HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնակիչները մինչև վերջ պայքարելու են, որ «Մեծ մահակ» ՍՊԸ-ն մոթել չկառուցի իրենց միակ կանաչ տարածքում

Մարտի 14-ին՝ ժամը 10:30-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Սուրենյան փողոցում գտնվող Հակոբ Պարոնյանի անվան պուրակի վերաբերյալ դատական նիստը:

Շուրջ 1 տարի է, Սուրենյան փողոցի բնակիչները համառորեն պայքարում են «Մեծ մահակ» ՍՊԸ-ի դեմ՝ ապօրինի ցանկապատը քանդելու, ծառահատումներն արգելելու, մինչ և իրավունքի խախտումը եղած դրույթները վերականգնելու և շինարարական թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով:

Մեծագույն լկտիությունն այն է, որ հատվող ծառերի և մանկական խաղահրպարակի փոխարեն քաղաքի դեմքն այլանդակող հերթական կառուցապատողը պատրաստվում է մոթել կառուցել՝ այստեղից բխող բոլոր «հաճելի երևույթներով»:

Պայքարի շրջանակներում փետրվարի 23-ին Սուրենյան փողոցի փոքրիկ բնակիչները կազմակերպեցին բողոքի ակցիա՝ մանկական նկարների ցուցահանդես «Մանուկներ, արև, ծառեր» խորագրով՝ ընդդեմ պուրակի ապօրինի օտարման և մասնավոր կառուցապատման: Ակցիայի արդյունքում ապօրինի ցանկապատը քանդվեց:

Սակայն «իրավական ցանկապատը» դեռևս շարունակում է դամոկլեսյան սրի նման կախված մնալ մի քանի բազմաբնակարանային շենքերի համար միակ խաղահրապարակ հանդիսացող փոքրիկ օազիսի գլխին: Բնակիչները պատրաստ են մինչև վերջ պայքարելու, որպեսզի փոխվի պուրակի կարգավիճակը և այն նորից վերադարձվի հանրությանը, երեխաներին ու ծերերին:

Դատական այս նիստը վճռորոշ կլինի Հ. Պարոնյանի պուրակի համար: Այդ պատճառով հայցում ենք բոլոր ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և, առհասարակ, գիտակից քաղաքացիների աջակցույթունը: Եկեք և օգնենք մեզ փրկելու իմ, քո, նրա, բոլորիս ծառերը, ինչպես նաև իրավունքները:

«Փրկենք Սուրենյան փողոցի Հակոբ Պարոնյանի պուրակը» քաղաքացիական նախաձեռնություն

Լուս.՝ econews.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter