HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը Արտակ Նազարյանի գործով դատական նիստում դատախազները հանդես կգան մեղադրական ճառով

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը, եւ դատարանն անցել է դատավճռին նախորդող վերջին՝ վիճաբանությունների փուլին: Մարտի 13-ին նշանակված նիստում մեղադրանքը պաշտպանող դատախազները հանդես կգան մեղադրական ճառով:

Արդեն մեկուկես տարի տեւող դատավարության ընթացքում չեն ապացուցվել կամ հերքվել են այս քրեական գործով զինվորական դատախազության պաշտպանած մեղադրանքի բազմաթիվ փաստական հանգամանքներ, ուստի տրամաբանական է ակնկալել, որ զինդատախազությունը հրաժարվի ինքնասպանության հասցնելու վարկածով ներկայացված մեղադրանքից եւ հանդես գա սպանության փաստով նոր քրեական գործ քննելու նախաձեռնությամբ:

Դատավարության ընթացքում, մասնավորապես, բացահայտվել է, որ վկաները եւ ամբաստանյալները հարցաքննվել են Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանությունում ապօրինաբար 9-25 օր ազատազրկվելու եւ ճնշումների պայմաններում, ամբաստանյալներից երկուսը վկայել են իրենց նկատմամբ խոշտանգումների մասին: Դատարանում հարցաքննվելիս հետաքննությունը վարած քննիչը, փորձագետները եւ այլ վկաներ չկարողացան հիմնավոր եւ սպառիչ պատասխանել մի շարք կարեւորագույն հարցերի, որոնք առանց քննության էին մնացել եւ նախաքննության, եւ դատաքննության ընթացքում:

Օրինակ. ինչպե՞ս են մահից ոչ շատ առաջ եւ մինչեւ մոտ 6 ժամ առաջ առաջացել մարմնական վնասվածքներ Արտակ Նազարյանի մարմնին, ինչո՞ւ են մահից առաջ Նազարյանի ստացած բոլոր 120 փամփուշտները մահից հետո տեղում եղել, եթե Նազարյանը ինքնասպան է եղել սեփական ինքնաձիգից, ինչո՞ւ նրա ինքնաձիգի վրա մատնահետքեր չկան, ո՞ւմ հետ է Նազարյանն ալկոհոլ ընդունել մահից 1-1,5 ժամ առաջ, ինչո՞ւ մահից ժամեր առաջ Նազարյանին սպառնացած սպան չի հարցաքննվել մինչեւ մեղադրանքների առաջադրումը, ի՞նչ շահագրգռություն են ունեցել Նազարյանի նոթատետրը պարտակող սպաները, ինչո՞ւ Նազարյանի հագուստը չի ենթարկվել դատակենսաբանական եւ դատաքիմիական փորձաքննության՝ հայտնաբերելու այլ անձանց արյան հետքեր, եւ վերջապես ի՞նչ են տեսել այն յոթ զինծառայողները, ում մարմնի վրա հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ:

Ինչպես նախաքննության, այնպես էլ դատավարության ողջ ընթացքում զինդատախազության բոլոր ջանքերն ուղղված են եղել ինքնասպանության կանխակալ վարկածը ամեն գնով ապացուցելուն, ինչին մեծապես աջակցել է դատավոր Ս. Մարդանյանը: Վերջինս իր որոշումների մեծ մասում հիմնվել է դատավարության մյուս բոլոր մասնակիցներին հակառակ դիրքորոշում հայտնող զինդատախազների կարծիքի վրա եւ հրաժարվել դատաքննությունը լրացնել այնպիսի ապացույցներով, որոնք կբացահայտեին Ա. Նազարյանի մահվան իրական հանգամանքները:

Նախապատմությունը: Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է, եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում (մանրամասները տես մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011թ. բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին):

Նախաքննությունն ավարտվել է դեպքից ուղիղ մեկ տարի հետո եւ դատարան է մտել 2011թ. օգոստոսի վերջին: Նիստերը սկզբում ընթանում էին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, այնուհետեւ Երեւանում, իսկ 2012-ի հունվարից՝ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում: 

Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա ավարտել է ծառայությունն ու ազատության մեջ է: 

Դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյան: Մեղադրանքը պաշտպանում են զինվորական դատախազներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը: Ամբաստանյալ սպաների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը (Հ. Մանուկյանի պաշտպաններ), իսկ երեք շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը եւ Ալվարդ Մնացականյանը:

Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան (Հելսինկյան ասոցիացիա) Ռուբեն Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է Ծովինար Նազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter