Նաիրա Զոհրաբյանը չեխ պաշտոնյաներին խորհուրդ տվեց Խոջալուի հարցում խորհրդակցել չեխ լրագրող Մազալովայի հետ
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 12-ին հանդիպեց Չեխիայի ԱԳՆ Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան և Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը:
Հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանն իր վրդովմունքը հայտնեց փետրվարի 7-ին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Խոջալուի վերաբերյալ ընդունած բանաձևի առնչությամբ:
«Ցավում եմ, որ Չեխիայի խորհրդարանի այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել այս անհեթեթությանը, ուղղակիորեն ընկել են թուրքաադրբեջանական նավթադոլարային և խավիարային քարոզչության ազդեցության տակ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա խորհուրդ տվեց Խոջալուին առնչվող դեպքերում առնվազն խորհրդակցել չեխ լրագրող Դանա Մազալովայի հետ, ով կարող է օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել կատարվածի իրական կազմակերպիչների և պատասխանատուների մասին:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ հասկանալի է, որ Չեխիա ներկրվող նավթի 25 տոկոսը Ադրբեջանից է, և Չեխիան Ադրբեջանի հետ կապված ունի որոշակի էներգետիկ շահեր: Այդուամենայնիվ, «եթե ցանկանում ենք իրապես ունենալ եվրոպական ընտանիք, ապա պետք է ուղղակիորեն թույլ չտալ, որ նման խայտառակ բանաձևեր ընդունվեն Եվրամիության անդամ երկրի խորհրդարանում»: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել