HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2014 թ. Հայաստանում կստեղծվի մետաղյա իրերի հետազոտման և պահպանման տարածաշրջանային կենտրոն

ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի միջև երեկ ստորագրվել է հուշագիր, որով հիմք է դրվել մշակութային ժառանգության պահպանության գործում հայ-ճապոնական համագործակցությանը:

Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են իրականացնել Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական մետաղյա իրերի հետազոտության և պահպանության համատեղ ծրագիր, որը նպատակաուղղված կլինի աշխարհում հնագույն մետաղագործական կենտրոն համարվող և հարուստ ժառանգություն ունեցող Հայաստանում մետաղյա իրերի հետազոտման և պահպանման տարածաշրջանային կենտրոն ստեղծելուն:

Հուշագրով մեկնարկող ծրագիրը կընթանա մինչև 2014 թ: Գործընթացը կիրականանա 4 փուլով: Ծրագիրը նախատեսում է ներուժի զարգացում` Հայաստանի պատմության թանգարանի մասնագետների մասնակցությամբ, գիտական վերլուծություն և պատմահնագիտական հետազոտություն, որի ընթացքում նախատեսվում է իրագործել ՀՀ տարածքում պեղված, մասնավորապես Կարմիր բլուրի մշակութային ժառանգությունը ներկայացնող և Հայաստանի պատմության թանգարանում պահվող հնագիտական մետաղյա առարկաների հետազոտման և ամրակայման աշխատանքներ, առարկաների նյութերին և տեխնիկաներին վերաբերող հետազոտական գործունեություն:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ` հայ-ճապոնական այս համագործակցության արդյունքում կիրականացվի տարածաշրջանի հնագետների, վերականգնողների և ոլորտային այլ մասնագետների վերապատրաստում, որի արդյունքում 2014թ. տարածաշրջանում առաջին անգամ կգօրծի նորագույն տեխնոլոգիաներով, նյութերով զինված և փորձառու մասնագետներով հնագիտական մետաղյա իրերի հետազոտման և պահպանման կենտրոնը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը և Տոկիոյի մշակութային արժեքների հետազոտության ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Նոբուո Կամեին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter