Գա՝ ի՞նչ անի
Ֆեյսբո՞ւքը: Չոռ ու ցավ ֆեյսբուքին, որ խոզի գրիպից էլ բեթար. վարակվեցիր, վայ թե պետության կողմից տրված անվճար դեղերն էլ չօգնեն, ո՞ւր մնաց թե հոնի մուրաբան կամ օղին, ինչպես էկրանից ասում է ոչ պակաս հայտնի բժիշկը: Հա, իմիջայլոց, խեր ըլնի, էս անգամ էս խի՞ են էսքան անհանգստացած մեր առողջությամբ. առավոտ, իրիկուն ասում են՝ բուժհիմնարկներից կարող եք անվճար դեղորայք ստանալ գրիպով հիվանդանալու դեպքում: Ասում եմ՝ չլինի՞ ինչ-որ չինովնիկի պահեստում ժամկետանց դեղերի խմբաքանակ է հայտնաբերվել:
Չէ~, լիներ, կիրակի օրը Շամշյանն իմաց կտար, էստեղ մի բան էն չի, իսկ եթե զգուշացնում են գրիպով չհիվանդանալու համար չմրսե~լ, ցուրտ եղանակին տնից դուրս չգա~լ, թեթև հարբուխ ունենալու դեպքում աշխատանքի կամ դասի չգնա~լ են հորդորում, խորհուրդ են տալիս լավ սնվել, հնարավո՞ր է, հանրահավաքի գնալու դեմն առնելու կամ էլ հացադուլի մասին մտքներովը չանցնելու համար են ասում: Ամեն դեպքում մալադեց, որ հոգ են տանում. ես ո՞վ եմ, որ ավելի խելոք միտք ասեմ, քան «նպատակն արդարացնում է միջոցը» հայտնի համարյա ասույթը:
Այ մարդ, բա որ լյարդի ցիրոզով տառապող ագարակցի Աշխենն ամեն անգամ մի կերպ հիվանդանոց է հասնում իրեն հասանելիք անվճար դեղերը ստանալու համար, էդ ո՞նց է, որ միշտ ասում են՝ նիխտ: Բա որ էրկու կոպեկ գտավ Էրևան հասավ, չէէէ~, ի~նչ Ազատության հրապարակ, տելեվիզորով խոսող նույն էդ մարդու մոտ: Կամ նա նո՞ր պիտի Ազատության հրապարակ գնա. միայնակ մոր կարգավիճակ ունեցող կինն ու անչափահաս տղան քանի տարի է, ոչ ինքնակամ հացադուլի մեջ են. մի քանի կոպեկ նպաստով հաց ու ջո՞ւր անեն, թե՞ 1-ին կարգի հաշմանդամի համար նախատեսված անվճար դեղորայքն առնեն:
Էս մասին ֆեյսբուքում էլ են ասում. էջդ բացեցիր թե չէ՝ լույսի վրա հավաքված ճանճերի նման վրա են տալիս անկապ լայքերը. պատահում է՝ ինչ-որ բան ես ուզում գրել, բայց դեռ չավարտած, հանկարծ անզգուշաբար ձեռքդ սահում է տարածել հրամանի վրա, և մինչև փորձում ես շտկել, սկսում են հավանության արձագանքները. դու ախր դեռ ոչ մի տող չես գրել, որևէ անգամ անհեթեթ միտք չես հայտնել:
Սա շատ նման է էս օրերին քաղաքական տարբեր խմբերի արած հայտարարություններին. մեկն ինչ-որ խոսք է ասում, կարծիք էլ չի հայտնում, ոչ էլ որևէ տեսակետի հետ բանավիճում է, ուղղակի մի քանի լրագրողի է հավաքում, էկրանին հայտնվում ու սկսվե~ց. համացանցը հեղեղվում է երբեմն տափակության հասնող մտքի արձագանքներով, որոնք իրենց հերթին ոչ թե դրա շուրջ քննարկումներ են, այլ copy past-եր, տարբերությունն էլ միայն այն է, թե նայած անունն են սկզբում նշո՞ւմ, թե՞ ազգանունը: Լրատվամիջոցը մեղք չունի. ասված խոսքի մեջ լուրջ իմաստ /իմասսսսսստը/ չկա, որ դրա շուրջ քննարկում ծավալվի: Այն տպավորությունն ես ստանում, որ բոլորն ինչ-որ փրկօղակ են կրում՝ ոչ խորտակվելու, ոչ էլ ամբողջովին ջրի երեսին երևալու համար: Ինքնագրաքննությո՞ւն, թե՞ ինքնավերահսկում, գլխի չեմ ընկնում:
Հա, նույն էդ ժամանակ իմ էս Ֆեյսբուքում սկսվում են գրագրություններ. մարդիկ, ովքեր հստակ դիրքորոշում կամ գործելակերպ ունեն, մի քանի միտք են նշում, հետո սկսվում է սիրողական քննարկումը, մեկ-մեկ էլ ինչ-որ մեկն իր էջում հայտնված իրեն ոչ ցանկալի մի քանի դիտարկում ջնջում է, ու ստացվում է կցկտուր, անհասկանալի մի երկխոսություն: Էդ օգտատերը մեղավոր չի, իր ապահովության համար է անում, խառը ժամանակներ են, մեկ էլ տեսար, Պետրոսը կանչեց, թե դե դու քո հալը տես, ինչքան էլ ճարպիկ լինես /խելոք լինելը պարտադիր չի/, նրա հարյուր ձեռքի տակով անցնող հարցերից պրծնում չկա: Եվ այնուամենայնիվ... նա կշարունակի պնդել, որ վերջապես բերանիցդ թռցնես հենց էն միտքը, որի համար քեզ պատիվ է արել եթեր կանչելու:
Այ էստեղ, դու կրկնակի թակարդի մեջ ես հայտնվում. Պետրոսը դեռ հաղորդավարական սեղանից չի հեռացել, դու սկսում ես ֆռռալ ֆեյսբուքում, բայց եթե դու էլ Մեղրիի քաղաքապետի նման youtube-երում ֆռռալուց քեզ վատ ես զգում ու չես կողմնորոշվում ում կողմն անցնել, սկսում ես հիշել, որ մենք պատերազմող երկիր ենք, որ էս հրադադարը հեչ էլ մշտական չի, որ երկրաշարժ ու ցեղասպանություն տեսած ազգ ենք, որ Նարեկացի ու Մխիթարյան ֆուտբոլիստ ունենք: Չես էլ հասցնում մտաբերել, որ աշխատանք չունեցող հազարավոր, արտագաղթած հարյուրավոր ու մի էդքան էլ մեկնելու տոմսի փող չունեցող երիտասարդ ունես, ընտրություններին լավ տղա խաղացող ու լրագրողի ընտանիքին վերացնել սպառնացող պաշտոնյա:
Չես էլ կարող հիշել, որովհետև քո էդ աթոռանիստ Երևանում անգամ պաշտոնյաներ կան, որ չգիտեն՝ Սյունիք հասնելու համար ճանապարհը Գորիսից Կապա՞ն է տանում, թե՞ հակառակը: Բայց շատ ոգևորված հարցազրույցներ են տալիս Գորիսը շրջանցող ճանապարհի կառուցման մասին՝ ասելով, թե դրանով նոր հնարավորություններ կստեղծվեն եղբայրական Իրանի հետ հաղորդակցվելու համար:
Կարո՞ղ է՝ էդ ճանապարհը նախատեսում են Սյունիքի արոտավայրերում իրանցի չորքոտանիներին արածացնելու համար: Էս դեպքում վայ թե ճիշտ կլինի, որ Գորիսին ինքնավար մարզի կարգավիճակ տան, մանավանդ որ վերջերս շատ են իրենց հայրենիք սիրող երևակայողները, ովքեր Հայաստանը սկսեցին բաժանել բարև առնողների ու չառնողների, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեցին՝ ամոթ Գորիսին: Նույն էդ մարդկանց գլխավորներից մեկն, ի դեպ, էս նույն Պետրոսի եթերում վերջերս հայտարարեց, թե հասկանում ենք, մարզերից միտինգի չեն գալիս, «որովհետև ոչ թե իշխանություններն արգելում են, այլ չեն կարող երկու հազար դրամ ծախսել ու Երևան հասնել»:
Ես հիմա էդ մարդուն էրկու հատ երկու հազար եմ տալիս, թող Գորիսից քաղաք հասնի, թեկուզ հարազատ մարդու տանը գիշերելու մուննաթն էլ քաշի, հետո էլ պատասխան տա քաղաքից եկած մարդու բերածին նայող տնեցիներին ու նոր սկսի հայրենասիրության չէ~, բարոյախրատական ճառեր կարդա:
Մենակ թե էս ամենի մասին ֆեյսբուքում ոչ բոլորն են խոսում, ավելի շատ արձագանքներ, սպասողական հարցադրումների ես հանդիպում, քան արդեն միլիոնների հասնող խնդիրների լուծման առաջարկներ: Թե չէ միայն մտահոգությունով, անգամ իշխանափոխության կոչերով /աստված բեթարից ազատի/ չեմ հավատում, որ արտագաղթ կկանխվի: Լինի էլ՝ մեկ է, վերադարձող չի լինի, ինչքան էլ Հրանուշն աղերսի՝ «Արի տուն»:
Գա~ ի՞նչ անի՝ միտի՞նգ. մարտի մեկ տեսնող հավքն իր թևով...: Հացադուլի նստի՞. ընտանիքի սոված լինելու համար էր մեկնել, վարկ վերցնի, բիզնես բացի՞. էն մի վարկի պատճառով տունը կորցրեց: Հող մշակի՞. հ՞ող են թողել: Պատգամավո՞ր դառնա. երգել չգիտի: Կրթությո՞ւնը շարունակի. բնապահպանի էն մի դիպլոմն ասին մրցունակ չի: Ամուսնանա, երեխա՞ ունենա, բա որ հիվանդ լինի, բայց մի պաշտոնյայի տղայի փոխարեն բանակ զորակոչե՞ն: Ծա՞ռ տնկի, բա որ Գորիսի քաղաքապետարանի նման առավոտ կեսօր «սանիտարական հատո՞ւմ» կատարեն:
Շատ- շատ գա ու ֆեյսբուքում մի էջ բացի ու ոնց որ շատերի համար ֆեյսբուքում լինելը վայ թե փեշակ է դառնում, առանց դիպլոմի, անգլերենի, բարետես արտաքինի, անգամ լավ մեջքի, գործի կընդունվի ու առավոտից իրիկուն ամբախ-զամբախ լայքեր կտա:
Դե հենա սկայպով տնեցիքի հետ ամեն օր խոսում ա, խոստանում, որ ուրբաթ օրը փող կուղարկի, կարևոր չի՝ որ ուրբաթ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել