HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին ազատամարտիկը պահանջում է երկրից վտարել «Հայաստանը հայհոյած» իրանցուն

Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Մխիթար Պապոյանի վարույթում, քննվում է մի քրեական գործ, որում ներգրավված են Հայաստանի ու Իրանի քաղաքացիներ: ՀՀ քաղաքացին տուժող, 38-ամյա ազատամարտիկ Ժաննա Զաքարյանն է, իսկ ամբաստանյալը՝ 33-ամյա իրանցի ըմբշամարտիկ Հասսան Աբոլֆազլ Ղոլամ Դոլաթխահը:  

Ժաննան պատմում է, որ զբաղվում է բրոքերությամբ՝ տուրիստների համար օրավարձով բնակարաններ է գտնում եւ տեղավորում: 2012-ի հուլիսի 31-ի լույս գիշերը նա գնացել էր Հանրապետության հրապարակ՝ Իրանից ժամանող տուրիստական զույգին դիմավորելու: Այդտեղ՝ «Կոնվերս» բանկի հարեւանությամբ, կանգնած են եղել նաեւ ներկայում ամբաստանյալ Հասսանը, նրա եղբայր Ալին ու էլի մի խումբ իրանցիներ, որոնց Ժաննան չէր ճանաչում: Տարածքում եղել են նաեւ հայ տղաներ, որոնք, ըստ Ժաննայի, նույնպես այդ ոլորտի աշխատողներ էին:   

«Ես առանձին կանգած էի, մեկ էլ իրանցին ձեռքով ցույց տվեց մեր կողմը, ասեց՝ դավայ եղեք ստեղից: Ասեցի՝ իմ հետ ե՞ս, բա՝ հա: Ասի՝ դու ո՞վ ես, ինձ ճանաչու՞մ ես կամ ի՞նչ իրավունք ունես իմ հետ էդ ձեւով խոսես: Ասի՝ ես իմ հողի վրա եմ կանգնած, հորդ տունը չի: Հենց ասի՝ իմ հայրենիքի վրա եմ կանգնած, մի այլանդակ հայհոյանք տվեց՝ էսպես անեմ հայրենիքիդ վրա: Ասի՝ կեղտոտ շուն, եկել ես իմ երկրի մեջ ապրում ես, մի հատ էլ քֆուր ես տալի՞ս: Ասեց՝ տո երկիրդ երկիր ա՞, դուք էլ գիտեք, թե մարդ եք, երկիր ունեք, թուրքերը լավ են արել, որ ձեզ մորթել են, պիտի ձեր քոքը կտրեին»,- վերհիշում է Ժաննան:

Ըստ նրա՝ հայհոյանքներից հետո իրանցին հարձակվել է իր վրա. «Խփեց ոտքիս: Հայ տղաները խառնվեցին, գոռացի՝ մարդ մոտիկ չգա, կնիկ-երեխու տեր եք: Ասի՝ հիմա սրան սպանելու են, գնան նստեն, ասի՝ տղերքի տունը չքանդվի, որովհետեւ պարսիկի շառը գիտեմ, թե ինչ ա, սրանք իրանց էությամբ ինչ են. իմ հետ չի պատահել, բայց ուրիշների կյանքում տեսել եմ, թե ինչ օյիններ են սարքում: Տղերքը հետ քաշվեցին: Պարսիկը ձեռը հանեց, որ խփի գլխիս, ձեռքս որ բարձրացրի, խփեց ձեռքիս, գլուխս որ փախցրեցի, մազերիցս բռնեց, երկրորդ անգամ որ խփեց, պաշտպանվում էի, մյուս ձեռքիս կպավ: Ձեռքերս լրիվ կապույտ էին»:

Մյուս իրանցիները փորձել են միջամտել ու անջատել նրանց, այդ ընթացքում Ժաննան օգնություն է բղավել: Տարածքում հերթապահություն անող ՊՊԾ ծառայողները մոտեցել են դեպքի վայրին:

«Որ գոռացի, ինքն ուզում էր փախներ,- պատմում է Ժաննան,-  պարսիկները խառնվել էին իրար, լիքը տուրիստներ կային իրանց հետ»: Հասսանը, ըստ տուժողի պատմածի, փորձել է արագ տաքսի նստել ու հեռանալ հրապարակից, բայց միաժամանակ բաց չի թողել Ժաննայի ձեռքը. «Իմ ձեռքը բռնել էր, ոլորել ու քաշ էր տալիս: Որ ուզում էր փախներ, տաքսու դռան ռուչկան բռնեցի, էդ ժամանակ մյուս ձեռքս էլ կծեց: Երկու ձեռքերս կծեց: Շատ ագրեսիվ էր տրամադրված, չգիտեմ՝ խմած էր, թե թրմանյութի ազդեցության տակ էր»:

Պաշտպանական կողմն այլ կերպ է ներկայացնում տեղի ունեցածը: Փաստաբան Արթուր Ալիխանյանն ասում է, որ երկու եղբայրները հրապարակում պետք է դիմավորեին իրենց հյուրերին: Հյուրերից երկուսը երբ տեղ են հասել, դիմավորողները դեռեւս հրապարակում չեն եղել: Ալիխանյանն ասում է, որ Հասսանի խնդրանքով հետագայում այդ երկուսը գրել են, թե ինչ է եղել: Գրությունը թարգմանվել է հայերեն: Ըստ այդմ՝ երբ երկուսը իջել են հրապարակում, նրանց են մոտեցել երկու տղամարդ եւ մի կին, որոնք առաջարկել են վարձով տուն դասավորել, սակայն իրենք մերժել են: Իսկ երբ մոտեցել են Հասսանն ու Ալին, անախորժություն է ծագել վերջիններիս ու հայերի միջեւ: Հայ տղամարդկանցից մեկի մոտ դանակ են տեսել, Հասսանը շտապել է տաքսի նստեցնել իրենց ու հեռանալ, սակայն մոտեցել են ոստիկանները ու վիճաբանողներին տարել են ոստիկանություն:  

Ըստ դատաբժշկական եզրակացության՝ Ժաննայի աջ դաստակի հինգերորդ մատի վրա առկա է եղել սալջարդ, աջ բազկի ներսային մակերեսին, ձախ դաստակի թիկնային մակերեսին՝ քերծվածքներ, աջ նախաբազկի վերին երրորդի առաջային մակերեսին՝ արյունազեղում։

Պաշտպանական կողմը պնդում է, որ Ժաննան նույնպես պատճառել է մարմնական վնասվածքներ: Դատաբժշկական եզրակացության մեջ գրված է Հասսանի ստացած դեմքի ճանկռվածքների մասին: Փաստաբան Արթուր Ալիխանյանը նշում է, որ դիմել են նախաքննական մարմնին՝ Զաքարյանի հանդեպ նույնպես քրգործ հարուցելու վերաբերյալ, սակայն դիմումը քննիչ Է. Այվազյանը մերժել է: Ժաննան պնդում է, որ ինքը ըմբշամարտիկին չի կարողացել ֆիզիկապես հակադարձել: Իսկ շրթունքի քերծվածքի մասին ասում է, որ եթե ամբաստանյալը կծել է երկու ձեռքն էլ, ապա շատ հնարավոր էր, որ այդ ժամանակ եղունգը կպած լինի շրթունքին:

Վիճաբանողներին ոստիկանները տարել են Կենտրոնականի բաժին: Տուժողի պատմելով՝ հետաքննիչը չի ցանկացել, որ նշվի երկրի հասցեին հայհոյանքների մասին, քանի որ գործն այդ դեպքում քաղաքական աստառ կստանար: Սակայն Ժաննան շեշտում է, որ ավելի շատ նեղվել է հենց այդ հայհոյանքներից ու չի կարող դա կուլ տալ: Երկու հայ վկաները՝ Կարենն ու Գուրգենը, նույնպես ցուցմունք են տվել նախաքննական մարմնին ու դատարանում, որ ծեծից բացի եղել են նաեւ հայհոյանքներ: Այդուհանդերձ, քրեական գործը հարուցվել է Քր.օր.-ի 117 հոդվածով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»): Իրանի քաղաքացու հանդեպ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 

«Ոստիկանությունում ինքը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի սպորտսմեններից եմ, իմ մեջքին ինքն է կանգնած, դու ինձ ոչ մի բան չես կարող անես: Բայց ես չուզեցա Ծառուկյանի անունը շահարկել»,- պատմում է Ժաննան: Սրան ի պատասխան՝ իրանցու դատապաշտպան Ա. Ալիխանյանը ժպտում է՝ ասելով, որ առաջին անգամ է նման բան լսում Ծառուկյանի մասին: Նույնը ասում է նաեւ ըմբշամարտիկը: Ալիխանյանը շեշտում է, որ Պոլիտեխնիկի շրջանավարտ, գործող մարզիկ Հասսանը մրջազգային միցումներում ներկայացնում է մեր երկիրը, իսկ նրա եղբայրը ըմբշամարտի մրցավար է կրկին մեր երկրից, ուրեմն այդ դեպքում էլ ինչ հայհոյանքների մասին կարող է խոսք լինել:

Պաշտպանական կողմը պնդում է, որ Ժաննան ինքն է վեճ հրահրել՝ մտածելով, թե եղբայրները փորձում են «փախցնել իր կլիենտներին», այնինչ դրանք եղել են նրանց հյուրերը: Իսկ կծելը զուտ պաշտպանական քայլ է եղել, քանի որ կինը մի ձեռքով պահել է մեքենայի դուռը, որպեսզի այն չհեռանա, մյուսով սկսել է ճանկռել Հասսանին: Ա. Ալիխանյանն ասում է, որ ծեծ չի եղել, ոտքին ու գլխին ստացած հարվածների մասին դատաբժիշկը ոչինչ չի գրել, քանի որ նման բան չի եղել, իսկ ձեռքերի վնասվածքները, ըստ նրա, «մեքենայի ապակուց կախվելու» արդյունք են: Դատարանում մեղադրյալի եղբայրը նույնպես շեշտեց, որ տեսել է, թե ինչպես է Ժաննան ճանկռում Հասսանին, բայց չի տեսել, որ նա կծել է կնոջը:

Ժաննան շեշտում է, որ ոչ մեկին չի մոտեցել, տուն չի առաջարկել, իր համար կանգնած սպասել է իրանցի ամուսնական զույգին, որին պիտի դիմավորեր: Ապացուցելու համար, որ ինքը կապ չի ունեցել եղբայրների հյուրերին բերող վարորդի հետ, չի զանգահարել ու չի էլ ճանաչում նրան, ինչպես նշում է պաշտպանական կողմը, Ժաննան միջնորդել է դատարանին ձեռք բերել իր հեռախոսահամարի ստացած ու հավաքած համարները: Դատարանը բավարարել է միջնորդությունը, սակայն որոշել է ստանալ նաեւ ամբաստանյալի ու վկաների հեռախոսների զանգերի մանրամասները: «Իրանք բրոկեր են, էստեղ վարձով բնակարաններ են տալիս: Էստեղ են ապրում (Իրանի Մաշադ քաղաքում գրանցված այս անձինք փաստացի ապրում են Երեւանում- հեղ.), էստեղ մնացող պարսիկները հիմնականում էդ գործի վրա են, հետո եմ պարզել: Իրանք ասում են, թե ուզեցել եմ կլիենտ փախցնել: Էդ փողն իմ առողջությունից թանկ չի: Հարյուր տարի էլ մնար, ես իմ առողջությունը չէի վտանգի»,- պատմում է Ժաննան:

Իրանցիները իրենց ցուցմունքներում նշել են, որ հայ տղաներից մեկի մոտ դանակ է եղել: Ամբաստանյալը նշել է, որ իր փախչելու փորձը եղել է հենց նրա հետեւանք, որ իրա վրա փորձել են հարձակվել դանակով: Սակայն այս դրվագով հակասություններ կան: «Դատախազի հարցին, թե ինչ ձեւի դանակ էր, ինչ էին անում, ինքն ասում է՝ չգիտեմ, ձեռքին կանգնած էր: Մեկն ասում է՝ Կարենի մոտ էր (Կարենը հերքել է դա- հեղ.), ախպերը թե՝ վարորդի մոտ էր»,- պատմում է Ժաննան: Եթե մեղադրյալն ասում է, որ տեսել է, ապա եղբայրը նշում է, որ լսել է այդ մասին մյուսներից: Ընդ որում՝ պաշտպանական կողմը միջնորդել է վկայակոչել վերը նշված երկու իրանցիներին, որոնք նույնպես նշել են դանակի մասին ու գրել, որ եղել են եղբայրների հյուրերը: Սակայն դատարան կանչել նրանց առայժմ չի հաջողվում: Առաջիկայում Նովրուզի տոնակատարություններն են, եւ դեռ հարց է, թե արդյոք այդ երկու անձինք իբրեւ վկա կգան Հայաստան, քանի որ կա ճանապարհածախսի խնդիր:  

Տուժողն ու ամբաստանյալը չեն հաշտվում: Փաստաբան Ա. Ալիխանյանն ասում է, որ կողմերին ուղղված հաշտության առաջարկին ի պատասխան Ժաննան ասել է, թե ամբաստանյալը թող 10.000 դոլար փոխանցի մանկատներից մեկին, սակայն քանի որ Քր.օր.-ի 117 հոդվածով տուգանքը 50.000-150.000 դրամ է, ապա իրենց համար նախընտրելի է մուծել տուգանքը: Իսկ կինը շեշտում է, որ ինքն այդ բանը ասել է առանձին խոսակցության ժամանակ, երբ մյուս կողմն առաջարկում էր գումարով համաձայնության գալ:      

«Հետաքննիչը առաջարկեց հաշտվել, հետո դատախազը առաջարկեց, իր փաստաբանն ու թարգմանիչն են մոտեցել, առաջարկել փողով հաշտվել: Ասի՝ ես չեմ կարա իր ասածները ներեմ, դատավորը առաջարկեց, մերժեցի»,- ասում է տուժողն ու հավելում, որ դատավոր Պապոյանը ընմիջման ժամանակ նաեւ առանձնազրույց է ունեցել վկաներ Կարենի ու Գուրգենի հետ՝ վերջիններիս փորձելով համոզել, որ իրեն հաշտության բերեն:

Ժաննան մի բան է ուզում. Հայաստանից վտարել երկրի հասցեին նման հայհոյանք տված իրանցուն: Նա ասում է, որ մյուսների հետ ոչ մի խնդիր չունի, բայց այդ անձը պիտի Հայաստանում չապրի, ու ինքը բողոքելու եւ պայքարելու է այնքան, մինչեւ իրանցին ստանա իր հասանելիքը:  

Մեկնաբանություններ (2)

Սոֆիա
Եվ դատարանը չի կողմնորոշվում հայրենիքը վիրավորոծ, իր երկրում ապրող քաղաքացուն վիրավորած տականքին ինչպես դատել; Այդ ստահակը մեզ բոլորիս է վիրավորել, այսօր Ժաննային, վաղը ինձ. Ես զարմանում եմ այդ տականքի պաշտպանի վրա, ինքը քույր ու մայր չունի; Խնդրում եմ Ժաննային մինչեվ վերջ պայքարի
GAGIK
Համոզված եմ եթե հայը Իրանում իրեն նման ձևով պահեր կաշին կքերթեին, Երեկոյան եթե շրջես քաղաքում կտեսնես դրանց լկտի պահվածքը.Երևի իրանցիները համոզվել են որ Հայաստանում փողով ամեն հարց կարելի է լուծել.....Ցավալի է բայց փաստ է որ հայը անպաշպան է նույնիսկ իր < ԱՊԱՀՈՎ >երկրում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter