
Վկան ամբաստանյալի գործողություններում բարձրախոսը նետելու մտադրություն չի նկատել
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց Ստեփան Հովակիմյանի գործը:
Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հուլիսի 26-ին՝ Երևանի Տիգրան Մեծի 23/1 հասցեում գտնվող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 նիստերի դահլիճում ընթացող դատաքննության ժամանակ, մասնակցելով որպես ամբաստանյալ (ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի և 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով), խափանելով դատաքննության նորմալ ընթացքը, իր մոտ եղած ածելիով վնասել է ձախ ձեռքի նախաբազուկը, ապա վերցնելով սեղանին դրված բարձրախոսը՝ դրանով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանին հարվածելու դիտավորությամբ փորձել է նետել նրա ուղղությամբ, ինչը կանխել են ծառայություն իրականացնող ոստիկանները և դատական կարգադրիչները, այնուհետև մոտենալով Սամվել Հարությունյանին ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, նրա կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ոտքով հարվածել է կոնքին, այսինքն կատարել է արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։
Գործով որպես վկա դատարան հրավիրված Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը, ովքեր դեպքի օրը դատարանում պաշտպանել են տվյալ գործով այլ ամբաստանյալի շահեր, հրաժարվեցին ցուցմունք տալ՝ պատճառաբանելով, ով փաստաբանական գաղտնիք կբացահայտեն:
Հովակիմյանի պաշտպան Արամ Ճուղուրյանի միջնորդությամբ որպես վկա դատարան հրավիրված Իսահակ Խաչատրյանը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտում» մշտադիտարկումներ է իրականացնում: Դատավարության օրը նիստերի դահլիճում է եղել:
Իր վկայության մեջ Խաչատրյանը նշեց, որ մինչ դատավարությունը չի ճանաչել ամբաստանյան Հովակիմյանին և նրա հետ չունի որևէ փոխհարաբերություն: Խաչատրյանի խոսքով՝ երբ Հովակիմյանին դահլիճ են բերել, նա այնպիսի տեսք չի ունեցել, ինչպիսին մյուս գրեթե բոլոր նիստերին, որոնց ինքը ևս մասնակցել է: Իր հիշելով՝ Հովակիմյանն անգամ չի բարևել ոչ ոքի: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ փաստաբան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել վերսկսել արդեն ավարտված դատաքննությունը և հարցաքննել ամբաստանյալ Վահրամ Քերոբյանի մորը: Մեղադրող Սամվել Հարությունյանը կողմ է արտահայտվել միջնորդությանը, իսկ Հովակիմյանի պաշտպանը՝ ոչ:
Ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Հովակիմյանը իր մոտ եղած ածելիով վնասել է իրեն, ապա վերցրել բարձրախոսը ու նորից դրել տեղը: Դատավոր Արշակ Վարդանյանի հարցին, թե ինչպես կբացատրի այն հանգամանքը, որ դեպքի օրը դատարանի դահլիճում ներկա գնտվողներից ոմանք ցուցմունք են տվել այն մասին, որ Հովակիմյանը բարձրախոսը փորձել է ներտել մեղադրողի ուղղությամբ, Խաչատրյանը նշեց, որ պարտավոր չէ մեկնաբանել այլ անձանց տված ցուցմունքները, բայց ինքը Հովակիմյանի գործողություններում բարձրախոսը նետելու մտադրություն չի նկատել, ասում է այն, ինչ տեսել է:
Անդրադառնալով Սամվել Հարությունյանին հարվածելու հետ կապված հանգամանքներին՝ վկան կարծիք հայտնեց, որ Հովակիմյանը չէր կարող հարվածել նրան կամ եթե հարվածել է, ապա շատ հանկարծակի, քանի որ նա շրջապատված է եղել ոստիկաններով: Հովակիմյանի ինքնավնասումից հետո մի կին դահլիճում վատ է զգացել իրեն: Խաչատրյանը շրջվել է դեպի այդ կինը, որից հետո երբ նորից շրջվել է դեպի դատարանի կողմը, տեսել է, որ մեղադրողը փորձում է ձախ ձեռքով ոստիկանների շարքի վրայով հարվածել Հովակիմյանին, որից հետո դուրս է եկել նիստերի դահլիճից՝ իր հետ տանելով նաև պայուսակը: Խաչատրյանի կարծիքով՝ մեղադրողը դահլիճի կենտրոնում էր հայտնվել, քանի որ ցանկացել էր դուրս գալ: Հետո դահլիճում ներկա գտնվողները Խաչատրյանին ասել են, որ Հովակիմյանը ոտքով հարվածել է մեղադրողի կոնքին:
Նա հիշում է, որ դատավոր Մխիթար Պապոյանը ընդմիջում է հայտարարել և կարգադրել հրավիրել շտապօգնություն: Սակայն չի կարողանում մտաբերել՝ մեղադրող Հարությունյանը ընդմիջում հայտարարելուց հետո՞ է դուրս եկել նիստերի դահլիճից, թե՞ դրանից առաջ:
Խաչատրյանը հիշում է, որ ոստիկանները փորձել են ներսում հանգստացնել Հովակիմյանին, նրան հագցրել են ձեռնաշղթաներ, որոնք իր հիշելով՝ հետո հանել են:
Անդրադառնալով Հովակիմյանի հոգեվիճակին՝ Խաչատրյանը կարծիք է հայտնում, որ նա չէր գիտակցում, թե ինչ է անում, անիմաստ շարժվում էր:
Այսօրվա նիստին դատարան էր հրավիրվել նաև նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Վահրամ Քերոբյանն, ով այժմ ազատության մեջ է: Դրա վերաբերյալ դատավորը նշեց, որ նրան ծանուցում ուղարկվել է, բայց դրա ստացման վերաբերյալ դատարանը հավաստագիր չի ստացել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 22-ին: Այդ նիստի ժամանակ դատարանը կաշխատի ապահովել Վահրամ Քերոբյանի ներկայությունը:
Արաքս Մամուլյան
ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս
Մեկնաբանել