HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. կանանց նկատմամբ բռնությունները շարունակվում են՝ ստանալով նոր ձևեր

Նյու Յորքում իր աշխատանքներն է շարունակում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանը, որի մարտի 11-ի նիստին ելույթ ունեցավ կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Ընթացիկ նստաշրջանի առաջնային թեման է «Կանանց և աղջիկների դեմ բոլոր տեսակի բռնությունների վերացումն ու կանխարգելումը»:

Ներկայացնելով հարցի շուրջ Հայաստանի մոտեցումները՝ Կարեն Նազարյանը կարևորեց «Կանանց կարգավիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերակատարության ամրապնդման գործողությունների ազգային ծրագիրը», որը հստակ սահմանում է Հայաստանում կանանց հիմնախնդիրների լուծման սկզբունքները, առաջնահերթությունները և հիմնական թիրախները:

Նա նաև նշեց, որ Պեկինի համաշխարհային համաժողովից գրեթե երկու տասնամյակ անց կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ուղղությամբ պետությունները միջոցներ են ձեռնարկում՝ ամրապնդելով քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ դաշտը, բարելավելով բռնության զոհերի համար ծառայությունների մատչելիությունը:

Կարեն Նազարյանն ասաց, որ չնայած այդ ջանքերի, կանանց նկատմամբ բռնությունները շարունակվում են՝ ստանալով նոր ձևեր ու դրսևորումներ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ ՀՀ-ն շարունակում է սերտորեն համագործակցել միջազգային կառույցների հետ՝ խթանելու և կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» օրակարգը:

«Անհրաժեշտ է օգտագործել ազգային, տարածաշրջանային և գլոբալ հարթություններում բոլոր հնարավորությունները՝ նոր լիցք հաղորդելու գենդերային հավասարության ու կանանց կողմից սեփական իրավունքներից օգտվելու գործի խթանմանը, ինչպես նաև կառուցելու ռազմավարական գործընկերություն այդ օրակարգով առաջ շարժվելու համար»,- ասաց Կարեն Նազարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter