HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումնավարժություն՝ Մանկավարժականում. ավելի քան 1200 ուսանող արագ տարհանվում է

Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիվ 3 ուսումնական շենքում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման թեմայով։

Ուսումնավարժության նպատակն էր բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները ղեկավարող անձանց հմտությունները, կատարելագործել Փրկարար ծառայության արձագանքող ուժերի հմտությունները, նաև գործնականում ստուգել համալսարանի քաղպաշտպանության ծրագրերով նախատեսված գործողությունների իրականացումը:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԻՆ-ի Փրկարար ծառայության Երևանի փրկարար վարչության թիվ 3 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատները, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները, «Երևանգազ», «Երևանջուր» և «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունների վթարային ծառայությունների հերթապահ խմբերը, ինչպես նաև մանկավարժական համալսարանի աշխատակիցները:

Ուսումնավարժությանը ներկա էին ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ըստ սցենարի՝ մանկավարժական համալսարանի 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկի խորհրդակցությունների դահլիճում հրդեհ է բռնկվում, որը տարածվում և գրավում է մոտ 100 քմ տարածք: Ներսում գտնվող դասախոսական կազմն ու 1200-ից ավելի ուսանողներ արագ կարգով տարհանվում են:

Դեպքի վայր ժամանեց երեք մարտական հաշվարկ, երկու ավտոբաք և մեկ ավտոսանդուղք: Հրշեջ-փրկարարներն արագ կազմակերպեցին ներսում մնացած մարդկանց տարհանումն ու կինոլոգների միջոցով իրականացրին հետախուզություն: Միաժամանակ սկսվեցին նաև հրդեհաշիջման աշխատանքները:

Հետախուզության արդյունքում պարզվեց, որ կա վեց «տուժած», որոնք ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և այլ վնասվածքներ: Նրանցից չորսին փրկարարները պարաններով իջեցրին 3-րդ հարկի, իսկ երկուսին ավտոսանդուղքի միջոցով՝ 4-րդ հարկի պատուհաններից։ ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության աշխատակիցների կողմից «տուժածներին» առաջին բուժօգնություն ցուցաբերվելուց հետո վերջիններս շտապօգնութան մեքենաներով տեղափոխվեցին համապատասխան բուժհիմնարկներ:

«Մենք շատ ենք կարևորում մեր ուսանողների և դասախոսների անվտանգությունը: Նրանք պետք է ճիշտ կողմնորոշվեն հրդեհի դեպքում: Սա լավ առիթ էր աղետի դեպքում սեփական վարքականոններին ավելի լավ ծանոթանալու համար: Այս միջոցառումը շատ բարձր մակարդակով անցկացվեց, իսկ հայ փրկարարները հերթական անգամ ցույց տվեցին իրենց պրոֆեսիոնալիզմն ու բարձր կարգը»,- ասաց մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

«Նմանօրինակ միջոցառումներ կանցկացվեն նաև այլ համալսարաններում, դպրոցներում, ինչպես նաև սահմանամերձ և հեռավոր գյուղերի ուսումնական հաստատություններում: Ընդհանուր առմամբ՝ այսօրվա ուսումնավարժության արդյունքները գնահատում եմ դրական»,- ասաց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter