HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի գյուղական բնակչությունը մասնագիտացված բուժօգնություն կստանա տեղերում

Այսօր տեղի ունեցավ Արցախի կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը:

Կառավարության հավանությանն արժանացան «Հողի հարկի մասին» և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Վերջին օրինագծով հստակեցվում են լիազոր և տարածքային մարմինների լիազորությունները, և կարգավորվում հուշարձանների սեփականատերերի իրավունքները:

Գործադիրը հաստատեց Արցախի պետական բարձրագույն, նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ՀՀ բուհերում Արցախին հատկացվելիք 2013-14 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով անվճար, վճարովի և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքներով առկա և հեռակա ուսուցմամբ տեղերը:

Հնչեցին առաջարկություններ պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով ՀՀ բուհերում պահուստային ֆոնդից տեղեր հատկացնելու վերաբերյալ: Նիստում սահմանվեց նաև ուսուցիչների ատեստավորման անցկացման կարգը: Մարտի 15-ից կսկսվի հանրապետության տարբեր դպրոցների շուրջ 900 ուսուցչի ատեստավորումը:

Մեկ այլ որոշում ընդունվեց' ելնելով զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն ամենամսյա դրամական օգնության, ինչպես նաև որոշման այլ դրույթների կիրարկման ժամանակ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից:

Մինչ այժմ զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամներին, որոնց կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի փոխարեն սահմանված ամենամսյա դրամական օգնության իրավունքը ծագել է 2011թ. օգոստոսից հետո, Արցախի զինկոմիսարիատը կենսաթոշակ կամ դրա փոխարեն ամենամսյա դրամական օգնություն չի նշանակել՝ բյուջետավորման գործընթացի հետ կապված։ Որոշմամբ նախատեսվում է բավարարել այդ քաղաքացիների դրամական հասանելիքը, ովքեր կդիմեն և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կներկայացնեն մինչև 2013թ. մայիսի 1-ը:

Նաև հաստատվեցին 2013թ. գյուղական բնակչությանը մասնագիտացված բուժօգնության կազմակերպման ծրագիրը և ժամանակացույցը: Ծրագրի շրջանակներում հանրապետության գյուղական բնակչությունը տեղում կստանա բուժօգնություն: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter