրական իրավունքը։ Համատեղ խախտել է լրատվամիջոցի իրավունքը, անուղղակի կարգով նրա վրա դնելով շեշտադրված «հերքման տեքստ»-ը տպագրելու պարտավորություն, հարկ չհամարելով որպես 3-րդ կողմ ներգրավել «Հետք» թերթին։

Նույն դատական ակտով որոշված պետական տուրքի և բավարարված պահանջի միջև առկա հակասությունը փաստում է, որ ես այդ ակտով պարտականություններ չունեմ, իսկ թե Վիեննա Հայրապետյանի միջնորդությամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տված կատարողական թերթը որ դատական ակտով է, դեռևս պարզաբանված չէ։

Լիահույս եմ որ նոր երևան եկած հանգամանքներով վճռաբեկ բողոքս վերանայելու 2013թ.փետրվարի 26- ին Վճռաբեկ դատարան ուղարկված դիմումս կընդունվի վարույթ և կհանգուցալուծվեն շատ խնդիրներ։ Սույն նամակս առաքման եմ հանձնել մայրաքաղաքից, որովհետև  Վարչական և Վճռաբեկ Դատարանների անունից ինձ, ինչպես նաև իմ ներկայացուցչին ուղարկված անպատշաճ որոշումներն ու նամակները կասկածելու տեղիք են տվել։ Կասկածանքներս հիմնավորվեցին հանգամանքով, որ տարբեր վայրերում գտնվող դատարանների նամակներն առաքման են հանձնված մեկ այլ վայրում գտնվող թ.0013 փոստային բաժանմունքից, համապատասխանաբար թ.0026 և թ. 0010 փոստային բաժանմունքներից առաքվելու փոխարեն։ 0013 փոստային բաժանմունքի հարևանությամբ գտնվող փոստ փոխանակման կենտրոնում հանձնվում, այնտեղից էլ ստանում են Կապանից ստացվող և Կապան առաքվող փոստը։ Վերաքննիչ և վճռաբեկ դատարանների որոշումները հեռու են իսկական համարվելուց և իրենց ջնջուներով, անփույթ տեսքով և ձևակերպումներով, առկա սխալներով, կնիքների և ստորագրությունների քսերոպատճենահանված լինելով հարիր չեն վերադաս ատյաններին։

Առցանց հաղորդագրությամբ հիմնավոր կասկածներիս մասին հայտնել եմ ԱԱԾ-ի պետ պարոն Գ. Հակոբյանին և Հատուկ քննչական ծառայության պետ պարոն Ա. Միրզոյանին։ Վերջինս այն վերահասցեագրել է գլխավոր դատախազությանը։ Գործընթացի վերաբերյալ դեռ տեղեկացված չեմ։ Հաստատում և անփոփոխ եմ թողնում կարծիքս, որ «Կապան» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանի 2006թ. դեկտեմբերի 23-ի Կապանի Լենինի փ. 3-րդ նրբ.,թ.33, այնուհետև՝ Կապանի Ա. Մանուկյան փ., 3-րդ նրբ, թ.33 հասցեներով գործարքները շինծու են։ Դրանցով թաքցված են մեզ սեփականությունից, ամուսնուս՝ ժառանգությունից զրկելու փաստական հանգամանքները։

Դիմում եմ Ձեզ՝ ակնկալելով որ Ձեր անմիջական վերահսկողությամբ արդարադատության նախարարությունը կիրականացնի պատշաճ վերահսկողություն՝ ստուգելով նոտարական գործարքների և ՍԴ/0638/02/11 գործով դատական ակտի օրինականությունները, իսկ ոստիկանության համապատասխան կառույցներում ձեռնամուխ կլինեն բացահայտումներ անելուն, որը կտևի ընդամենը մեկ-երկու ժամ, եթե իհարկե, մինչև հիմա չեն բացահայտել։

Հարգանքներով՝  Սիլվա Բալայան

Մեկնաբանություններ (2)

Arpine
...Վերջապես կլինի մի օր , որ պաշտոնյաները իսկապես օգնեն ու պաշտպանեն արդարությունը: 1-2 պաշտոնյայի կատարած իրավախախտումների համար խայտառակեն, ու հեռացնեն գործից, մնացածները կխելոքանան ու քաղաքացիներն էլ հանգիստ կապրեն: Սիլվային և Վալերիկին ցանկանում եմ համբերություն և կարծում եմ նախագահը անպայման Ձեր իրավունքները կվերականգնի
Սիլվա Բալայան
Երեկ, ոտկեսօրյա ժամերին զանգահարել եմ Վճռաբեկ դատարան, մարտի 5-ի դրությամբ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից չուղարկված ՍԴ/0638/02/11 գործի ստացման մասին տեղեկություն ստանալու։ Ինձ պատաս-անեցին, որ գործն այդ պահի դրությամբ չէր ստացվել, այնինչ՝ նոր երևան եկած հանգամանքներով վճռաբեկ բողոքի վերանայման համար դիմումի օրինակը 01.03.2013թ. ստացած 1-ին ատյանը պարտավոր էր հաջորդ օրը վճռաբեկ դատարան ուղարկել գործը։ Հերթական ,,վրիպակը,,...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter